Թուրքիա․ Ռազմական համաձայնագրերը՝ որպես արտասահմանյան շուկաներ էքսպանսիայի մեխանիզմ

«Թուրքիան հպարտությամբ իր անունը գրել է պատմության մեջ՝ որպես այն երկրներից մեկը, որի աստղը վառ փայլում է գլոբալ մակարդակով պաշտպանության, ավիացիայի և տիեզերքի ոլորտներում»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով SAHA EXPO 2026 պաշտպանական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության 5-րդ միջազգային ցուցահանդեսում:

Բոսֆորի ափերին ներկայացված է 1763 ընկերություն, որից 1500-ը՝ թուրքական, և 263-ը՝ արտասահմանյան, 203 նոր ապրանքատեսակ, 192 պաշտոնական պատվիրակություն, 108 գնման պատվիրակություն, կնքվել է 182 համաձայնագիր, միայն արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել 6 մլրդ դոլարի չափով։ Իշխող թիմի վաստակն առանց գովազդի չի անցել․

«Տեսեք, երբ մենք իշխանության եկանք, պաշտպանության և ավիացիայի ոլորտում մեր արտահանումը տարեկան կազմում էր ընդամենը 248 միլիոն դոլար։

Թուրքիան մի երկիր էր, որը 80 տոկոսով կախված էր պաշտպանական արդյունաբերության ներմուծումից։ Տարիների ընթացքում մենք նվազեցրել ենք մեր կախվածությունը ներմուծումից և ամբողջությամբ փոխել ենք այս իրավիճակը։ 2025 թվականին պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումը մեր պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 10 միլիարդ դոլարը… Պաշտպանության և ավիացիայի ոլորտում մեր արտահանումն ապրիլին աճել է մինչև 962 միլիոն դոլար»:

Կարդացեք նաև

Այս տարվա առաջին 4 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 28 տոկոս աճ։ Այսպիսով, առաջին 4 ամիսների ընթացքում սպառազինությունների արտահանումը կազմել է 2 մլրդ 871 մլն դոլար։ 23 տարի առաջ ռազմական արտահանումը կազմել է 248 մլն դոլար մեկ տարվա ընթացքում, այսօր դա մեկ շաբաթվա ցուցանիշն է.

«Կարճաժամկետ հեռանկարում մեր նպատակն է՝ գերազանցել 11 միլիարդ դոլարի նշագիծը և հայտնվել այս ոլորտում աշխարհի 10 առաջատար երկրների շարքում: Հուսով ենք՝ մեր միջազգային համագործակցության ընդլայնման, մեր էկոհամակարգի խորացման և արտադրական հզորությունների ավելացման շնորհիվ մենք կհասնենք նաև այդ նպատակին»:

Թուրքիայի առաջնորդը, որի շրջապատը գրեթե ամբողջությամբ վերահսկում է ռազմաարդյունաբերական համալիրը, վերահսկել է արտասահմանյան պետությունների հետ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին տասնյակ երկկողմ համաձայնագրերի ստորագրումը՝ ընդլայնելով Անկարայի հնարավորությունները սպառազինությունների վաճառքի և ռազմական տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում, գրում է Nordic Monitor-ի գլխավոր խմբագիր Աբդուլա Բոզգուրթը: Հաճախ պետության ղեկավարն ինքը հանդես է գալիս իր փեսայի՝ Baykar ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարի արտադրանքի վաճառողի դերում, որը ներառվել է Թուրքիայի ամենահարուստ մարդկանց տասնյակում, ըստ Forbes-ի 2026 թվականի թարմացված վարկանիշի, որն արտացոլում է նրա կարողության կտրուկ աճը ռազմական դրոնների արտահանման հաշվին։

Թուրքական պաշտպանական ոլորտի շատ այլ ընկերություններ նույնպես ղեկավարվում են Էրդողանին մոտ կանգնած մարդկանց կողմից, որոնք օգտվում են կառավարության և պետական իշխանության մարմինների հետ սերտ փոխգործակցությունից հնարավոր բոլոր արտոնություններից։

Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագրերը հիմք են ստեղծում արտերկրում թուրքական ռազմական արտադրանքի առաջխաղացման համար՝ ապահովելով արտոնյալ հասանելիություն օտարերկրյա պաշտոնյաներին և գնումների ցանցերին՝ իշխանության հետ կապված բիզնես կառույցների համար:

«Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանական արդյունաբերության համագործակցության մասին համաձայնագիրը», որը սպասում է Թուրքիայի խորհրդարանում քվեարկությանը, պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է պայմանավորվածությունների ցանցն օգտագործվում թուրքական պաշտպանական կապալառուների համար նոր շուկաներ բացելու և նրանց արտասահմանյան արտադրական և տեխնոլոգիական համագործակցության սխեմաներում ինտեգրվելու համար:

Համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2022 թվականի մարտի 25-ին Թուրքիայի այն ժամանակվա պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրի կողմից, ով ԱՄՆ պատժամիջոցների տակ էր հայտնվել Ռուսաստանից հրթիռների խոշոր գնումներին մասնակցելու համար և Բրազիլիայի պաշտպանական արտադրանքի քարտուղար Մարկոս Ռոզաս Դեգաութ Պոնտեսը։

Փաստաթուղթը նախատեսում է փոխգործակցության լայն ձևաչափ, որը ներառում է համատեղ հետազոտություններ, ռազմական համակարգերի մշակում և արտադրություն, տեխնոլոգիաների փոխանցում և արդյունաբերական փոխգործակցություն, սպառազինությունների գնում և արդիականացում, տեխնիկական գիտելիքների և տվյալների փոխանակում, մասնակցություն պաշտպանական ցուցահանդեսներին և ինստիտուցիոնալ փոխանակումներին:

Համաձայնագիրն ավելի լայն մոտեցման մի մասն է, որն արտացոլում է Անկարայի գիծը միջպետական համաձայնագրերի սերտ կապին ազգային ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի առաջխաղացման հետ: Համաձայնագիրն ուղարկելով խորհրդարան՝ վավերացման 2026 թվականի հունվարի 16-ին, Էրդողանն ուղղակիորեն նշել է, որ «այն ուղղված է թուրքական պաշտպանական արդյունաբերության ընկերությունների կողմից արտադրվող պաշտպանական համակարգերի շուկայական հնարավորությունների ապահովմանը»:

Վերջին տասնամյակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը խորը վերափոխման է ենթարկվել. որոշումների կայացումն ու գնումների ոլորտում լիազորությունները գնալով հասցեագրվում են պաշտպանական արդյունաբերության գործակալության (Cumhurbaşkanlığı Savunma Sanayii Başkanlığı, SSB) վրա, որն ուղղակիորեն կապված է Էրդողանի գրասենյակի հետ:

Միայն 2025 թվականին «մենք անցկացրել ենք շուրջ 401 երկկողմ հանդիպում 94 երկրների ներկայացուցիչների հետ, 17 հանդիպում պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ, մասնակցել 22 գլոբալ միջոցառումների, իրականացրել շուրջ 17 բազմազգ միջոցառումներ և անցկացրել 21 ոլորտային օր, ինչպես նաև, որպես պաշտպանական գնումների խորհուրդ, ուղեկցել ենք Էրդողանին յոթ արտասահմանյան այցերում»,- ասել է SSB-ի ղեկավար Հալուք Գերգյունը:

Սկսած 2026 թվականից՝ պաշտպանական և ավիատիեզերական արտահանման ավելի բարձր նպատակներ են սահմանվում՝ մեկ շնչի հաշվով գրեթե 300,000 դոլար, որը համեմատելի է աշխարհի հաջողակ արտասահմանյան պաշտպանական ընկերությունների հետ։

Ենթադրվում է՝ ընթացիկ տարում թուրքական պաշտպանական արդյունաբերությունը կհաղթահարի մի շարք ռազմավարական կարևոր նախագծերի առանցքային սահմանները, ներառյալ՝ KIZILELMA անօդաչու մարտական ապարատը, KAAN ազգային կործանիչը և դրա համար սեփական շարժիչի մշակումը, ինչպես նաև այլ առաջնահերթ ուղղություններ, հայտնել է Գերգյունը «2025 թվականի արդյունքները և 2026 թվականի նպատակները» թեմայով մամուլի ասուլիսում՝ երկրի պաշտպանական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության գլոբալ ռազմավարություններին նվիրված 5-րդ համաժողովի շրջանակներում:

Քննադատները պնդում են՝ ձևավորվող մոդելը թույլ է տվել ընկերություններին, որոնք սերտորեն կապված են Ակ-սարայի հետ, ձեռք բերել «համեղ» պայմանագրեր՝ այդպիսով անհամաչափ օգուտ քաղելով պետական համաձայնագրերի միջոցով ձևավորված միջազգային գործընկերություններից:

Բրազիլիայի հետ գործարքը գործնականում արտացոլում է այս մոտեցումը: Դրանում ուղղակիորեն նշվում է «կողմերի պաշտպանական արդյունաբերության կարողությունների բարձրացման» նպատակը՝ մշակման, արտադրության, գնումների և ռազմական լոգիստիկայի ոլորտում համագործակցության միջոցով, ինչը փաստորեն թուրքական ընկերություններին հնարավորություն է տալիս մուտք գործել Լատինական Ամերիկայի խոշորագույն երկրի պաշտպանական շուկա և արդյունաբերական բազա։

Վերևում նշվեց՝ դրույթներից մեկը թույլ է տալիս համատեղ մշակված համակարգերն արտահանել երրորդ երկրներ։

Համաձայնագրի իրականացման գործում կարևոր դեր է հատկացվում թուրքական SSB-ի և Բրազիլիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ հանձնաժողովին, որը կոչված է առաջնահերթություններ սահմանել, համակարգել նախագծերի իրականացումը և երկկողմ փոխգործակցությունը՝ ապահովելով քաղաքական պայմանավորվածությունների իրականացումը կոնկրետ գործերով:

Թուրքիայում կառավարման կենտրոնացված համակարգը զգալի լծակներ է տալիս «անհրաժեշտ» ընկերությունների կողմից պաշտպանական նախագծերի իրականացման համար՝ դրանով իսկ ամրապնդելով կապը քաղաքական իշխանության և ռազմարդյունաբերական հատվածի միջև։

Չնայած համաձայնագիրը պարունակում է դրույթներ, որոնք սահմանափակում են պաշտպանական նյութերի և գաղտնի տեղեկատվության փոխանցումը երրորդ կողմերին՝ առանց փոխադարձ համաձայնության, միևնույն ժամանակ այն թույլ է տալիս ճկունություն ցուցաբերել համատեղ արտահանման և տեխնոլոգիաների փոխանակման կազմակերպման գործում: Փաստաթուղթը նաև սահմանում է մտավոր սեփականության կանոնները, որոնք թույլ են տալիս առևտրայնացնել համատեղ մշակված տեխնոլոգիաներին՝ միաժամանակ պաշտպանելով իրավունքներն առանձին համաձայնագրերի միջոցով։

Բրազիլիայի հետ համաձայնագիրը մոտավորապես 90 նմանատիպ պայմանագրերից մեկն է, որը ստորագրվել է Անկարայի կողմից վերջին տարիներին՝ Թուրքիան զենքի համաշխարհային առաջատար արտահանողներից մեկը դարձնելու ակտիվ արշավի շրջանակներում, ինչը թույլ է տալիս նվազեցնել զենքի գործարքների կնքման խոչընդոտները, նպաստել տեխնոլոգիաների փոխանցմանը և երկարաժամկետ կախվածություն ձևավորել համատեղ արտադրության մեխանիզմների միջոցով:

Էրդողանի կառավարության կառուցած համակարգում միջազգային համաձայնագրերը դառնում են թուրքական ընկերությունների կողմից շահավետ պայմանագրերի ստացման, արտերկրում ներկայության ընդլայնման, եկամուտների ավելացման մեխանիզմ, և այլն։

Բրազիլիայի հետ համաձայնագիրը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է այս մոդելը գործնականում գործում՝ երկկողմ դիվանագիտությունը վերածելով արդյունաբերական հզորության պրոյեկտման և սպառազինությունների համաշխարհային շուկայում Թուրքիայի ազդեցության ընդլայնման գործիքի՝ այս անգամ տարածելով այն Լատինական Ամերիկայում, եզրափակում է Բոզգուրթը։

Մեկ այլ բնութագրական օրինակ է Ինդոնեզիան՝ իր բազմաստիճան ռազմական գնումների համակարգով: 2025 թվականի հունիսի 11-ին Ջակարտայում պաշտպանության նախարար Շաֆրի Շամսուդինը և Հալուկ Գերգյունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որն իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր չէ։ Հունիսյան համաձայնագիրը չուներ պարտավորեցնող պայմանագրի ուժ և կրում էր առավելապես քաղաքական բնույթ։

2025 թվականի հուլիսի 26-ին Ստամբուլում IDEF-2025-ի շրջանակներում կողմերն արդեն կնքել են արտահանման համաձայնագիր՝ ավելի իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ, սակայն նաև լիարժեք արտադրական պայմանագիր։ Դրան նախորդել էր միջկառավարական համաձայնագիրը նույն թվականի հունիսի 11-ին Ջակարտայում՝ 2025 թվականի ապրիլին նախագահներ Էրդողանի և Սուբիանտոյի բանակցությունների արդյունքներով INDO Defense 2025 ցուցահանդեսի ժամանակ։

Turkish Aerospace Industries-ի (TAI/TUSAS) ղեկավար Մեհմեդ Դեմիրոգուի խոսքով՝ մատակարարումները կազմել են մոտ 100 մլն դոլար։ Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի համար թուրքական «հինգերորդ սերնդի» կործանիչները կսկսվեն TEI-TF35000 ազգային տուրբոֆան շարժիչի ինտեգրման ավարտից հետո:

Այսպիսով, օգտագործելով լոբբիստական լայն գործիքակազմը, Թուրքիան ձգտում է որքան հնարավոր է շուտ «փախցնել» «գլոբալ հարավի»՝ Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի հեռանկարային շուկաները։

Ստանիսլավ Կոտյոլկին

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

vpoanalytics.com

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031