Կտրուկ նվազել են. Տեսե՛ք, թե ինչ է կատարվել աշխատավարձերի հետ
Ստելը եղել է ՔՊ-ականների իշխանության անբաժանելի մասը։ Բայց ստելն էլ սահման ունի։
Օրերս էկոնոմիկային նախարար Գևորգ Պապոյանն աշխատավարձերի անցած տարվա աճերի մասին էր խոսում, բացահայտումներ էր անում, պաշտոնական վիճակագրությանն անհայտ թվեր էր հրապարակում, ասում էր՝ մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանում միջին աշխատավարձն անընդհատ ավելանում:
«Առաջին անգամ՝ դեկտեմբեր ամսին, մենք միջին աշխատավարձ ունեցանք 400 հազար դրամ, իհարկե, հարկերը ներառված:
Ես այս ամենին նայում եմ ոչ թե նախընտրական ու ընտրական տրամաբանությամբ, այլ որպես մեր երկրի տնտեսական զարգացում»,- պնդում էր էկոնոմիկայի նախարարը։
Մի կողմ թողնենք այն, թե Գևորգ Պապոյանի այս հայտարարությունը որքանով է տեղավորվում նախընտրական կամ ընտրական տրամաբանության մեջ, անդրադառնանք միջին աշխատավարձի վերաբերյալ նրա հնչեցրած թվին։
Բայց մինչ այդ նշենք, որ օրեր առաջ էլ այդպիսի մի հայտարարություն էր արել աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը։
«2025թ. դեկեմբերին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 401 հազար դրամ։
Ընդ որում՝ նույն տարվա նոյեմբերին այդ ցուցանիշը կազմում էր 327 հազար դրամ»,- ՔՊ խմբակցության հետ հանդիպման ժամանակ՝ ոգևորված հավանաբար աշխատավարձի սեփական ձեռքբերումներով, աշխատավարձերի իրենց արձանագրած աճերն էր գովազդում Արսեն Թորոսյանը։
Գևորգ Պապոյանն ու Արսեն Թորոսյանն այս կառավարության այն նախարարներն են, որոնք ուղիղ առնչություն ունեն աշխատավարձերի հետ ու հազիվ թե չիմանային, թե դեկտեմբերին որքան է կազմել միջին աշխատավարձը Հայաստանում։ Հավանաբար իմացել են, բայց ստել են կամ կեղծ թվեր են հնչեցրել՝ ուռճացնելով աշխատավարձերի ցուցանիշները։
Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալները վկայում են, որ ինչպես ընդհանրապես, այնպես էլ անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում միջին աշխատավարձը 400 հազար դրամ, առավել ևս՝ դրանից ավել չի եղել։
Պաշտոնական տվյալներով, դեկտեմբերին միջին աշխատավարձը շատ ավելի ցածր է եղել. Կազմել է 376.7 հազար դրամ՝ 23.3 հազար դրամով պակաս 400 հազարից։
Բայց ինչպես տեսնում ենք, դա չի խանգարել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանին ու սոցապ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանին խոսել 400 հազար կամ 400 հազարը գերազանցող միջին աշխատավարձի մասին։ Ավելին՝ փորձել տպավորություն ստեղծել, թե աշխատավարձերը բարձր տեմպերով աճում են։
Արսեն Թորոսյանն ասում է՝ նոյեմբերին միջին աշխատավարձը եղել է 327 հազար դրամ, դեկտեմբերին դարձել է 401 հազար դրամ։
Որ Արսեն Թորոսյանն ու մյուս պաշտոնյաները 7-8 միլիոնի փոխարեն, դեկտեմբերին իրենց, ասենք՝ 17-18 միլիոնի պարգևավճար տային, տարբերությունը հաստատ ավելի մեծ կլիներ։ Բայց դրա մասին միլիոնների պարգևավճարներ ստացած նախարարները բնականաբար խուսափում են խոսել։ Պարզ չէ՞, որ չեն ասելու՝ իրենց միլիոնների պարգևավճարներ են տվել, դրա համար էլ դեկտեմբերին միջին աշխատավարձի ցուցանիշները թռել են։ Բայց դրանով հանդերձ, չեն հասել 400 հազարի, ինչպես փորձում են ներկայացնել։
