ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԼԱՎ ԵՎ ՎԱՏ ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐ. ԵԿԵՂԵՑԻՆ ՄԻԱԿ ԿԱՅՈՒՆ ՈՒԺՆ Է, ՈՐԻ ՇՈՒՐՋ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ՄԻՇՏ. ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Որպես կանոն՝ լավ մարդկանց չեն խանգարում աշխատել: Մեզանում ոչ միայն խանգարում են աշխատել, այլև հայ մարդուն հանգիստ չեն թողնում: Մոտ մեկ տասնամյակ է՝ հայ մարդը տուրբուլենտության մեջ է՝ լարվածություն, պատերազմ, անվտանգային խնդիրներ… Հետո ասում են՝ ինչո՞ւ է հայ մարդն այդքան ագրեսիվ, նյարդայնացող, արտագաղթող, բայց երբ մարդուն այդքան բզում, քրքրում, տանում-բերում են, մարդը չի իմանում՝ ինքն ով է:
- Ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական այսքան կուսակցությունների մեջ մենք ունենք անվանումներ, բայց չունենք հստակ ձևակերպումներ՝ ով ենք մենք, ուր ենք գնում, պահպանողակա՞ն ենք, լիբերա՞լ ենք, ի՞նչ ենք… Քաղաքական կուսակցությունները չեն պատասխանում այս հարցերին: Մեզանում ժողովրդավարական մշակույթն է սպառվել, ինչի մասին ոչ ոք չի խոսում: Խոսքի ազատությունը մեզ համար դարձավ մեծ պատուհաս… Մենք իսկապես չգիտենք՝ ով ենք: Մենք դարձել ենք արևելյան բազար, որտեղ բոլորը բոլորին խաբում են, ու դա դարձել է օրինաչափություն: Սա այն դեպքն է, երբ մարդը մեղավոր չէ, որ այդպիսին է:

- Իհարկե, մարդն ունի իրավունք կողմնորոշվելու, այդ թվում՝ քաղաքական կյանքում: Բոլոր դիրքորոշումներն ընդունելի են, բայց ի՞նչ է պետք, որ պետությունը լինի պաշտպանված ու կայուն: Պետք է, որ հասարակության զգալի մասը կողմնորոշված լինի: Պետության համար սպառնալիք է չկողմնորոշված հասարակությունը. պետության համար շատ կարևոր է, երբ հասարակությունը կողմնորոշված է դեպի սեր առ Հայրենիք: Ես կուզեի՝ մեր քաղաքական կյանքը կառուցենք այն առանցքի շուրջ, թե որն է լավ ու որը՝ վատ պետության համար:
- Մենք չունենք քաղաքական իմիջ: Մենք դոփում ենք տեղում: Հայաստանը պետք է իմիջ ունենար: Հայաստանը քրիստոնյա է, հին է, բայց արդիականացվող: Դա պետք է արտացոլված լիներ հստակ: Մենք ունենք բազում որակներ, որոնք մեր պետության մասին չեն: Ինչո՞ւ մենք չուզեցինք ունենալ պետություն ու պահպանել այն: Մենք շատ նման ենք ռուսներին՝ մինչև տագնապի պահը չի գալիս, մենք չենք միավորվում, չենք աշխատում: Մենք պետք է մեզ օբյեկտիվ ընկալենք: Լավն էլ ունենք, վատն էլ, բայց չունենք լավը տարածելու մեթոդաբանություն:
- Մեր կրթության համակարգը չի սովորեցնում լավ մարդ լինել, սովորեցնում է լինել լավ մասնագետ:
- «Արարատ-73»-ի հաղթանակը հիմա մեզ մոտ գովազդվում է՝ որպես հրաշք, ասում են՝ «Հրաշք տեղի ունեցավ…»: Բայց այդ հաղթանակը հրաշք չէր, աշխատանքի, հետևողական ջանքերի, միավորման, մշակույթի, հավատի արդյունք էր: Ու կարողացանք հասնել սուպեր հաղթանակի:
- Մենք այսօր ընտրող ենք, և որպես ընտրող՝ մեզնից կախված է ընտրությունների արդյունքը, իշխանության ձևավորումը: Իշխող ուժն ունի կայուն էլեկտորատ: Ընդդիմության համար վատ է դա, բայց լավ է, երբ կա կայուն էլեկտորատ: Թող ընդդիմությունը բարի լինի, ձևավորի կայուն էլեկտորատ: Իշխանության սեգմենտը շարունակելու է ուզենալ բաց սահմաններ, ադրբեջանական նավթ ու գազ: Ընդդիմության մեջ կա սեգմենտ, որը գտնում է՝ TRIPP պրոյեկտը լավն է, և հասարակության մեջ էլ լինելու է հատված, որն այդ մտայնությունն է ունենալու, անգամ, եթե ՔՊ-ն չլինի իշխանության:

- Մեզ համար ճակատագրական էր 2020թ. պատերազմի ելքը, որից բխում են այն պրոյեկտները, որոնք առաջ է տանում այս իշխանությունը: Մենք քարանձավում ենք հայտնվել, և նրանից ելքը վերահսկելու ընթացքում իշխանությունն ու արտաքին ուժերն առավելություն ունեն: Սա որոշ ժամանակ մեր իրականությունն է լինելու. մենք կունենանք նույն ռեգիոնալ իրավիճակը, որում գտնվում ենք 2020թ. պատերազմից հետո: Եվ մեզանում կգտնվի մի սեգմենտ, ովքեր կհամարեն, որ քարանձավից ելքը լինելու է նախկին «Ելք» միավորման ձեռքում: Այս սեգմենտը կլինի նաև Ազգային ժողովում:
- Չի բացառվում, որ որևէ ընդհանրություն չունեցող քաղաքական ուժերը կմիավորվեն, բայց իրականությանը մոտ պատկեր կունենանք մայիսին: Բայց մինչ այդ կունենանք լավ և վատ սյուրպրիզներ իշխանության և ընդդիմության համար: Եթե ԵՄ-ն սյուրպրիզ մատուցի և վիզաների ռեժիմն ազատականացնի, դա իշխանության համար կբերի հավելյալ սեգմենտ:
- Քաղաքական ուժերը չունեն գաղափարախոսություն, ցավոք սրտի, Հայաստանն էլ չունի գաղափարախոսություն: Եթե քաղաքական ուժերը չունեն գաղափարախոսություն, ուժերը կարող են միավորվել այլ արժեքների շուրջ: Դրանցից մեկը Եկեղեցին է: Եկեղեցին այն ուժն է, որի շուրջ պետք է համախմբվել միշտ: Եկեղեցին միակ կայուն բանն է մեր իրականության մեջ: Մենք ունենք անկայուն սահմաններ, անկայուն է ամեն բան, միակ կայուն բանը Եկեղեցին է:
- Մենք ունենք սուպեր երիտասարդություն, և սա հին ժողովուդների ամենակարևոր պոտենցիալն է: Մեր միակ ռեսուրսը երիտասարդությունն է, որը չունի կարծրատիպեր: Այսօրվա երիտասարդը կոնկրետություն է սիրում: Երիտասարդությունը և՛ փափուկ ուժին է տիրապետում, և՛ կոշտ ուժին: Մենք շատ գունեղ ազգ ենք, ու դրա կոնցենտրացիան մեր երիտասարդությունն է, միայն թե չպետք է խաբել նրան: Երիտասարդությունը պատրաստ չէ ընդունել ցանկացած նորեկի, քիչ է ասելը, խոստումներ տալը, նրանց պետք է ապացուցել, տանել ու ցույց տալ: Այսօրվա երիտասարդությունը չունի հեղինակություններ, մինչդեռ դա պետք է, որպեսզի ձգտես, սովորես, նմանվես: Մենք մեր երիտասարդությանը թողել ենք առանց իդեալների: Մի ժամանակ կային Վազգեն Սարգսյանի ու Մոնթեի իդեալները: Բայց այդ օրերի երիտասարդությունն այսօր արդեն միջին սերունդ է: Այդ իմաստով մեր այսօրվա երիտասարդության բախտն էլ չի բերել:
- Մենք մեր լավը չենք խթանում, սիրում ենք օտարամոլ լինել: Այսքան հաջողակ ժամանակակից հայ կանանց միջից, երբ հարցնում ես՝ կնոջ իդեալը ո՞րն է, կանայք պատասխանում են՝ Մարգարեթ Թետչերը:
- Եվրոպական խորհրդարանը եվրոպական մշակույթի մի մաս է, որտեղ թքած ունեն՝ ինչ է ասում Հայաստանի վարչապետը: Եվրոպան մեզ երբեք չի օգնելու, չի էլ խանգարելու, որովհետև Եվրոպան ծերացած մշակույթ է, ոչ քաղաքակրթություն:
- Ընտրազանգվածը բազմաշերտ է: Ոմանք հավատում են իրենց ընտրած անձանց, ու կարևոր չէ՝ նա ինչ է ասում, ոմանք առհասարակ ոչ ոքի չեն վստահում:

- Ամերիկան ունի բրենդ, հայտնի է՝ որպես պետություն, որի դեմ խաղ չկա: Մեզ ներշնչել են, որ Ամերիկան լավն է: Ամերիկայի դրական իմիջի վրա միշտ աշխատել են: Ու այդ Ամերիկան գալիս ու ասում է՝ ահա ձեր տարածքի այս մասը ես եմ վերահսկելու: Ու ոմանց համար սա լույս է, iPhone-ի նման մի բան, փրկություն Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայից, որովհետև կա մտայնություն, որ մենք չենք կարող վերահսկել Սյունիքը: Եվ որոշ մարդիկ մտածում են՝ եթե մեր բանակը չի կարող, ուրեմն պետք է ապավինել ուրիշներին ու կանգնել երկընտրանքի առաջ՝ թուրքը կամ ոչ թուրքը, և ցանկալի է՝ ոչ թուրքը, իսկ եթե դա Ամերիկան է, օ՜, ի՜նչ լավ…
- TRIPP-ը նման է մի իրավիճակի, երբ մի հարթակում կա 3 բնակարան, որից երկուսը գնել է մեկ անձ, բայց նա իր բնակարաններ ուզում է մտնել մեր տան միջով, բայց այնպես, ինչպես ինքն է ասում՝ քո երեխաները ոտքիս տակ չպիտի ընկնեն, երեսդ չպիտի տեսնեմ, բայց այն խալին, որ կփռեմ իմ բնակարաններ գնալու համար, վրան գրված կլինի USA, ու դու կարող ես երբեմն կանգնել այդ խալու վրա… Պատկերավոր ասած՝ սա է TRIPP-ը… Կարող են ընդդիմադիր ուժերը դեմ լինել TRIPP-ին, բայց մարդկանց պետք է դրա այլընտրանքն առաջարկել: Օրինակ՝ կարող են ասել՝ Սյունիքը կբնակեցնենք, վտանգից կխուսափենք, բայց չեն ասում, որովհետև գիտեն՝ դա ռեալ չէ…
- Մեր ազգաբնակչության զգալի մասը ցնծությամբ ընդունեց պարտադիր ժամկետային զինծառայությունը 1.5 տարի դարձնելը: Իսկ եթե 1 տարի դարձնեին, ավելի շատ կուրախանային… Ինչո՞ւ: Որովհետև չեն ուզում ջանքեր գործադրել, աշխատել բանակը հզորացնելու ուղղությամբ, պատասխանատվություն կրել… Ոչ ոք չի մտածում, որ բանակը կարելի է ուժեղացնել, պահել Սյունիքը, ոչ թե ապավինել ուրիշներին:
- Կարելի՞ է չխախտել պատվիրաններից մեկը, չստել և հաղթել ընտրություններում: Երևի թե հնարավոր չէ: 21-րդ դարում կեղծ խոսույթը նորմալ է դարձել, որովհետև այսօրվա հասարակություններում հաճելի կեղծիքը նախընտրելի է, քան օբյեկտիվ իրականությունը:
- Եթե ես որոշումներ ընդունող լինեի, Հայաստանում ընտրական համակարգը կչեղարկեի, որովհետև այն իրեն սպառել է…
- Պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ գնան ընտրությունների, ամեն ինչ ոչ թե ասեն, այլ անեն: Սև PR-ն ու ատելությունն այնքան շատ են, որ մարդիկ դրան չեն արձագանքում: Մի՛ ասա՝ որքան վատն է մյուսը, ցո՛ւյց տուր՝ որքան լավն ես դու: Բժիշկը, դասախոսը, բանվորը, ուսուցչուհին պետք է տեսնեն իրենց ներկայացուցչին իշխանության մեջ: Հեղինակություններ պետք է ընդգրկել ցուցակներում, ոչ թե քաղաքական դեմքեր:
- Ես վստահում եմ պրոֆեսիոնալ սոցիոլոգներին, ովքեր ունեն ռեսուրս, որովհետև սոցիոլոգիան էժան գիտություն չէ: Ես մեթոդաբանությանն եմ միշտ նայում, նոր հետո՝ արդյունքներին: Բայց որպես ընտրող՝ ես այսօր ևս կդժվարանայի կոնկրետ ուժի օգտին քվեարկել: Ես գնում եմ բացառման սկզբունքով՝ ում հաստատ չեմ ընտրի: Բայց դա չի նշանակում, որ ով մնաց՝ պետք է ընտրվի:
- Քաղաքական դաշտում վերաբրենդավորվում են հին ուժերը և գալիս են նոր ուժեր: Վերաբրենդավորվում է իշխող ուժը՝ ուտելու վրա շեշտը դրած… Սա կառավարելի է և կառավարվում է մինչև այն օրը, երբ համատարած նեգատիվ լինի, և հարմար պահի նույն այդ սուբյեկտը հանրությանը կներկայանա կոստյումով…

- Նոր քաղաքական ուժերի մեծ մասը, ցավոք սրտի, ինքն իրեն հակադրում է հին ուժերի հետ, ինչը նշանակում է, որ նա չունի իր դեմքը…
- Մարդիկ կոնկրետ հարցերի պատասխաններ են ուզում՝ իմ ճամպրուկը քանդեմ, շորերս հանեմ, սպասե՞մ, թե՞ արտագաղթեմ: Այսպես են ապրում, օրինակ, սահմանամերձ գյուղերում:
- Բոլոր քաղաքական ուժերն առաջարկ ունեն երիտասարդությանը, այլ հարց է՝ որքանով են դրանք դուր գալիս ու սպառվում: Պրոբլեմն այն է, սակայն, որ քաղաքական ուժերը չունեն գաղափարախոսություն, մինչդեռ մեր երիտասարդները գաղափարական են:
Մանրամասները՝ տեսանյութում։



