
Կառավարությունն էյֆորիայի մեջ է, մինչդեռ տնտեսությունը ձեռքից գնում է

Իշխանության քարոզիչներին լսելիս՝ տպավորություն է, թե Հայաստանի տնտեսությունը զարգացումների աննախադեպ տեմպերի մեջ է։ Քարոզչական փուչիկներ են հյուսում տնտեսության շուրջ. Աճերից են խոսում՝ չտեսնելու տալով այն խնդիրները, որոնց դեմ է առել տնտեսությունը։
Իշխանազավթման 7 տարիներին Հայաստանի տնտեսության մեջ իրականում աննախադեպ մտահոգիչ ու ծանր իրավիճակ է ստեղծվել։ Տնտեսությունն աճել է, իսկ տնտեսության կառուցվածքը դրանից մի միլիմետր անգամ չի բարելավվել. Կատաստրոֆիկ տեմպերով վատացել է։ Վատացել է այն պատճառով, որ տնտեսության աճերը տնտեսության իրական զարգացումների հետ կապ չեն ունեցել։ Առանցքային ճյուղերի մասնակցությունը տնտեսական աճի ու ՀՆԱ ձևավորման մեջ գնալով նվազել է։
Սա վերաբերում է այն ամբողջ ժամանակաշրջանին, երբ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը՝ խոստանալով Հայաստանը դարձնել տեխնոլոգիապես զարգացած երկիր։ Դրա փոխարեն՝ արդյունք ապահովող ու արժեք ստեղծող տնտեսության առանցքային հատվածները կորցրել են կշիռը տնտեսության մեջ։ Դա վերաբերում է առաջին հերթին մշակող արդյունաբերությանը։
2019թ. Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե մշակող արդյունաբերությունն 2008թ. ի վեր առաջին անգամ ՀՆԱ կառուցվածքում առաջինն է տնտեսության այլ ոլորտների մեջ, հասել է ՀՆԱ 12,1 տոկոսի, ինչը նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է։
Թե հաջորդող 6 տարիներին ինչքանով է վերականգնվել տնտեսության արտադրական պոտենցիալը, տեսում ենք այն ցուցանիշներում, որոնք վերջերս հրապարակեց պաշտոնական վիճակագրությունն այս տարվա առաջին կեսին տնտեսական աճի վերաբերյալ։ Համաձայն այդ հրապարակման, մշակող արդյունաբերության կշիռը տնտեսության մեջ առաջին եռամսյակում կազմել է ընդամենը 7.8 տոկոս, երկրորդում՝ 9.2 տոկոս։
Սա անհամեմատ ավելի ցածր է ոչ միայն 2019թ., այլև 2018թ. նկատմամբ։
Երբ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Հայաստանը վերածել տեխնոլոգիապես զարգացած երկրի, մշակող արդյունաբերությունը, որը տնտեսության զարգացման արժեքային հիմքն է, շատ ավելի մեծ կշիռ ուներ տնտեսության մեջ, քան 7 տարի հետո։
2018թ. առաջին եռամսյակում մշակող արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում կազմում էր 11.5 տոկոս, իսկ երկրորդում՝ 11.4 տոկոս։ Եվ սա՝ այն պարագայում, որ «թավշյա հեղափոխականները» տևական ժամանակ պարալիզացրել էին Հայաստանի ամբողջ տնտեսությունը։ Վերջին տարիներին մշակող արդյունաբերությունը կորցրել է իր նշանակությունը տնտեսության մեջ։
Բայց սա միայն մշակող արդյունաբերությանը չէ, որ վերաբերում է։ Նույնը տեղի է ունեցել մյուս առանցքային ոլորտում՝ գյուղատնտեսության մեջ։
Վերջին տվյալներով, գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է առաջին եռամսյակում հազիվ 3.6 տոկոս, երկրորդում՝ 7.4 տոկոս։ Մինչդեռ, 2018թ. առաջին եռամսյակում՝ 6, իսկ երկրորդում՝ 12 տոկոս էր։
Գյուղատնտեսության կշիռը տնտեսության մեջ, 7 տարի առաջվա համեմատ, գրեթե կրկնակի նվազել է։ Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ 2018թ. սկսած՝ գրեթե տարի չի եղել, որ գյուղատնտեսության մեջ անկում տեղի չունենա։
Տարիներ շարունակ արձանագրված այդ անկումներից հետո, այս տարի որոշ աճ կա, համաշխարհային իրադարձություն են սարքել։ Չնայած այդ աճն էլ շատ կասկածելի է։ Այն բանից հետո, երբ տեսան, որ գյուղատնտեսությունը չեն կարողանում հանել անկումից, որոշեցին փոխել հաշվառման մեթոդաբանությունը։ Արդյունքում՝ վիճակագրորեն գյուղատնտեսությունը սկսել է աճել, բայց, ինչպես տեսնում ենք, դրանից օգուտ չկա, կասկածելի աճեր են։ Պատահական չէ, որ այդ աճի պայմաններում, այս տարի գյուղմթերքների աննախադեպ թանկություն է։
Սրանք տնտեսության այն ճյուղերն են, որոնք պիտի ավելացրած արժեք ապահովեին, որպեսզի հասարակությունն էլ զգար տնտեսական աճի ազդեցությունը։ Առանց դրանց դժվար է պատկերացնել տնտեսության զարգացումն ու արտաքին շուկաներ դուրս գալը։ Գյուղատնտեսության ու արդյունաբերության կշիռն ավելացնելու փոխարեն՝ տնտեսությունը նստեցրել են այնպիսի ոլորտների վրա, որտեղ նյութական արժեքներ չեն ստեղծվում։ Տնտեսության կառուցվածքում առաջատարը դարձել է առևտուրը։
Իրական տնտեսության կշիռը նվազել է, առևտրինը՝ ավելացել։ Եթե 2018թ. մանրածախ ու մեծածախ առևտուրը ՀՆԱ 11 տոկոսն էր, հիմա անցնում է 14 տոկոսից։
Տնտեսության արտադրական պոտենցիալը վերականգնելու փոխարեն՝ առևտուրն են դարձրել տնտեսության առաջատար ճյուղը, այն էլ՝ գերազանցապես վերաարտահանումների հաշվին, որոնք այսօր դեռ որոշ չափով պահպանվում են, բայց վաղը դա էլ կարող է չլինել։ Վերջին տարիներին առևտուրը, ծառայությունների հետ միասին, եղել է տնտեսական աճին ամենամեծ նպաստը բերող ոլորտը։ Այս տարվա առաջին եռամսյակում այն գերազանցել էր անգամ արձանագրված 5.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը՝ կազմելով 6.4 տոկոսային կետ։ Երկրորդ եռամսյակում էլ գրանցված 5.9 տոկոս աճից առևտրի ու ծառայությունների բաժինն ավելի քան 2.9 տոկոսային կետ է։ Այն դեպքում, երբ արդյունաբերության նպաստումը տնտեսական աճին բացասական է։ Ու դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ տարեսկզբից այստեղ երկնիշ անկում է տեղի ունենում։ Այն էլ՝ հատկապես մշակող արդյունաբերության մեջ, որտեղ մասամբ չեզոքացել են նախորդ շրջանի, այսպես կոչված՝ «թանկարժեք» վերաարտահանումները։
Այն ժամանակ, երբ դրանց հիման վրա արտահանման բարձր աճեր էին նկարում, սազն առած գովերգում էին, արհեստական այդ աճերը փորձում էին ներկայացնել ոչ թե որպես պարզ վերաարտահանման, այլ վերամշակման արդյունք։ Հիմա արդեն, երբ այդ գործոնը մասամբ չեզոքացել է, արտահանումների գրեթե կիսով չափ կրճատումն արդարացնելու համար, նույն ոգևորությամբ փորձում են ապացուցել, թե դա ի շահ Հայաստանի տնտեսության է, որ ոսկու նախորդ շրջանի ահռելի վերաարտահանումներից տնտեսությունը ոչ միայն չի շահել, այլև վնասներ է կրել։
Այսպիսի հնարքներով են այսքան տարի կառավարում տնտեսությունը։ Որակական առումով իշխանազավթման այս ամբողջ ժամանակահատվածում տնտեսության կառուցվածքը ոչ մի քայլ առաջ չի գնացել, միայն նահանջ է եղել ու կառուցվածքի վատացում։
Տնտեսության իրական ճյուղերը կորցրել են նշանակությունն ու ազդեցությունը ՀՆԱ-ում, փոխարենը՝ այնպիսի ճյուղեր են առաջադիմել, որոնք ունեն նվազ տնտեսական ու սոցիալական նշանակություն։ Դա է պատճառը, որ, ինչպես տնտեսությունը, այնպես էլ՝ հասարակության գերակշիռ մասը ՔՊ-ական քարոզիչների կողմից այդքան գովաբանվող տնտեսական աճերից գրեթե ոչինչ չեն ստացել։ Ընդհակառակը՝ դա հանգեցրել է հասարակության սոցիալական բևեռացման խորացմանն ու տնտեսության կայուն զարգացման հիմքերի թուլացմանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