Միջին աշխատավարձը, դեկտեմբերին համատարած պարգևավճարներ վճարելուց հետո, շատ ավելի ցածր է եղել, քան միտումնավոր, գուցե նաև չիմացությամբ հայտարարում են այս մարդիկ։ Ու այն, ինչ տեսնում ենք արդեն այս տարվա հունվարին, բացահայտում է աշխատավարձերի աճի գաղտնիքը։
Այս տարվա հունվարին, նախորդ ամսվա համեմատ, միջին աշխատավարձը Հայաստանում շեշտակի նվազել է։ Եթե անցած տարվա դեկտեմբերին կազմել էր 376.7 հազար դրամ, այս տարվա հունվարին եղել է 293.3 հազար դրամ։
Նվազել է միանգամից 83.4 հազար դրամով կամ ավելի քան 22 տոկոսով։
Երբ հանում ենք պետական պաշտոնյաներին տարեվերջին բաժանված չտեսնված բարձր պարգևավճարներն ու հավելավճարները, տեսնում ենք, թե ինչ է մնում միջին աշխատավարձի տակ։ Դա էլ դեռ իրական աշխատավարձը չէ, անվանական աշխատավարձն է, այսինքն՝ մինչև հարկումը։
Հարկերը հանելու պարագայում իրական միջին աշխատավարձն անհամեմատ ավելի ցածր է։ Այս տարվա հունվարին կազմել է ընդամենը 217 հազար դրամ։
Սա էլ այն բանի հաշվին, որ առանձին ոլորտներում միջին աշխատավարձը հասնում է՝ 900 հազար, երբեմն՝ մինչև 1 մլն դրամի, ինչը նշանակում է, որ բազմաթիվ այլ ոլորտներում հարյուր-հազարավոր քաղաքացիների աշխատավարձերը նույնիսկ միջինից շատ ավելի ցածր են։ Քիչ չեն նրանք, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում, երբեմն՝ նույնիսկ ավելի ցածր։
Անցած տարի Հայաստանում տարեկան կտրվածքով միջին աշխատավարձն ավելացել է 15.9 հազար դրամով։ Աճը բարձր չէ՝ ընդամենը 5.5 տոկոս, բայց դա էլ եղել է գերազանցապես մի քանի ոլորտներում միջինից բարձր ավելացումների հաշվին։ Ասենք՝ հանքարդյունաբերության մեջ անցած տարի միջին աշխատավարձն ավելացել է 53.5 հազար դրամով՝ գրեթե 3.4 անգամ ավելի շատ, քան միջին աշխատավարձն է աճել։
Ֆինանսական համակարգում միջին աշխատավարձի բարձրացումը գերազանցել է 50.6 հազարը.Աճի տեմպը գրեթե 3.2 անգամ շատ է, քան միջին աշխատավարձինը։
Փոխարենը՝ տնտեսության բազմաթիվ ոլորտներում աշխատավարձերի շատ ավելի համեստ բարձրացում է տեղի ունեցել, երբեմն էլ՝ նույնիսկ նվազել է։ Ու դա նշանակում է, որ այս խմբերում ընդգրկված քաղաքացիների կյանքում այն բարձր տնտեսական աճերից, որոնք փորձում են ներկայացնել՝ որպես աշխարհացունց իրադարձություն կամ համաշխարհային մակարդակի ձեռքբերում, շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունում։ Դեռ չհաշված, որ նրանք կրում են գնաճի, ֆիզիկական անձանց համար սահմանված հարկերի ու տուրքերի ավելացումների ազդեցությունը։
Պատկերացրեք, այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում միջին աշխատավարձն ավելացել է ընդամենը 5.4 տոկոսով։ Այդ նույն ժամանակ սննդամթերքի գնաճը կազմել է 5.9 տոկոս՝ 0.5 տոկոսային կետով ավելի բարձր, քան միջին աշխատավարձի աճը։ Ակնհայտ է, որ միայն գնաճով պայմանավորված՝ տեղի է ունեցել հասարակության գնողունակության անկում ու աղքատության խորացում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



