Իրանը խառնել է էներգետիկ «խաղաքարտերը». Ինչո՞ւ է Թրամփը փորձում թուլացնել պատերազմի լարվածությունը
Չնայած Իրանը շարունակում է սգալ Իրանի Գերագույն անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը, որը վերլուծաբաններից ոմանք կանխատեսում էին՝ որպես Իրանի դեմ պատերազմն ի օգուտ Իսրայելի ու ԱՄՆ-ի բեկելու հանգրվան, Իրանի վերջին հարվածներն աշխարհի խոշորագույն նավթագազային համալիրներից մեկին Քաթարում կարծես լուրջ մարտահրավեր է դառնում Արևմուտքի համար:
Ժամեր առաջ Իրանը հերթական հարվածն է հասցնել Պարսից ծոցի երկրներին: Քաթարում բալիստիկ հրթիռների թիրախում է հայտնվել աշխարհի խոշորագույն նավթագազային համալիրներից մեկը, որը գտնվում է Ռաս Լաֆան արդյունաբերական գոտում: Այս մասին հայտնել է Քաթարի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի՝ մարտի 19-ի գիշերը: QatarEnergy պետական նավթագազային ընկերության տվյալներով՝ օբյեկտը 12 ժամվա ընթացքում երկու անգամ հարձակման է ենթարկվել:
Սակայն Իրանի այս հարվածից ժամեր առաջ Իսրայելը հարվածներ էր հասցրել աշխարհի խոշորագույն «Հարավային Փարս» գազային հանքավայրին, որն Իսլամական Հանրապետությունը կիսում է Քաթարի հետ: Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին հայտարարել էր, թե «Հարավային Փարս» իրանական հանքավայրի հետ կապված օբյեկտները հանդիսանում են քաթարական «North Field» հանքավայրի շարունակությունը և դրանց հասցված իսրայելական հարվածները վտանգավոր և անպատասխանատու քայլ են տարածաշրջանում ընթացող ռազմական էսկալացիայի ֆոնին։
«Էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները սպառնալիք են ներկայացնում համաշխարհային էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդներին և շրջակա միջավայրին»,- զգուշացրել էր նա:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Իսրայելի այս հարվածից հետո նախազգուշացրել էր, որ դա կհանգեցնի «անվերահսկելի հետևանքների»: Թեհրանը սպառնացել է հարձակումներ գործել այն պետությունների վառելիքային, էներգետիկ և գազային ենթակառուցվածքների օբյեկտների վրա, որոնց տարածքից, ըստ Իրանի վարկածի, հասցվել են հարվածները: Աշխարհի խոշորագույն հանքավայրի հաշվին Իրանը բավարարում է գազի ներքին պահանջարկի շուրջ 70 տոկոսը: Միջազգային լրատվամիջոցներն արձանագրում են, որ Քաթարին իրանական հարվածը ցնցել է նավթի համաշխարհային հոսքերը, իսկ վառելիքի թանկացումն արդեն իսկ ծանր բեռ է դարձել տնային տնտեսությունների համար ողջ աշխարհում: ԱՄՆ-ում և Եվրոպայում մարդիկ բախվում են վերջին շուրջ երկուսուկես տարվա ամենաբարձր գներին լցակայաններում: Նշվում է նաև, որ գազի գներն աճել են 30%-ով:
Եվ, թերևս, ոչ պատահականորեն այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ը տեղյակ չի եղել «Հարավային Փարս» հանքավայրին Իսրայելի հարվածի նախապատրաստությունից: Truth Social-ի իր էջում Դոնալդ Թրամփը գրել է.
«Իսրայելը, վրդովված Մերձավոր Արևելքի իրադարձություններից, հարված է հասցրել Իրանի «Հարավային Փարս» գազային հանքավայրին: Հարձակումը տեղի է ունեցել միայն սահմանափակ հատվածում, ընդ որում՝ Միացյալ Նահանգները տեղյակ չի եղել դրա նախապատրաստման մասին, իսկ Քաթարը որևէ առնչություն չի ունեցել միջադեպին և չի կասկածել դրա մասին։
Իսրայելն այլևս չի հարձակվի այս չափազանց կարևոր և արժեքավոր «Հարավային Փարս» հանքավայրի վրա, եթե միայն Իրանը չդիմի անմիտ քայլի և չհարձակվի միանգամայն անմեղ երկրի, տվյալ դեպքում՝ Քաթարի վրա։
Այդ դեպքում ԱՄՆ-ը՝ Իսրայելի օգնությամբ կամ առանց դրա ու նրա համաձայնության, զանգվածային պայթյուն կիրականացնի ողջ «Հարավային Փարս» գազային հանքավայրում այնպիսի հզորությամբ, որպիսին Իրանը դեռ չի տեսել։
Ես չեմ ցանկանում արտոնել բռնության և ավերածությունների նման մակարդակ՝ Իրանի ապագայի համար երկարաժամկետ հետևանքների պատճառով, բայց եթե քաթարական հեղուկ բնական գազի վրա կրկին հարձակում լինի, ես առանց վարանելու միջոցներ կձեռնարկեմ»։
Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Քաթարին ուղղված իրանական վերջին հարվածները, որոնք պլանավորված էին, հստակ նպատակով և ծառայեցին այդ նպատակին, մեծ խնդիր են եվրոպական էներգետիկ շուկայի համար, որն արդեն շոկի մեջ է՝ Իրանի դեմ պատերազմական զարգացումների, Հորմուզի նեղուցի արգելափակման ֆոնին:

Ըստ նրա, ԱՄՆ նախագահի հայտարարությունը միտված էր թուլացնել լարվածությունը, որը ստեղծվել է այս փոխադարձ հարվածներից հետո, քանի որ նման հարվածների շարունակականությունը կարող էր խորացնել ճգնաժամը:
«Ուստի Թրամփը, թեև սպառնալով, փորձեց մեղմել ստեղծված բարդ իրավիճակը, որին արդեն արձագանքում են եվրոպական առաջնորդները և դժգոհում, որ չպետք է անմասն մնան այս իրադարձություններից, քանի որ դրանց հետևանքներն անդրադառնում են Եվրոպայի կայունության վրա»,- ասաց Սիմոնովը:
Նրա խոսքով, հենց նման իրադարձությունները նկատի ունեն վերլուծաբանները, երբ խոսում են այն մասին, որ Իրանի դեմ պատերազմի հետևանքներն ԱՄՆ-ը հստակ չէր հաշվարկել:
«Հաշվարկների հստակ պատկեր այնուամենայնիվ չի եղել, և զարգացումները դա են ապացուցում»,- նկատեց նա:
Սիմոնովի գնահատմամբ՝ համաշխարհային շուկայում նավթի և գազի գների աճը (որը պայմանավորված է՝ ինչպես աշխարհաքաղաքական լարվածությամբ, այնպես էլ՝ առաջարկի սահմանափակումներով) Հայաստանի նման ներմուծող տնտեսությունների համար կարող է մարտահրավեր լինել, բայց ոչ ուղիղ, քանի որ Հայաստանը բնական գազը ներմուծում է Ռուսաստանից՝ համեմատաբար կայուն պայմանագրային մեխանիզմներով: Այստեղ է, որ, նրա խոսքով, կարևոր է Հայաստանի համար Ռուսաստանը՝ որպես գործընկեր:
«Համաշխարհային բարձր գները ժամանակի ընթացքում վերածվում են բանակցային ճնշման՝ հանգեցնելով ներմուծվող գազի թանկացման, ինչը շղթայական ազդեցություն է ունենում տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա։ Գազի թանկացումն անմիջապես արտացոլվում է էլեկտրաէներգիայի սակագնի վրա, ուստի այս շղթայական ազդեցության ռիսկը միշտ կա նման իրավիճակներում: Այնուամենայնիվ իրավիճակը միանշանակ չէ։
Բարձր էներգակիրների գները կարող են դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանի տնտեսության վրա: Սակայն, եթե խոսենք Հայաստանի մասին, ապա նավթի և գազի համաշխարհային գների աճը Հայաստանի համար հանդիսանում է համակարգային մարտահրավեր՝ ազդելով թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական կայունության վրա»,- ասաց Սիմոնովը:



