Եթե վտանգի աստիճանը մեծանա, ապա Իրանը ստիպված կսկսի հարվածներ հասցնել Ադրբեջանում տեղակայված իսրայելական օջախներին. Մանգասարյան

Փետրվարին սկսված Իրան-ԱՄՆ-Իսրայել ռազմական բախման այս փուլում ակտիվ կերպով թիրախավորվում են նավթային և էներգետիկ օբյեկտները, և արդեն խոսվում է ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի հաշվով ունեցած տարբեր նպատակների մասին:

Այս թեմայի համատեքստում մի շարք հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի հետ:

– Արդեն մոտ մեկ ամիս է` Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական օպերացիան սկսվել է, սպանվել են Իրանի ռազմական և քաղաքական ղեկավար անձինք: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ ռազմական, մարտավարական առումով ինչպե՞ս կգնահատեք Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի ընթացքը, ով ինչ առավելություններ ունի, կամ ի՞նչ առավելություններ և թույլ կողմեր են ցուցադրում կողմերը՝ Իրան, ԱՄՆ, Իսրայել, այդ թվում՝ մարտավարական, ռազմական, ռազմատեխնիկական: Ի դեպ, այս ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Իրանին մի առիթով հասկացրել է, թե Իսրայելի և ԱՄՆ-ի հետ բախման մեջ մտնելուց առաջ պիտի լավ պատրաստվեր և ուժային հաշվարկներ աներ. «Կիբեռհետախուզություն, ռադիոհետախուզություն, էլեկտրոնային հետախուզություն, կանխիչ հետախուզություն, օդային հսկողություն, արբանյակային տվյալների հիման վրա հետախուզություն… Եթե դուք չեք կատարել ձեր «տնային աշխատանքը» և չեք զարգացրել ձեր կարողություններն այս ոլորտներում, ապա չարժի անգամ բանավոր փոխհրաձգության մեջ մտնել Իսրայելի և Ամերիկայի հետ:

Եթե դուք իսկապես պատրաստվում եք նման մարտի, ապա ձեր ուժն այս ոլորտներում պետք է անթերի լինի: Բացի այս, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել իր օդային տարածքը, նա պետք է բարձր արդյունավետություն ապահովի ՀՕՊ, ռադիոլոկացիոն և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի ոլորտներում»:

Կարդացեք նաև

– Հակամարտության ներկա ընթացքը վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ տեխնոլոգիական և հետախուզական գերակայությունը դեռևս մնում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմում: Կիբեռհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և արբանյակային հսկողության ոլորտներում այս տանդեմի ունեցած կարողությունները թույլ են տալիս իրականացնել վիրահատական ճշգրտության հարվածներ, ինչը մենք տեսանք նաև նախորդ տարվա 12-օրյա սրացումների ժամանակ։

Իսրայելի և ԱՄՆ-ի ուժեղ կողմերից հիմնականն ինտեգրված հետախուզական համակարգերի արդյունավետությունն է․ HUMINT, SIGINT, կիբեռհետախուզություն և արբանյակային տվյալները միավորված աշխատում են մեկ օպերացիոն ցանցում։ Այդ համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն հայտնաբերել թիրախները, այլ նաև իրական ժամանակում ուղղորդել հարվածային միջոցները։

Իրանի պարագայում պատկերը տարբեր է։ Թեև տեխնոլոգիական և օդային ոլորտներում այն զիջում է, սակայն ցուցադրում է նախանձելի դիմադրողականություն և ռազմավարական համբերություն։ Իրանը կառուցել է ասիմետրիկ պատերազմի մոդել՝ հենվելով միջին հեռահարության հրթիռների և անօդաչուների վրա։ Միևնույն ժամանակ նման հակառակորդների դեմ հաջողության հասնելու համար, բնականաբար, կարևոր են կիբեռ, ռադիոէլեկտրոնային և օդային վերահսկման կարողությունները, որտեղ Իրանը, դե ֆակտո լինելով մենակ, ունի որոշակի խնդիրներ։ Այնուամենայնիվ, Իրանը փորձում է այդ բացերը լրացնել ոչ ստանդարտ լուծումներով։

Առանձնահատուկ ուշադրության արժանի է Իրանի կամային գործոնը։ Եթե պատկերացնենք, թե ինչ տեղի կունենար ԱՄՆ-ի, Իսրայելի կամ որևէ այլ երկրի հետ, եթե նրանք ունենային այնպիսի բարձր մակարդակի կորուստներ՝ հատկապես ազդեցիկ ռազմական և գիտական շրջանակներում, ինչպիսին ունեցել է Իրանը, ապա մեծ հավանականությամբ կտեսնեինք լուրջ ներքին ճգնաժամ։ Իրանը, հակառակը, ցուցադրում է կայունություն և համակարգային դիմադրություն։ Սա խոսում է այն մասին, որ վատագույն սցենարներն այնտեղ ոչ միայն հաշվարկվել են, այլև տարիներ շարունակ ինտեգրվել են պետական ռազմավարության մեջ։

Այս փուլում տպավորություն է ստեղծվում, որ Իրանը գնում է սառնասիրտ և հաշվարկված «վա-բանկի»՝ լավ հասկանալով, որ այլ տարբերակ ուղղակի չկա։ Միաժամանակ տեսնում ենք, թե ինչպես են միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող գրեթե բոլոր կարմիր գծերն օրեցօր հատվում։ Մնում է, թերևս, ամենավտանգավոր սահմանը՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը, սակայն ներկա դինամիկան ցույց է տալիս, որ նույնիսկ այդ գիծն այլևս երաշխավորված չէ։

– Իրանի դեմ պատերազմի ֆոնին Իսրայելի ռազմավարական դաշնակից Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ վատ հարաբերություններ չունեցող Թուրքիայի բռնած դիրքն ի՞նչ հետին մտքեր ունի, բացի այն, ինչ պաշտոնապես հայտարարվում է: Ի դեպ, Իրանը կարծես թե չի հավատում Ադրբեջանի անկեղծությանը, որ իր տարածքը չի տրամադրի 3-րդ երկրի, կամ այնտեղ չկան իսրայելական օբյեկտներ:

– Թուրքիայի համար Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդհանուր առմամբ, բացում է նոր հնարավորություններ։ Տարածաշրջանային մրցակցության տեսանկյունից Իրանը հանդիսանում է այն հիմնական խաղացողներից մեկը, որը սահմանափակում է Թուրքիայի ազդեցության ընդլայնումը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում։ Իրանի թուլացումը՝ անկախ պատճառներից, նշանակում է, որ Անկարան ստանում է ավելի լայն դաշտ իր քաղաքական և տնտեսական նախաձեռնություններն առաջ տանելու համար՝ ներառյալ էներգետիկ նախագծերը և տրանսպորտային ուղիները։ Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է վարել զգուշավոր քաղաքականություն՝ չանցնելով բացահայտ հակաիրանական դիրքավորման, քանի որ շահագրգռված է պահպանել տնտեսական կապերը և խուսափել անկանխատեսելի հետևանքներից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա գիտենք, որ նրանք հայտարարում են՝ իրենց տարածքը չի օգտագործվում Իրանի դեմ գործողությունների համար, սակայն, կարծում եմ, որ Իրանում այդ հայտարարություններին, մեղմ ասած, չեն հավատում։ Թեհրանի կասկածները հիմնականում պայմանավորված այն հանգամանքով, որ Բաքուն ունի խորքային ռազմավարական հարաբերություններ Իսրայելի հետ։

Հատկապես կարևոր է հիշել, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Իսրայելի դերակատարումը զգալի էր՝ ռազմական տեխնոլոգիաների և սպառազինության մատակարարման տեսանկյունից, ինչն էապես նպաստեց Ադրբեջանի հաջողությանը, և, բնականաբար, Բաքուն ունի որոշակի պարտավորություն Իսրայելի նկատմամբ։ Ավելին, նախկինում արձանագրված մի շարք դեպքեր, որոնք Թեհրանում ընկալվել են որպես ոչ բարեկամական քայլեր, ավելի են խորացրել անվստահության մթնոլորտը։

Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության համար ակնհայտ է՝ Ադրբեջանը դարձել է մի հարթակ, որտեղից Իսրայելը կարող է «լսել և տեսնել» Իրանի խորքային գործընթացները։ Այս պայմաններում Բաքվի հավաստիացումներն Իրանում դիտարկվում են որպես ժամանակ շահելու մարտավարություն։

Արդյո՞ք Իրանի համար հենց այս պահին նպատակահարմար է կոշտ պատասխան տալ Ադրբեջանին, կարծում եմ, որ Իրանում հաշվարկում և գնահատում են՝ ներկայիս լարվածության պայմաններում լայնածավալ կոնֆլիկտը հյուսիսային սահմանին կարող է լրացուցիչ խնդիրների բերել։

Միևնույն ժամանակ կարծում եմ, որ եթե վտանգի աստիճանը մեծանա, ապա Իրանը ստիպված կսկսի հարվածներ հասցնել Ադրբեջանում տեղակայված իսրայելական օջախներին։

– Նախիջևանի կարևորությունն այս պատերազմի համատեքստում որքանո՞վ ընդգծվեց՝ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի համար, և, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է հնարավոր Նախիջևանին հարված հասցնել ոչ իրանական անօդաչու թռչող սարքերով:

– Նախիջևանի աշխարհագրական դիրքը՝ միաժամանակ սահմանակցելով Իրանին և Թուրքիային, նրան վերածում է պոտենցիալ ռազմաքաղաքական հենակետի։ Նախիջևանի աշխարհագրական դիրքն է այն գործոնը, որը տեսականորեն այն դարձնում է նաև հարմար հարթակ Իրանի դեմ գործողությունների համար՝ լինի դա հետախուզական ակտիվություն, անօդաչու համակարգերի կիրառություն կամ այլ ձևաչափի ներգործություն։

Թուրքիայի համար այս տարածքն ունի ոչ պակաս կարևորություն, քանի որ այն ապահովում է ուղիղ սահման Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սա հնարավորություն է տալիս Անկարային արագ արձագանքել տարածաշրջանային զարգացումներին և անհրաժեշտության դեպքում ուժեղացնել իր ռազմական և քաղաքական ներկայությունը։ Իրանի հնարավոր թուլացման պայմաններում Նախիջևանը կարող է վերածվել թուրքական ազդեցության առաջխաղացման կարևոր հենակետի։

Իրանի տեսանկյունից Նախիջևանը շարունակում է մնալ բարձր ռիսկային ուղղություն։ Թեհրանում բազմիցս ակնարկվել է, որ այդ տարածքը կարող է օգտագործվել երրորդ երկրների, հատկապես՝ Իսրայելի կողմից։

Ինչ վերաբերվում է ԱԹՍ-ին, ապա այստեղ, իմ կարծիքով, որոշակի տրամաբանության ենթարկվող երկու տարբերակ կա, և երկուսն էլ, կարծում եմ, կյանքի իրավունք ունեն։

Առաջինն այն է, որ Իրանում գործողությունների կառավարումը որոշ չափով ապակենտրոնացված է, և հնարավոր է, որ առանձին զորամիավորման հրամանատար ինքնուրույն որոշում է կայացրել՝ «պատժելու» Ադրբեջանին՝ վերջինիս ներգրավվածության համար հակաիրանական գործընթացներում։

Մյուս վարկածը ենթադրում է, որ նման գործողությունը կարող էր կազմակերպված լինել Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից՝ նպատակ ունենալով սրել հակաիրանական տրամադրությունները։

– Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Պետական կարիքների համար հողերի օտարման մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն՝ պետական կարիքների ցանկում, որոնց համար կարող է իրականացվել հողերի օտարում, ավելացվել է պետական սեփականություն հանդիսացող օդանավակայանների, աերոդրոմների ընդլայնումը, ինչպես նաև՝ նոր օդանավակայանների և աերոդրոմների կառուցումը: Գիտենք, որ օկուպացված Արցախի տարածքներում կան ադրբեջանական օդանավակայաններ, սա դեռ 2020 թվականի պատերազմի արդյունքում, արդյո՞ք դրանց ընդլայնում կարող է լինել, ի դեպ, անդրադառնանք ևս մեկ անգամ դրանց ռազմական, լոգիստիկ դերին Ադրբեջանի համար:

– Գաղտնիք չէ, որ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը մեծ ինտենսիվությամբ և զարմանալի արագությամբ սկսեց օդանավակայանների կառուցումը, մասնավորապես՝ Ֆիզուլիում, Զանգելանում և Լաչինում։ Թեև պաշտոնական քարոզչությունը դրանք ներկայացնում է՝ որպես «միջազգային քաղաքացիական օդանավակայաններ», իրականությունն այլ է. մինչ օրս քաղաքացիական չվերթերը սպասարկվել են, կարելի է ասել, մատների վրա հաշված, իսկ դրանց տնտեսական ծանրաբեռնվածությունը մնում է զրոյականին մոտ։

Հենց իրանական իշխանական և փորձագիտական շրջանակներից բազմիցս տեսակետներ են հնչել, որ այս օդանավակայանները կառուցվում են, որպեսզի հետագայում Իրանի դեմ որպես պլացդարմ օգտագործվեն։ Իրանական կողմը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ այս օբյեկտները կարող են տրամադրվել Իսրայելի հատուկ ծառայություններին։

Ադրբեջանում ընդունված օրենսդրական փոփոխությունները պետք է դիտարկել՝ ոչ միայն որպես տնտեսական կամ ենթակառուցվածքային նախաձեռնություն, այլ՝ որպես ավելի լայն ռազմավարության մաս։ Եթե հաշվի առնենք տարածաշրջանային լարվածության աճը և Իրանի նկատմամբ ձևավորվող ճնշումները, ապա օդանավակայանների արագ կառուցումը կարող է ունենալ հեռահար նպատակներ։

– Ի դեպ, ի՞նչ տարաձայնություններ կարող են լինել Ադրբեջանի և Թուրքիայի միջև Իրանի դեմ պատերազմի ֆոնին, որը չի երևում:

– Եթե Թուրքիան ձգտում է Իրանի թուլացմանը՝ սեփական տարածաշրջանային գերիշխանությունն հաստատելու համար, ապա նա ամենևին շահագրգռված չէ Իրանի լիակատար փլուզմամբ։ Անկարայի համար Իրանի քաոսը նշանակում է միլիոնավոր փախստականների հոսք դեպի իր սահմաններ և քրդական գործոնի հնարավոր ակտիվացում, մինչդեռ Բաքուն կարող է ավելի արմատական հավակնություններ ունենալ՝ կապված «Հարավային Ադրբեջանի» գաղափարի և էթնիկ զարթոնքի հետ։

Երկրորդ կարևոր հակասությունը կայանում է Իսրայելի դերակատարման մեջ, որն Ադրբեջանի համար ռազմավարական թիվ մեկ գործընկերն է Իրանի հարցում, սակայն Թուրքիայի համար մնում է գաղափարական և քաղաքական մրցակից Մերձավոր Արևելքում։ Իրանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է դառնալ իսրայելական ռազմական մեքենայի հիմնական հենակետը, ինչը Թուրքիայի նախագահ Էրդողանի համար կարող է ընկալվել՝ որպես Իսրայելի ազդեցության անթույլատրելի մեծացում իր «հետնաբակում»։ Անկարան չի ցանկանա տեսնել մի իրավիճակ, որտեղ Բաքուն ավելի շատ հրահանգներ է ստանում Թել Ավիվից, քան իրենից, ինչը կարող է հանգեցնել լուրջ ներքին խանդի:

– Հայաստանն ի՞նչ հետևություններ պետք է անի այս ամենի ֆոնին՝ Իրանի դեմ պատերազմի, ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերություններ ստեղծելու, ՀԱՊԿ-ից դե ֆակտո հեռանալու, առհասարակ, անվտանգային տեսանկյունից:

– Հայաստանի առաջնային հետևությունը պետք է լինի՝ հետևել իրադարձությունների զարգացմանը, մշտապես վերագնահատել ռիսկերը և պատրաստ լինել տարբեր սցենարների՝ սկսած սահմանային անկայունությունից մինչև տարածաշրջանային հաղորդակցությունների խափանում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքականության, այսպես կոչված, բազմավեկտոր մոտեցումը չի կարող իրական արդյունավետություն ունենալ, եթե այն կտրված է տարածաշրջանային իրականություններից։

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը կարևոր է, սակայն դա չպետք է արվի ի վնաս անմիջական հարևանների հետ հարաբերությունների, հատկապես՝ Իրանի, որը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև կենսական անվտանգային գործընկեր է։ Նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ից դե ֆակտո հեռանալու գործընթացին․ այն պետք է ուղեկցվի հստակ հաշվարկներով, այլընտրանքային անվտանգության մեխանիզմներով, և ոչ թե՝ մնա «վակուումի» մեջ։

Հայաստանը պետք է ցուցաբերի հումանիտար ժեստ բարեկամ Իրանին՝ ուղարկելով որոշակի օգնություն, օրինակ՝ բժշկական անձնակազմ կամ հրշեջ-փրկարարական փոքր ստորաբաժանումներ։ Տարակուսելի է այն իրողությունը, երբ Հայաստանը կարողանում է հումանիտար բեռ ուղարկել Թուրքիա՝ նույնիսկ այդ նպատակով Մարգարայի անցակետի բացմանը հասնելով, սակայն նմանատիպ վճռականություն չի ցուցաբերում դարավոր բարեկամ Իրանի պարագայում։

Եթե հարևանիդ տանը հոգեհանգիստ է, իսկ դու ոչ միայն չես գնում կարեկցելու, այլև բարձր երաժշտություն ես միացնում ու ցուցադրաբար զվարճանում, դա առնվազն անհեռատեսություն է։ Չի կարելի սեփական հարևանի ցավն անտեսել միայն այն պատճառով, որ հեռավոր օվկիանոսից այն կողմ գտնվող հեռու բարեկամդ լարված հարաբերություններ ունի այդ ընտանիքի հետ։ Անտեսել լավ հարևանի դժբախտությունը՝ նշանակում է վտանգել սեփական տան խաղաղությունն ապագայում։

Տեսանյութեր

Լրահոս