Աշխատատեղերը շեշտակի կրճատվել են. Ի՞նչ է տեղի ունեցել աշխատաշուկայում

Տարեսկզբին Հայաստանում աշխատատեղերը կրճատվել են, բայց կրճատվելն էլ չափ ունի՝ շեշտակի են կրճատվել։ Հունվարին 36.5 հազար աշխատատեղ է փակվել։

Եթե անցած տարվա դեկտեմբերին հայտարարագրված աշխատատեղերի թիվը, պաշտոնական վիճակագրության տվյալներով, գրեթե 821.5 հազար էր, այս տարվա հունվարին եղել է այդպիսի ընդամենը 785 հազար աշխատատեղ։

Լսե՞լ եք, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը կամ որևէ ՔՊ-ական պաշտոնյա այս մասին խոսի կամ անդրադառնա աշխատատեղերին, ցուցանիշներ հրապարակի եղած աշխատատեղերի վերաբերյալ։ Չկա նման բան։ Բոլորը բերանները ջուր են առել։ Մինչդեռ՝ ոչ վաղ անցյալում բոլորը միահամուռ աշխատատեղերի պատմական ռեկորդներից էին խոսում։

Տեսնում ենք, որ տարեսկզբին այդ «ռեկորդներից» բան չի մնացել։ Աշխատատեղերը նույնիսկ 800 հազարից պակաս են եղել։ Հիշո՞ւմ եք, թե երբ էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ պատմականորեն առաջին անգամ Հայաստանում գրանցված աշխատողների թիվն անցել է 800 հազարից։

Կարդացեք նաև

«2025թ. սեպտեմբերի դրությամբ՝ առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800 հազարի սահմանը: Պատմականորեն երբեք մենք նման թիվ՝ 805 հազար 687, չենք ունեցել: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աշխատատեղերն ավելի են 37 հազար 140-ով կամ 4.8 տոկոսով»,- այս «պատմական» ձեռքբերման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր անցած տարվա հոկտեմբերին։

Մինչև «պատմական ռեկորդներ» չեն լինում, չի խոսում։ Ռեկորդային անկումների մասին խոսելը Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների ծրագրերի մեջ չեն մտնում։ Այնինչ՝ այս տարվա հունվարին ունենք այն, որ հայտարարագրված աշխատատեղերը տասնյակ-հազարներով պակաս են ոչ միայն 800 հազարից, այլև սեպտեմբերի «պատմական» ռեկորդից։

Հունվարին Հայաստանում ավելի քիչ աշխատատեղ է եղել, քան անցած տարվա սեպտեմբերին։ Ավելի քիչ, քան հուլիսին ու օգոստոսին։ Ավելի քիչ, քան հունիսին, նույնիսկ մայիսին։

Այս տարվա հունվարին աշխատատեղերը շուրջ 2 հազարով պակաս են եղել նաև անցած տարվա ապրիլին Հայաստանում եղած աշխատատեղերից։

Հունվարին, տարեվերջի համեմատ, աշխատատեղերը Հայաստանում նվազել են 4.4 տոկոսով։ Դրանում, իհարկե, սեզոնյանության որոշակի գործոն կա, սակայն նախկինում երբեք չի եղել, որ հայտարարագրվող աշխատատեղերի այդպիսի շեշտակի նվազում գրանցվեր։ Անցած տարի էլ էին աշխատատեղերը տարեսկզբին նվազել։ Բայց անհամեմատ ավելի քիչ՝ ընդամենը 15.5 հազարով։ Այս տարվա հունվարին աշխատատեղերի ռեկորդային անկում է գրանցվել՝ 36.5 հազարով պակաս, քան անցած տարվա վերջին։ Աշխատատեղերի կրճատման տեմպը նախորդ տարվա համեմատ 2.3 անգամով ավելացել է։

Ո՞րն է եղել դրա պատճառը, հայտնի չէ։ Սակայն ակնհայտ է, որ տարեկան կտրվածքով աշխատատեղերի աճի միտումն էապես թուլացել է։

Այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, աշխատատեղերն ավելացել են ընդամենը 16.6 հազարով։ Մեկ տարի առաջ նույն ցուցանիշը 41 հազար էր։

Այս թվերը ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունեցել աշխատատեղերի շուկայում։ Անգամ աշխատատեղերի աճը, որը ՔՊ-ականները համարում են իրենց գլխավոր ձեռքբերումներից մեկը, շատ հաճախ չգրանցված աշխատատեղերի ստվերից դուրս գալը շփոթելով նոր ստեղծվող աշխատատեղերի հետ, սկսել է տեղի տալ։ Հունվարին, նախորդ տարվա վերջի համեմատ, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում աշխատատեղերը կրճատվել են։ Շուրջ 14.8 հազարով՝ փոքր ու միջին բիզնեսում, 21.7 հազարով էլ՝ խոշորում։

Ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության մեջ։ Նախորդ տարվա վերջի համեմատ՝ տնտեսության այս ճյուղում զբաղվածների քանակը նվազել է ավելի քան 6.7 հազարով՝ 43.2 հազարից իջնելով 36.5 հազարի։

Շինարարության մեջ զբաղվածների քանակը կրճատվել է ոչ միայն նախորդ տարվա վերջի, այլև նախորդ տարվա սկզբի համեմատ։ Այստեղ 1.2 հազարով ավելի քիչ մարդ է զբաղված եղել, քան անցած տարվա հունվարին։

Տարօրինակ է, որ դա տեղի է ունեցել շինարարության ոլորտում պաշտոնապես արձանագրվող բարձր աճերի պայմաններում։ Այս տարվա հունվարին շինարարության ծավալները, վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել են 18.7 տոկոսով։

Շինարարության ծավալներն ավելացել են այսպիսի բարձր տեմպերով, բայց զբաղվածները կրճատվել են։

Ինչպե՞ս է դա հնարավոր, հավանաբար կարող է ասել միայն պաշտոնական վիճակագրությունը։

18.7 տոկոսանոց աճի պայմաններում 1.2 հազարով աշխատատեղերը կրճատվել են։ Թվում է՝ պետք է հակառակը լիներ, որքան ծավալներն ավելանում են, տրամաբանորեն պիտի ավելանային նաև զբաղվածները։ Բայց պաշտոնական վիճակագրությունն այստեղ էլ ունիկալ է գտնվել։ Անհասկանալի է, որ շինարարության մեջ ավելի քիչ մարդ է զբաղված եղել, բայց շինարարության ծավալները շարունակել են բարձր տեմպերով ավելանալ։

Նախորդ տարվա վերջի համեմատ գրեթե 5.2 հազար աշխատատեղ է փակվել մանրածախ ու մեծածախ առևտրի ոլորտում։ Ի դեպ, սա տնտեսության այն ճյուղն է, որն ամենամեծ քանակությամբ աշխատատեղերն է ապահովում։ Նախորդ տարվա վերջին այստեղ զբաղված էր 142.6 հազար մարդ։ Այդ տարվա հունվարին մնացել են 137.4 հազարը։

Հաջորդ ոլորտը, որտեղ աշխատատեղերի մեծ անկում է գրանցվել, մշակող արդյունաբերությունն է։ Այստեղ էլ աշխատատեղերը պակասել են ավելի քան 4 հազարով։ Հունվարին մշակող արդյունաբերության մեջ զբաղված է եղել 90.9 հազար մարդ։

Տարեսկզբին ավելի քան 3 հազար աշխատող է կրճատվել կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում։ Սպասարկման այլ ծառայություններում էլ կրճատվել է 2.9 հազար աշխատող։ Գյուղատնտեսության մեջ նախորդ տարվա վերջի համեմատ՝ այս տարվա սկզբին շուրջ 1.7 հազարով պակաս զբաղված է եղել։

Չկա գրեթե մի ոլորտ, որտեղ տարեսկզբին աշխատատեղերն ու զբաղվածությունը կրճատված չլինեն։ Այդպիսի երևույթը տարեսկզբին, իհարկե, նոր չէ, ամբողջ խնդիրն այն է, որ այս տարի աշխատատեղերի կրճատման տեմպերն աննախադեպ մեծ են եղել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս