Լավրովի թաքնված սպառնալիքը. Ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը «եվրոպական ձգտումների» ճանապարհին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի եվրոպական ձգտումներին, հայտարարելով՝ Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, Երևանը՝ վտանգում կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ՌԴ-ն Հայաստանի հետ հարաբերություններ ունի, որոնք սերտ են, բայց ոչ հեշտ։

«Այդ հարաբերությունները սերտ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ դրանք հեշտ չեն»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ պնդելով, թե Արևմուտքը փորձում է Հայաստանը, ԱՊՀ որոշ այլ անդամների նման, իրեն ենթարկեցնել, «խզել ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը»։

«Ճիշտ է, ես լսել եմ, որ վարչապետ Փաշինյանը հիշատակել է, որ ինքը զբաղված է նախընտրական գործերով և չի կարողանա մեկնել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների այդ հանդիպմանը։ Դա, իհարկե, տխուր կլիներ, քանի որ սա լավ հնարավորություն է՝ քննարկելու այն բաները, որոնք օդում կախված են»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները մայիսին կայանալիք միավորման գագաթնաժողովում կկարողանան քննարկել Հայաստանին Արևմուտքի ազդեցության գոտի ներքաշելու փորձերի հետ կապված հարցերը:

Կարդացեք նաև

«Այժմ, կարծում եմ, օպտիմալ հնարավորություն կլինի քննարկելու այն խնդիրները, որոնք առաջանում են այն պատճառով, որ Եվրոպական միությունը պնդում է Հայաստանին իր ազդեցության գոտի ներքաշելու հարցում, այդ թվում՝ այն արտոնությունները ռիսկի ենթարկելու գնով, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միության գծով։ Այս բոլոր հարցերն ազնիվ և անկեղծ քննարկելու հնարավորությունը կհայտնվի մայիսի վերջին շաբաթվա վերջին, երբ Ղազախստանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ գագաթնաժողովը»,- ասել է Լավրովը։

Այս դիսկուրսին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները պնդում են՝ ԵԱՏՄ-ն լքելու ծրագրեր չունեն, ՌԴ-ից «ապահարզանի» չեն ցանկանում դիմել։ «Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն այսօր կաթվածահար վիճակում կլիներ, որովհետև այդ կառույցում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և որևէ որոշում չի կարող ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այս հայտարարությունները Նյու Դելիում կարելի է որակել՝ որպես Մոսկվայի կողմից իրականացվող «փափուկ ուժի» և ուղիղ դիվանագիտական ճնշման միաձուլում։ Լավրովի խոսքերը, թե Երևանը «վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները», դուրս են սովորական դիվանագիտական հռետորաբանության շրջանակներից և կրում են սպառնալիքի բնույթ։

Տնտեսական արտոնությունները՝ որպես քաղաքական լծակ

Լավրովի մատնանշած «արտոնությունների կորուստն» առաջին հերթին վերաբերում է էներգակիրների սակագներին, մաքսային արտոնյալ ռեժիմներին և ռուսական շուկայի հասանելիությանը։ Սա ուղիղ ակնարկ է այն մասին, որ տնտեսական փոխշահավետությունը Մոսկվայի համար այլևս ածանցյալ է քաղաքական լոյալությանը։ Եթե նախկինում ԵԱՏՄ-ն ներկայացվում էր՝ որպես զուտ տնտեսական նախագիծ, ապա այժմ ՌԴ-ն բացահայտորեն այն օգտագործում է որպես արգելակման մեխանիզմ՝ Հայաստանի իշխանությունների արևմտյան ձգտումները զսպելու համար։

Կոնսենսուսի երկսայրի սուրը

Եթե Փաշինյանը շեշտում է, որ Հայաստանը կարող է կաթվածահար անել կառույցը՝ օգտվելով կոնսենսուսի իրավունքից, ապա Լավրովի խոսքերը հուշում են հակառակ սցենարը։ Կոնսենսուսը կարող է աշխատել նաև Հայաստանի դեմ․ ԵԱՏՄ մյուս անդամները, Մոսկվայի հորդորով կամ սեփական շահերից ելնելով, կարող են արգելափակել Երևանի համար կենսական նշանակություն ունեցող տնտեսական նախաձեռնությունները։ Լավրովի ակնարկը մայիսյան գագաթնաժողովի մասին թույլ է տալիս եզրակացնել, որ Մոսկվան պատրաստվում է «հավաքական հարցաքննության» ենթարկել Հայաստանին՝ ԵԱՏՄ անդամ երկրների նեղ շրջանակում։

«Օդում կախված հարցեր» և կտրուկ քայլերի անխուսափելիությունը

Լավրովի ձևակերպումը՝ «քննարկելու այն հարցերը, որոնք օդում կախված են», վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կուտակել է դժգոհությունների պաշար, որն այլևս չի տեղավորվում աշխատանքային քննարկումների տիրույթում։ ՌԴ ԱԳ նախարարի «տխրությունը» Փաշինյանի հնարավոր բացակայության կապակցությամբ ոչ թե անձնական ափսոսանք է, այլ քաղաքական ազդակ․ Մոսկվան այլևս հակված չէ հանդուրժել «և-և»-ի քաղաքականությունը, կամ, ինչպես ՀՀ իշխանություններն են պնդում, բալանսավորման քաղաքականությունը, սակայն, թե ինչպես Մոսկվան կկարողանա արգելափակել այդ քաղաքականությունը, դեռևս հարց է։

Սակայն մի բան ակնհայտ է, որ Ռուսաստանը որոշել է անցնել կտրուկ քայլերի։ Սա կարող է արտահայտվել «փափուկ» սանկցիաների տեսքով, որոնք իրավականորեն կարող են ձևակերպվել՝ որպես ԵԱՏՄ ստանդարտների պահանջ, բայց իրականում կլինեն քաղաքական պատժամիջոցներ։

Հայաստանի համար ստեղծվում է մի իրավիճակ, երբ ԵԱՏՄ-ից դուրս չգալու պնդումները կարող են բավարար չլինել՝ անդամակցության տնտեսական օգուտները պահպանելու համար, քանի որ Մոսկվան այժմ դնում է հարցի ուղիղ ձևակերպումը․ կա՛մ լիակատար ինտեգրացիա և հրաժարում արևմտյան վեկտորից, կա՛մ «արտոնությունների» զրոյացում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031