««Վլաստն» իրենց ձեռքին է, մինչև իշխանությունը «չշրջվի»՝ ոչ մի բան էլ չի փոխվելու». Սամվել Մխիթարյան

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի խափանման միջոց տնային կալանքը թեպետ Վճռաբեկ դատարանը նախորդ տարվա վերջին փոխել էր, ու նա կրկին բանտում է կրում իր պատիժը, սակայն Արա Մխիթարյանի հարը՝ Սամվել Մխիթարյանը, համարում է, որ դեռևս արդարությունը վերականգնված չէ՝ արդարադատություն տեղի չի ունեցել։

«Բան չունեմ ասելու, Վճռաբեկ դատարանը բավարարեց մեր միջնորդությունը, այդ անձը հիմա կրկին բանտում է, բայց շատ մեղավորներ այսօր ազատության մեջ են։

Օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ժողովուրդն ասում է՝ նա հոն է եղել, իրենք էլ «ապացուցեցին», որ հոն չի եղել։ Այս անձը դեպքի ժամանակ Վայոց ձորի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում։ Միջադեպից անմիջապես հետո տարան դարձրեցին պատգամավոր, անձեռնմխելիություն տվեցին, դատերին էլ գրեթե չէր գալիս։ Մեկ անգամ եկավ դատարան, ասաց՝ «ես հոն չեմ եղել, մեղք չունեմ և վերջ»։ Մինչև այս իշխանությունը «չշրջվի» ոչ մի բան էլ չի փոխվելու, «վլաստն» իրենց ձեռքին է»,- 168.am հետ զրույցում ասաց Սամվել Մխիթարյանը։

Նա վստահեցնում է՝ իր որդուն ծեծելու ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանն էլ է այնտեղ եղել, եղբայրն էլ, իրենցից բացի, նաև 7-8 հոգի էլ են եղել։ Բայց միջադեպից 6 ամիս էլ չանցած, ամեն ինչ փոխել են՝ հին տեսախցիկները հանել են, նորերն են դրել։

Կարդացեք նաև

«Սա ասել եմ ու կասեմ, ու այսքանից հետո «ապացուցեցին», թե Տրդատ Սարգսյանն այնտեղ չի եղել։ Այս երկրում իշխանությունը փոխվելուց հետո ես անպայման արդարադատություն եմ պահանջելու, թե չէ, հիմա ինչ էլ անեմ, որևէ արդյունքի չեմ հասնելու»,- ընդգծեց փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։

Հիշեցնենք, 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով մի քանի տարի կոմայի մեջ մնալուց հետո 2023-ին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ, այժմ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն  Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել նախորդ տարի փետրվարին, այնուհետև նորից ազատազրկվել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել միայն 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը:

Դեպքի ժամանակ ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Տեսանյութեր

Լրահոս