Ռիսկերը մեծանում են. Ի՞նչ կմնա թոշակառուին թոշակների բարձրացումից
Մինչ կառավարությունը թոշակառուներին կաշառելու համար ընտրություններից 3 ամիս առաջ շտապում է թոշակները 10 հազար դրամով բարձրացնել, գնաճը սպառնում է չեզոքացնել թոշակների բարձրացման ազդեցությունը։ Վերջին շրջանում Հայաստանում գնաճը նկատելիորեն ակտիվացել է։ Մի շարք տարածաշրջանային ու ներքին գործոններով պայմանավորված՝ մեծացել են նաև թանկացումների պոտենցիալ ռիսկերը։
Առայժմ Կենտրոնական բանկը ձեռնպահ է մնում արձագանքել այդ իրավիճակին և վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Բայց այսպես շարունակվելու դեպքում՝ դրանցից խուսափելն անհնարին կլինի։
Գնաճի ակտիվացում Հայաստանում նկատվեց արդեն տարեսկզբին։ Նախորդ տարվա 3.3 տոկոսից, հունվարին տասներկուամսյա գնաճը բարձրացավ 3.8 տոկոսի։ Փետրվարին թանկացումների տեմպը շարունակեց արագանալ, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվեց 4.3 տոկոս գնաճ։
Գնաճի արագացումը թելադրված էր հատկապես պարենային ապրանքների շուկաներից, որտեղ թանկացումների տեմպերը շատ ավելի բարձր են։ Եթե անցած տարվա վերջին սննդամթերքի գնաճը 4.3 տոկոս էր, այս տարվա հունվարին դարձավ՝ 5.9, իսկ փետրվարին հասավ 6.5 տոկոսի։
Նույնիսկ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ սննդամթերքի բազմաթիվ տեսակների գները երկնիշ տեմպերով են բարձրացել, սա արդեն լուրջ ահազանգ է սպառողական շուկաների ու սպառողների համար։ Խոսքը հատկապես այն քաղաքացիների մասին է, որոնց եկամուտների ավելացում չի ակնկալվում։ Գնաճի ակտիվացման ու թանկացումների ընդլայնման պայմաններում նրանք ստիպված են ավելի շատ ծախսել, եթե ունեն նման հնարավորություն, կամ կրճատել սպառողական պահանջարկը։
Երկու դեպքում էլ դա լինելու է ի վնաս քաղաքացիների այս խմբերի, որոնց հոգսերը թեթևացնելու համար քաղաքական իշխանությունը պատրաստ չէ անգամ խոստացած նվազագույն աշխատավարձը բարձրացնել։
Ժամանակին թոշակառուներին էին ասում՝ թոշակները բարձրացնենք, որ ինչ անեն, միևնույն է՝ փողը ծախսել չգիտեն, հիմա էլ ասում են՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումն է անիմաստ, դա ոչինչ չի տա։ Հարց է առաջանում, եթե այդպես է, ինչո՞ւ են նվազագույն աշխատավարձի բարձրացման «անիմաստ» խոստումը ներառել կառավարության առաջնահերթությունների մեջ։
Հասկանալի է, որ նման հայտարարությունների նպատակը նվազագույն աշխատավարձի բարձրացումից խուսափելն է, ինչպես ժամանակին խուսափում էին բարձրացնել թոշակները։ Միայն այն բանից հետո, երբ տեսան, որ կանգնած են թոշառակուների ձայները կորցնելու փաստի առաջ, առանց հիմքերի ու հիմնավորումների՝ որոշեցին հապճեպ բարձրացնել թոշակները՝ խնդիրներ ստեղծելով՝ ինչպես այս, այնպես էլ՝ հետագա տարիների բյուջետային ֆիսկալ կայունության համար։ Բայց քանի որ դրված է իշխանությունը կորցնելու հարցը, իսկ իշխանության պահպանումը ՔՊ-ականների գերագույն նպատակն է՝ թքած ունեն, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ հետագայում։ Դրա համար էլ շտապեցին ապրիլի 1-ից բարձրացնել թոշակները՝ միաժամանակ մեծացնելով նաև այդ հատվածից սպասվող գնաճային ռիսկերը։
Թոշակների բարձրացումը խթանելու է գնաճը, ու դեռ հարց է՝ դա ավել շատ ի օգո՞ւտ, թե՞ ի վնաս թոշառակուների է լինելու։
Բազմաթիվ ապրանքների շուկայում արդեն տեսնում ենք ակտիվ գնաճային դրսևորումներ։
Մսամթերքը վերջին 1 տարում հասցրել է թանկանալ 8.2 տոկոսով։ Երկնիշ գնաճ է գրանցվել՝ ինչպես տավարի, այնպես էլ՝ խոզի ու գառան մսի պարագայում։ Պաշտոնական տվյալներով, տավարի միսը թանկացել է 12.5 տոկոսով, խոզի միսը՝ 11.7 տոկոսով, գառան միսը՝13.3 տոկոսով։ Ձկնամթերքի գնաճը կազմել է 9.6 տոկոս, կաթնամթերքինն անցել է 10 տոկոսից։
Կտրուկ թանկացել է հատկապես ձուն՝ նախորդ տարվա համեմատ՝ ավելի քան 19 տոկոս։
Յուղերի ու ճարպերի գնաճը կազմել է 6.2 տոկոս, ձավարը թանկացել է 6.4 տոկոսով, հնդկացորենը՝ 10.1 տոկոսով, ալյուրը՝ 6.2 տոկոսով, մակարոնեղենը՝ 8.6 տոկոսով։
Քաղցրավենիքի, մասնավորապես՝ շոկոլադի գնաճը մեկ տարում հասել է 10.6 տոկոսի։ Սուրճը թանկացել է 8.7 տոկոսով, կակաոն՝ ավելի քան 36 տոկոսով։
Ակտիվ է նաև մրգերի ու բազմաթիվ այլ ապրանքների, ինչպես նաև՝ ծառայությունների գնաճը։
Եվ այս բոլոր թանկացումների հետևանքներն իրենց վրա կրում են սպառողները։ Շատերը, այլ հնարավորություններ չունենալով, ստիպված են լինում կրճատել ծախսերը, իսկ իշխանությունները հպարտանում են, թե բարելավել են մարդկանց կյանքը։ Իրենց կյանքը, որ բարելավել են ու պետության հաշվին այնքան են ավելացրել սեփական եկամուտները, որ արդեն թանկացումները չեն էլ նկատում, կարծում են, թե շարքային քաղաքացու կյանքն էլ է բարելավվել։
Գնաճային այն ակտիվությունը, որը տեսնում ենք վերջին շրջանում՝ սպառնում է բազմահազար քաղաքացիների գրպաններին, որոնք նախկինում էլ հազիվ էին կարողանում սեփական գոյությունն ապահովել։ Բայց դա դեռ ամբողջը չէ։ Հայաստանում ոչ միայն գնաճն է ակտիվացել, այլև գնաճային ռիսկերն են մեծացել՝ թելադրված հատկապես տարածաշրջանային վերջին զարգացումներից, մասնավորապես՝ Իրանի վրա իսրայելա-ամերիկյան հարձակումից։ Այդ հարձակումից հետո սրվել են լոգիստիկ խնդիրները։ Իրանի միջոցով կատարվող բեռնափոխադրումները մեծամասամբ դադարեցվել են կամ կրճատվել։ Այլ ճանապարհներով բեռնափոխադրումների իրականացումն ավելի ծախսատար է ու ժամանակատար, ինչն էլ ազդում է տեղափոխվող բեռների գների վրա։
Հայտնի է, որ Իրանն արդեն հայտարարել է նաև երկրից սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանումն իսպառ դադարեցնելու մասին։ Իրանական գյուղատնտեսական որոշ ապրանքների սպառման շուկաներից մեկն էլ Հայաստանն է։ Ընդ որում՝ դրանք Հայաստանի համար ոչ միայն սպառողական, այլև տնտեսական նշանակություն ունեն։ Իրանից լուրջ կախվածություն ունի հատկապես կաթնամթերքի արտադրությունը, որը մեծապես հիմնված է իրանական հումքի վրա։
Իրանից Հայաստան ներմուծվում են նաև մի շարք այլ գյուղմթերքներ, մրգեր ու բանջարեղեն, որոնք անհամեմատ ավելի մատչելի են։ Դրանց ներմուծման դադարեցումը մեծացնում է գնաճային ճնշումներն ու թանկացումների իրական ռիսկեր է ստեղծում ներքին շուկայում։
Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ ավելացել են նաև այլ երկրներից Հայաստան եկող գնաճային ռիսկերը։ Դրանց ազդեցություններն առայժմ գուցե այնքան էլ տեսանելի չեն, բայց որքան երկար շարունակվի տարածաշրջանային այս անկայունությունը, առավել ևս՝ ռազմական բախումները, այնքան կմեծանան փոխանցվող վտանգները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



