Չինաստան կատարած այցից հետո Թրամփը Թայվանին զգուշացրել է ձեռնպահ մնալ անկախություն հռչակելուց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած այցից հետո Fox News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թայվանի թեմային՝ զգուշացնելով Թայբեյին, որ ամերիկյան ռազմական աջակցությանը չապավինեն, եթե կղզու անկախության հռչակումը պատերազմ հրահրի։

Հարցազրույցում Թրամփը մանրամասն պատմել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր անձնական բանակցությունների և այն մասին, թե դրանք ինչ կարող են նշանակել գլոբալ անվտանգության համար։

«Արդյո՞ք Թայվանի ժողովուրդը պետք է իրեն ավելի շատ կամ ավելի քիչ անվտանգ զգա նախագահ Սի Ծինփինի հետ Ձեր հանդիպումներից հետո»,- հարցրել է հեռուստահաղորդավարը ԱՄՆ նախագահին։

«Չեզոք։ Դա շարունակվում է արդեն երկար տարիներ»,- պատասխանել է Թրամփը՝ նշելով, որ Թայվանի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել։

«Ոչինչ չի փոխվել։ Ես կասեմ հետևյալը. ես չեմ ձգտում նրան, որ ինչ-որ մեկն անկախանա։ Եվ, գիտեք, մենք պետք է անցնենք 9500 մղոն՝ պատերազմին մասնակցելու համար։ Ես դրան չեմ ձգտում։ Ես ուզում եմ, որ նրանք հանդարտվեն։ Ես ուզում եմ, որ Չինաստանը հանդարտվի»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ, Թրամփը հրաժարվել է հայտնել՝ արդյոք կստորագրի Թայվանին 14 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության մատակարարման երկար ժամանակով հետաձգված պայմանագիրը։ Թեև օրենսդիրները նախորդ տարի նախնական հավանություն էին տվել այդ փաթեթին, Սպիտակ տունն այն առաջ չէր մղել։ Երբ սպառազինության փաթեթի հարցով սկսել են ճնշում գործադրել Թրամփի վրա, նա իր տարբերակները բաց է թողել։

«Հնարավոր է՝ ես դա անեմ։ Հնարավոր է՝ ես դա չանեմ։ Մենք պատերազմներ չենք ուզում։ Եթե ամեն ինչ թողնեք այնպես, ինչպես կա, կարծում եմ՝ Չինաստանը դեմ չի լինի դրան։ Բայց մենք չենք ուզում, որ ինչ-որ մեկն ասի. «Եկեք անկախանանք, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում են մեզ»»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031