Քաղաքական մոմենտումի խնդիրը՝ ընդդիմության ծուղակում

Մարտի 18-ին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Առաջիկայում այն կքննարկվի նաև ԱԺ-ի այլ ձևաչափերով՝ դառնալով ՔՊ-ի նախընտրական քարոզչության մասը։

Դրանով էլ՝ այդ զեկույցի իմաստն ու նշանակությունն ավարտվելու է՝ չունենալով որևէ քաղաքական հետևանք։ Այն դեպքում, երբ նորմալ քաղաքական համակարգի պարագայում՝ այդ զեկույցը կարող էր դառնալ լրջագույն քաղաքական փոփոխությունների, ընդհուպ՝ հաջորդ իշխանության հարցն ընտրություններից առաջ լուծելու հնարավորություն։

Անցած 5 տարիներին կառավարությունը ոչ միայն պարզապես չի կատարել իր ծրագիրը կամ շեղվել է դրանից, այլ արել է 2021-ին ներկայացրած խոստումների տրամագծորեն հակառակը։ Խոսքը ոչ թե տնտեսական կամ սոցիալական ցուցանիշների մասին է, այլ պետության համար գոյաբանական նշանակության հիմնախնդիրների։

2021-ին ՔՊ-ն ընտրություններին մասնակցել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի խոստումներով։ Այսօր ՔՊ-ի ղեկավարը զբաղված է Հայաստանում ադրբեջանցիների իրավունքների իրացման քարոզչությամբ, իսկ Շուշի ու Հադրութ անվանումներն առաջիկայում կարող են արգելվել օրենքով։

Կարդացեք նաև

Ահա այս պայմաններում կառավարությունը ներկայացնում է կատարողական, որն իր նշանակությամբ պետք է կոչվեր «Տապալողական», բայց ընդդիմության մեծ մասը զբաղված է նախընտրական  մեգափարթիներով ու նաև այս առիթն օգտագործելով իշխանափոխություն իրականացնելու՝ ամեն օրվա հետ փոքրացող քաղաքական առաջարկը ծաղրելով։ Խոսքն «Իմպիչմենտի» մասին է, որը հատկապես կառավարության կատարողականի համատեքստում քաղաքական գործընթաց գեներացնելու լրջագույն ռեսուրս է պարունակում։

«Իմպիչմենտի» արդեն իսկ առկա ձևաթուղթը՝ կառավարության կատարողականի զեկույցի համադրմամբ, կարող է կրկակի անխոցելի փաստարկ դառնալ անվստահության գործընթացի համար։ Հասկանալի է՝ միայն ԱԺ դահլիճում այդ փաստարկների հնչեցումն ու կառավարության խայտառակ քաղաքականության անգամ ամենահիմնավորված ներկայացումը բավարար չէ դա քաղաքական գործողության վերածելու համար։

Սակայն դա ավելի քան բավարար է զուգահեռաբար փողոցային գործընթաց նախաձեռնելու ու ընտրություններից առաջ պայմանականորեն «փողոցը փակելու» համար։

Քաղաքական նվազագույն գիտելիքը բավարար է՝ հասկանալու համար ավտորիտար իշխանության պայմաններում առանց փողոցային շարժման, միայն ընտրություններով, իշխանափոխության անհնարինությունը։

Նույնքան ակնհայտ է, որ «փողոցը փակելու» հնարավորությունն ընդդդիմությունն ունի մինչև ընտրությունները։ Ընտրության հաջորդ օրը՝ անգամ մեծածավալ փակ փողոցների պարագային, իշխանությունը ստանում է «փողոցը բացելու» հնարավորություն՝ անգամ ամենախայտառակ կեղծիքներով «հաղթելու» պարագայում։

Հայաստանի խնդիրն այսօր ընտրությունները չեն։ Ընդդիմության անելիքը, այսպես կոչված, «քաղաքական մոմենտումի» անսխալ գնահատումն ու իրացումն է՝ պայմանական «փողոցը փակելու» դրսևորմամբ։ «Իմպիչմենտի» նախաձեռնությունը կարող էր ու տեսականորեն դեռ կարող է մեծապես նպաստել այդ մոմենտումին։

Բայց դատելով քաղաքական դաշտի խաղացողների մեծ մասի վարքագծից՝ շատերը հակված են նպաստելու ոչ թե ընդդիմության կողմից փողոցի փակման, այլ իշխանության կողմից՝ փողոցի բացման մոմենտումին։ Հասկանալով կամ ոչ, որ բացվող փողոցների հետ շատերի համար կարող է փակվել նաև բնական լույսի հետ հաղորդակցման պատուհանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս