Ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանը հիմա հիշել հայտնի դեպքը. ո՞ւմ է հիշեցնում Վազգեն Սարգսյանի՝ ուղղաթիռի մասին պատմությունը

Մարտի 17-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանելով հաղորդավարի՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի՝ ադրբեջանական դիրքերի և առաջխաղացումների մասին պնդումներին, դիտմամբ թե ակամա 1990-ականներից մի դրվագ էր հիշել՝ նշելով.

«Ես կառաջարկեմ, որ Արման Թաթոյանին ստեղծենք հնարավորություն, որ նա կանգնի այն դիրքերի մոտ, որի մասին ինքը խոսում է, և դա պետք է նախաձեռնել: Ինքը խոսում է դիրքային փոփոխությունների մասին, որը տեղի չի ունեցել: Լավագույն լուծումը, որպեսզի Արման Թաթոյանը գնա այդ դիրքերի մոտից ցույց տա, թե ո՞ր դիրքերն են փոխված: Էդպիսի մի պատմություն եղել է 1990-ականներին, երբ էդպիսի սխալ արտահայտություններով որոշ լրատվամիջոցներ հանդես են եկել, Վազգեն Սարգսյանը չզլացավ և ուղղաթիռ տրամադրեց, ասեց՝ գնացե՛ք Քելբաջար ու տեսեք՝ Քելբաջարում իրականում մենք ծառայություն իրականացնո՞ւմ ենք, թե՞ ոչ»:

Նշենք, որ Քարվաճառն ազատագրվել էր 1993 թվականի գարնանը:

Եվ տարբեր տեղեկություններով, լրագրող Նիկոլ Փաշինյանի անունը ևս կապված է այս պատմության հետ:

Կարդացեք նաև

Մասնավորապես, քաղաքագետ Աղասի Ենոքյանը մի առիթով «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում Սաթիկ Սեյրանյանին պատմել էր, որ Վազգեն Սարգսյանը շատ բուռն է ընդունել նման տեղեկությունների տարածումը և լրագրող Փաշինյանի հոդվածները:

«Հիշում եմ, որ ուրիշի անվան տակ մի պատմություն ներկայացվեց, թե ադրբեջանցիները հետ են վերցրել Օմարի լեռնանցքը մեր զորքերից: Դա ներկայացվեց ուրիշի անվան տակ, և դա լուրջ արձագանք ունեցավ, մանավորապես, Վազգեն Սարգսյանի կողմից»,- մանրամասնել էր նա:

2025 թվականի հոկտեմբերին էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել էր.

«Ես այդ մարդուն շատ մոտիկից տեսել եմ մաքսիմում 3 անգամ. մի անգամ 1993-ի վերջ-1994-ի սկիզբ, մի անգամ, եթե չեմ սխալվում, 1998-ին, երբ դատարանում ենք հանդիպել, մի անգամ էլ 2018 թվականին, ո՛չ միջնորդավորված խոսել եմ, ո՛չ էլ հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ, ի՞նչ է նշանակում՝ ճանաչել եմ նրան: Իհարկե, ես շատ լավ տեղյակ էի այն բոլոր ստախոսություններին, հերյուրանքներին, շանտաժներին, որ տպագրվում էր նրա կողմից խմբագրվող թերթում, իսկ մինչ այդ էլ մի թերթում, որն ինքը չէր խմբագրում, այսքանը»:

Նույն միտքը Սերժ Սարգսյանն ասել էր նաև 2021 թվականին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ապագա կապիտուլյանտն իմ տեսադաշտում հայտնվել է 90-ական թվականների սկզբներին, և, ավելի ստույգ, 1993 թվականի վերջերին, երբ ես մի քանի ամսվա պաշտպանության նախարար էի, և բազմաթիվ հաջողություններից հետո մենք ռազմաճակատում որոշակի խնդիրներ ունեցանք, և այդ խնդիրները մանիպուլացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով՝ ուղղակի ցավ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլ նաև իմ մարտական ընկերներին»,- մանրամասնել էր Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Փաշինյանը, ինչպես ինքն է գրել մի առիթով, 1993 թվականից է զբաղվել լրագրողական գործունեությամբ: Եվ նախ հանդիսացել է «Դպրություն», «Լրագիր» «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերի թղթակից, իսկ 1998 թ. սեպտեմբերից արդեն «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ 1999 թ. հուլիսից՝ «Հայկական ժամանակ» թերթի:

Հիմա ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանը հենց այդ դրվագը հիշել՝ շատ լավ իմանալով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ (և հակառակը) Վազգեն Սարգսյանի ունեցած վերաբերմունքի մասին…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031