Փաշինյանն արդեն պայմանավորվե՞լ է Ալիևի հետ՝ Ադրբեջանը երբ է հարձակվելու. Քրիստինե Վարդանյան

«Պատերազմի կուսակցությունը» Հայաստանում ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքներին։

«Նիկոլ Փաշինյանն է ղեկավարը, ում կառավարման տարիներին գրանցվել են ամենաշատ պատերազմներն ու հարձակումները, իսկ եթե Փաշինյանն արդեն օրով, ժամով ասում է՝ Հայաստանի վրա երբ է հարձակում լինելու կամ երբ է պատերազմ լինելու, չեմ կարող ինձ զսպել ու չհարցնել՝ պայմանավորվե՞լ են արդեն Ադրբեջանի հետ, Փաշինյանը պայմանավորվե՞լ է Ալիևի հետ՝ երբ է Ալիևը հարձակվելու Հայաստանի վրա։ Ի՞նչ է նշանակում՝ ամսաթվով ասել, որ Հայաստանի վրա հարձակում է լինելու կամ Հայաստանի դեմ պատերազմ է լինելու։ Իսկ կարո՞ղ է՝ ոչ մի պատերազմ էլ չկա, և Փաշինյանն ուղղակի անընդհատ սպառնում է հայ հասարակությանը պատերազմով»,- պատասխանեց պատգամավորը։

Վարդանյանը նկատում է՝ վերջին ժամանակաշրջանում այլևս Ադրբեջանը չի սպառնում Հայաստանին պատերազմով, այլ դա անում է Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

«Հիմա դա նորմա՞լ է, որ որևէ երկրի ղեկավարություն սեփական ժողովրդին անընդհատ սպառնա պատերազմով։ Հայաստանում որևէ ղեկավար չի եղել, որը պատերազմ է հրահրել, պատերազմ է բերել։ Եթե Փաշինյանն այդպիսի քաղաքականություն է վարել, ու սա ինքնախոստովանական ցուցմունք է, շատ լավ կարող ենք ընդունել դա՝ որպես ինքնախոստովանական ցուցմունք, բայց իրենից բացի՝ ուրիշ մեկը չկա, որ պատերազմ է հրահրել։

Եթե մեր մասին է խոսում, օրինակ՝ Դաշնակցություն, Երկրորդ նախագահ, ապա իրենց իշխանության տարիները եղել են ամենախաղաղ տարիները, և այդ ժամանակաշրջանում որևէ պատերազմ չի գրանցվել։ Ո՞նց կարող է մարդը, ում օրոք ամենաշատ պատերազմներն ու հարձակումներն են եղել, խոսել պատերազմների ու հարձակումների մասին։ Կարո՞ղ է՝ եթե ինքը չլինի իշխանության, դա չլինի։ Սեփական հասարակությանն Ալիևից շատ սպառնալ պատերազմով՝ հանցագործություն է սեփական հասարակության նկատմամբ»,- հավելեց դաշնակցական պատգամավորը։

Քրիստինե Վարդանյանն Իրանի դեմ շարունակվող պատերազմից ու տարածաշրջանում տիրող իրավիճակից բխող բարձր ռիսկեր է տեսնում՝ Հայաստանին սպառնացող, և նշում է, որ իրանա-իսրայելա-ամերիկյան պատերազմը արդեն իսկ անմիջական ազդեցություն է ունենում Հայաստանի վրա։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու իրեն ենթարկվող ուժային կառույցների պատասխանատուները, ինչպես մեկնաբանում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը, Հայաստանի անվտանգային ռիսկերն ու խնդիրները թողած՝ զբաղված են նախընտրական քարոզարշավով։

Ընդդիմադիր պատգամավորը նաև անդրադարձավ ԱԺ ընտրություններին արտաքին միջամտության ու «հիբրիդային սպառնալիքների» չարչրկված թեմային և, մասնավորապես, այն հանգամանքին, որ Փաշինյանն ու իր թիմակիցները միայն ակնարկներով են խոսում և ակնարկներով են փորձում սլաքներն ուղղել Ռուսաստանի ուղղությամբ, ինչպես նաև՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությանը, թե «հիբրիդային արագ արձագանքման խումբ» են ուղարկելու Հայաստան՝ օգնելու ընտրություններին ընդառաջ հակազդել արտաքին միջամտությանը։

Քրիստինե Վարդանյանը Եվրամիության այս առաքելությունը գնահատում է ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին, բայց նաև «կառուցողական» առաջարկ է անում տիկին Կալասին.

«Կլինի՞ Հայաստանի իշխանություններն ուղիղ և հրապարակային հայտարարեն՝ որտեղից են գալիս «հիբրիդային սպառնալիքները», ոչ թե գնան, իր ականջին շշնջան, հետ գան էստեղ, գնան Մոսկվա, ասեն՝ չէ, ձեզ նկատի չունենք։

Կլինի՞ ուղիղ հայտարարեն, որ բոլորի համար պարզ լինի՝ էդ «հիբրիդային սպառնալիքները» որտեղից են։ Ինքնիշխանությունից են ամեն օր խոսում։ Ի վերջո, եթե ֆիքսել են, որ որևէ մայրաքաղաքից, ուժային կենտրոնից կա «հիբրիդային սպառնալիք», ինչո՞ւ դրա մասին ուղիղ չեն խոսում։

Ի՞նչ է նշանակում ԱՀԾ այդ հայտարարությունը, որ մանրամասն նկարագրում է՝ բացահայտել են սխեմա ինչ-որ երկրի ուժային կառույցների ներգրավվածության, և չի ասում՝ ո՞ր երկրից։ Վախենո՞ւմ են։ Էդ ի՞նչ իշխանություն է, որ վախենում է «Ռուսաստան» բառն ասելուց։

Էդ ի՞նչ ինքնիշխանություն է։ Ինքնիշխանությո՞ւն է, թե՞ չէ։ Եթե Ռուսաստանից են բացահայտել, ինչո՞ւ չեն ասում էդ բառը։ Տենց վախենալու բա՞ռ ա, թե՞ խաղերի տեղ են թողնում»։

Մարտի 16-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը որոշում են կայացրել շարունակելու համագործակցությունը։ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ չնայած հարվածներին, քաղաքական հալածանքներին ու աննախադեպ ճնշումներին՝ «Հայաստան» դաշինքը ոչ միայն մնաց կենսունակ, այլև այսօր ներկայանում է նորացված և ընդլայնված կազմով։ Շնորհանդեսի ընթացքում հայտարարվել է, որ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում «Հայաստան» դաշինքի՝ ՀՀ վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Երկրորդ նախագահն իր ելույթում հայտարարել է, որ իրենք տրամադրված են վճռական և իրենց նպատակը հաղթանակն է ընտրություններում։

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 19-ին, Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ընդդիմադիր ուժերին հերթական անգամ անվանել էր «պատերազմի կուսակցություն»՝ հայտարարելով, թե «խաղաղության ռևիզիայի դիրքերից հանդես եկող ուժերը պատրաստվում են նոր սեպտեմբերյան պատերազմի՝ ծանր հետևանքներով»։

Նիկոլ Փաշինյանը նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև նախորդ շաբաթ՝ մարտի 11-ին, Եվրոպական խորհրդարանի ամբիոնից ունեցած իր ելույթի ընթացքում՝ ասելով, թե «հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները ցինիկ կերպով խախտած որոշ հոգևորականներ Հայաստանում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ համախմբելով նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների, և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս