Պուտինը ծնկի է իջել պարալիմպիկ խաղերի մեդալակրի առջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Բարեկամության շքանշաններով է պարգևատրել Իտալիայում կայացած Պարալիմպիկ խաղերի ռուսաստանցի չեմպիոններին։
Մարզական բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, տոկունության և նպատակասլացության համար Բարեկամության շքանշաններ են ստացել դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը և նրա ուղեկցորդ մարզիկ Սերգեյ Սինյակինը, լեռնադահուկորդներ Ալեքսեյ Բուգաևը և Վարվառա Վորոնչիխինան, դահուկորդ Իվան Գոլուբկովը։
«Վերջին 12 տարում առաջին անգամ մենք նաև կարողացանք տեսնել, թե ինչպես է պարալիմպիկ պատվո հարթակի վերևում կրկին բարձրանում մեր հարազատ ռուսական դրոշը, և առանձնակի հուզմունքով ու հպարտությամբ լսեցինք Ռուսաստանի օրհներգը՝ ձեր շնորհիվ»,-ասել է Պուտինը։
Դահուկավազքի չեմպիոն Իվան Գոլուբկովին պարգևատրելիս Պուտինը ծնկի է իջել։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այդ աջակցության համար։ Ես գիտեմ, որ Դուք շատ եք աջակցում մեզ՝ պարալիմպիկիկներիս։ Երբ ես նվաճեցի այս մեդալը, ես այս մեդալը նվիրեցի Ձեզ և մեր ողջ մեծ երկրին»,-պարգևատրման արարողության ժամանակ ասել է Գոլուբկովը։
Ռուսաստանը 3–րդն է Միլանի Պարալիմպիկ խաղերում
Պետական պարգևների են արժանացել նաև նրանց մարզիչները։ Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրվել է դահուկավազքի և բիաթլոնի Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականի ավագ մարզիչ Իրինա Գրոմովան, իսկ Բարեկամության շքանշանով՝ հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցող անձանց լեռնադահուկային սպորտի հավաքականի ավագ մարզիչ Ալեքսանդր Նազարովը և մարզիչ Ալեքսեյ Տուրբինը։ Կույրերի սպորտի դահուկավազքի և բիաթլոնի Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Ալեքսեյ Կոբելևն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանի մեդալի։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել մարզիկներ Դմիտրի Ֆադեևին և Ֆիլիպ Շեբո Մոնզերին, որոնք Իտալիայի Խաղերում մասնակցել են պարասնոուբորդի մրցումներին, և նրանց մարզիչներ Եվգենի Պրոնաշկոյին, Պավել Ռոժկովին, Օլգա Սեմյոնովային և Անդրեյ Ստրոկինին։
2026 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերն անցկացվել են Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում՝ մարտի 6-ից 15-ը։ 2014 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի ներկայացուցիչները մրցումներին մասնակցել են ազգային դրոշով և օրհներգով։ Ռուսաստանի հավաքականը, որի կազմում խաղերին մասնակցել են վեց մարզիկներ, նվաճել է 12 մեդալ, որոնցից 8–ը՝ ոսկե։ Մեդալային հաշվարկում ռուսաստանցիները զբաղեցրել են 3–րդ տեղը:



