«Լավ կլինի՝ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ուղղակի հեռանա». Շահե Աճեմյան
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը, այդպիսով փաստացի Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։
Այսօր Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը փորձեց հերքել 4 տարի առաջ Պրահայում իր արած քայլը՝ ասելով, թե Արցախը վաղուց էր ճանաչված Ադրբեջանի կազմում։
«Ոչ մի Կառավարություն Ղարաբաղի համար չի արել այնքան, որքան արել է մեր կառավարությունը, ինչը թվերով տեսանելի ու ապացուցելի է։
Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, ՀՀ-ն միշտ այն ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցրել է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը զարմանալի չէ, քանի որ համարում է՝ Փաշինյանն Ալիևի եղբայրն է։
«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել։ Այս ամենի համար Նիկոլ Փաշինյանը և ամբողջ ՔՊ-ն պետք է պատասխան տան։ Այդ պատասխանը տալու են իշխանափոխությունից հետո։ Ավելին՝ Հայաստանում այդ իշխանափոխությունը լինելու է ու գիտեք ինչպե՞ս՝ Նիկոլ Փաշինյանը, եթե հանկարծ վարչական ռեսուրսով ընտրվեց, ապա ժողովուրդը փողոց է դուրս գալու այնպես, ինչպես 2018 թվականին էր դուրս եկել։
Փաշինյանն Ալիևի ախպերն է, էլ ինչպե՞ս ասեմ, Հայաստանում բոլորին դարձրեցին Ադրբեջանի գործակալներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շահե Աճեմյանը։
Ըստ ազատամարտիկի, արդեն հայ ժողովրդի կոկորդին է հասել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, դրա համար ոտքի է կանգնելու ու իրական հեղափոխություն է անելու։
«Լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ուղղակի հեռանա։
Ազգային ուժերը դրանից հետո Հայաստանը կպաշտպանեն, Արցախի մասին էլ կմտածեն»,- հավելեց Շահե Աճեմյանը։



