
2018-Ի ԴԸՄՓ-ԴԸՄՓ-ՀՈՒ-ԵՐԸ, ԿԱԹՍԱՆԵՐԻ ԽՓԵԼԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷՐ. ԷԼԻՏԱՐՆԵՐ ԵՎ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ․ ՍԱ՛ Է ԵԼՔԸ. #ԴԱՍԵՐ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն ու պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանն են։
Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Միքայել Մալխասյան.- Պետք չէ մտածել, որ եթե Հայոց Մեծ եղեռնի, Ցեղասպանության մասին հիշում ենք՝ որպես ողբերգական իրադարձություն, դա կարող է մեզ թուլացնել։ Ո՛չ, դա կարող է մեզ նաև ուժեղացնել, եթե մենք գործում ենք նպատակային, եթե նպատակը Չարենցի նկարագրած երկիր Նաիրին չէ։ Հետաքրքիր է՝ երբ գործող իշխանությունը «Երկիր Նաիրիից» մեջբերումներ է անում, դա ինքնիշխանության մասի՞ն է խոսում։
Էրդողանն ասում է՝ այո՛, հայերը զոհվել են, բայց զոհն է մեղավոր, որ ինքը զոհվել է։ Սա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Նույն թեզերը Հայաստանում են կրկնվում իշխանությունների կողմից։ Իրականում խնդիրը մեր՝ մեր հայրենիքում ապրելու մեջ է։ Իրենք չեն ուզում, որ մենք այստեղ ապրենք։ Իրենք ընդունում են, որ հայեր են կոտորվել, բայց չեն ընդունում, որ դա ցեղասպանություն է։
Ցեղասպանության ժխտողականությունը նաև ծաղր է աշխարհի բոլոր այն պետությունների նկատմամբ, ովքեր ճանաչել են այն։
Հայաստանում կարող են Հրանտ Դինքին ընդունել՝ որպես հայ ազգայնական, աստվածացնել, սակայն նա ազգայնական չէր։ Նա Թուրքիայի պատրիոտ էր, բայց նա գոնե «ցեղասպանություն» բառն օգտագործում էր, ի տարբերություն Կարո Փայլանի։ Պետք է սթափ լինել, չընկնել պատրանքների հետևից ու Թուրքիայում հայ պատրիոտներ չփնտրել։
Թուրքիայի համար Հայաստանի այս իշխանությունների գործողությունների շնորհիվ հրաշալի հնարավորություն է ստեղծվում՝ իր պատմության հետ չառերեսվելու ու հետագայում նույնը կրկնելու համար։
Հայաստանի այս իշխանությունը համընթաց է գնում Թուրքիայի արտաքին քաղաքական ուղղվածության հետ։ Եթե այսօր խաղաղության մասին են խոսում, ապա այդ խաղաղությունը լինելու է Թուրքիայի օրակարգով։ Ի՞նչ երաշխիք, որ այդ խաղաղությունը գերեզմանային չի լինելու։ Չէ՞ որ մեր լեզվում գերեզմանը նաև հանգստարան են անվանում։
Միքայել Բադալյան.- Իրենց պատմությունն ու անցյալն ուրացող ազգերն ապագա չեն ունենում։ Նրանք մի օր դադարում են ազգ լինելուց։
Մենք Աստծուն մոտ գտնվող ազգ ենք։ Ունենք առաքելություն։ Մեր թշնամիները դա լավ գիտեն, բայց մենք ենք դա մոռանում։ Նույնիսկ Աստվածաշնչում է ասվում, որ դրախտը Հայաստանում է։
Նույնիսկ մեր այս վիճակում՝ պարտված ու թույլ, թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները վախ ունեն մեր նկատմամբ։
Երբ դու սկսում ես ապրել ուրիշների նարատիվներով, դու սկսում ես դառնալ դրանց կրողը։
Դու Թուրքիայի հետ կարող ես բանակցել մի դեպքում, երբ դու սեղանի շուրջ ես նստած ու քեզնից բան ես ներկայացնում։ Հակառակ դեպքում այդ բանակցությունները վերածվում են ձևականության։ Թուրքիան՝ որպես պետություն, ուղղակի չի ուզում, որ լինի Հայաստան, ու դա գալիս է դարերով։ Պետք է շատ լավ իմանալ, թե ով է թուրքը։ Իհարկե, եղել են ժամանակներ, երբ իրավիճակն այլ է եղել, երբ դու քեզնից բան ես ներկայացրել, որովհետև Սարդարապատում կռվողը չի մտածել, որ Արևմտյան Հայաստանն Արմավիրն է։ Ուժեղ ես՝ կռվի՛ր, քո փայը վերցրու։ Աշխարհում միայն ուժի գործոնն է կարևոր։
Ինչո՞ւ է «Հայոց պատմություն-8» դասագրքում տեղ գտել հայերի՝ իբր բալկանյան ծագում ունեցող գաղութարարներ լինելու՝ թուրքական, վաղուց հերքված թեզը, ընդ որում՝ որպես առաջին տեսակետ։ Ինչո՞ւ է նույն դասագրքում գրվում, որ Ուրարտուն Էրեբունու հետ կապ չունի․․․ Այս իշխանությունները ոչինչ պատահական չեն անում, թուրքական թեզերով դասագրքեր են գրվում, խեղաթյուրվում է մեր պատմությունը…
Այսօր ո՞վ է հիշում Նաիրի Զարյանին կամ Գևորգ Աբովին։ Եթե հիշում էլ են, միայն իրենց կոլաբորացիոնիստական գործունեության համատեքստում…
Միքայել Մալխասյան.- Խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման ժամանակ Խորենացի է ընթերցվում, այլ, որ «Ողբն» է ընթերցվում։ Այո, սա աղանդավորական ինչ-որ շարժում է հիշեցնում ու ծես․ նպատակը՝ ուղերձ հղել, որ ամեն ինչ շատ վատ է, բայց մեսիան մեկն է ու ահա եկել է փրկելու…
Իրականում, Խորենացու «Ողբը» ներկայացնում է 428 թվականից հետո կործանված պետականության ու 440թ․՝ Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահից հետո, էլիտայի մահը։ Մեզ փոխանակ պետականության մասը ներկայացվի, ներկայացվում է պետականության ավարտի մասը, մինչդեռ Խորենացին ասում էր՝ փրկության բանալին թագավորությունն է, այսինքն՝ պետականությունը։ Ուղղակի ամոթ էր, որ գիտաշխատողներ ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ գնում, նստում, դա լսում ու ծափահարում են։
Այն մարդիկ, ովքեր պնդում են, որ հայ-թուրքական երկխոսությունը հնարավոր է, որ հասցնի հայ-թուրքական կարգավորման, կա՛մ միամիտ են, կա՛մ միտումնավոր մոլորեցնում են մեզ, որովհետև այդ երկխոսությունն անհնար է առանց խոշոր խաղացողների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի։
Թուրք-ադրբեջանական տանդեմը գիտի, որ մենք պոտենցիալ ունեցող ժողովուրդ ենք, ու մի օր կարող ենք ուղղել մեր մեջքը, հզորանալ ու իրավիճակ փոխել։ Հետևաբար՝ պահը որսացել են ու փորձում են ամեն ինչ ստանալ իրենց ուզածով այնքան, մինչև անցնեն անդառնալիության կետը, որ այլևս ոչինչ փրկել հնարավոր չլինի։
Մի բան է՝ բանակցել, ինչպես նախորդ երեք բանակցողները, փոխզիջումների շուրջ, մեկ այլ բան՝ ամեն ինչ զիջել։ Հասել ենք այնտեղ, որ Արցախի ժողովուրդն անգամ իր բնօրրանում ապրելու իրավունքից է զրկվել։
Միքայել Բադալյան.– Մարզերի մարդը մեղք չունի։ Ո՞վ պետք է իրազեկի նրան։ Բացում է կայքերը կամ Յութուբը, տեսնում է՝ դոկտոր-պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ, գիտնական նստում է, ծափահարում «Կրթվելը նորաձև է» շարժման հեղինակին, ի՞նչ պիտի մտածի՝ դե, մարդը խելոք, կրթված մարդ է, մի բան գիտի, որ գնացել նստել է։ Կամ ի՞նչ է նշանակում՝ «Կրթվելը նորաձև է»․ նոր հասկացա՞ք, որ նորաձև է, վաղը կարող է ուրիշ բան նորաձև լինել։ Կրթվելը նորաձև չէ, հաց ուտելու պես սովորական բան է։ Մեր պապերը պատմական Հայաստանում հսկայական միջոցներ էին ներդնում, դպրոցներ հիմնում, որովհետև գիտեին՝ կրթվելը կարևոր է։
Մի օր մենք բոլորս պատասխան ենք տալու մեր արարքների համար։ Էլիտա ասածը մեծ փորով շատ փող ունեցող մարդը չէ։ Դա ուսուցիչն է։ Գերմանիայում պրոֆեսորը քննադատում է երկրի նախագահին, ու նա դա որպես շատ կարևոր փաստ է ընդունում։
Երբ դու կորցնում ես դեմքդ, ինքնությունդ, էլ դու ոչ մեկի պետք չես։ Դուք կասե՞ք Հայաստանի լեզու, չէ չէ՞, հայոց լեզու են ասում։ Կարող է մի օր էլ որոշի դարձնել Հայաստանի լեզու, ինչպես Հայաստանի պատմություն դարձրեց, կամ արարատյան բարբառ։
Միքայել Մալխասյան.- Ադրբեջանի Սահմանադրությամբ՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կան տարածքային կոնկրետ պահանջներ։ Երբ ՀՀ գործող իշխանությունն ասում է, թե Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է, Ադրբեջանը մտավախություն ունի, չեն ուզո՞ւմ ասել, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի 70% տարածքների նկատմամբ նկրտում կա։
Միքայել Բադալյան.- Հայհոյանքն այսօր դարձել է սովորական երևույթ։ Նման բան երբեք չի եղել, այս տիպի սև ու սպիտակ, բաժանարար գծեր չի եղել։ Եթե Արցախի մեր հայրենակիցների, քույրերի ու եղբայրների նկատմամբ նման ատելության քարոզ է տարվում, ուրեմն նրանցից վախ կա։ Նշանակում է՝ վախենում են, որ արցախցիները կարող են վերադառնալ Արցախ ու դառնալ գործոն։ Այս ամենը տարբեր ուժեր շատ լավ հասկանում են։ Հասկանում են, որ կարող են լինել պրոցեսներ, որտեղ արցախցիները կարող են լինել ընդդիմադիր կոմպոնենտ։ Մարդիկ տուն ու տեղ, շիրիմներ են ունեցել, բա ումի՞ց պահանջեն։ Այս ատելության քարոզի նպատակը մեկն է՝ Հայաստանն արցախցիներից հայաթափելը։ Չկա Արցախի հայություն, չկա Արցախի խնդիր։ Զզվեցնում են, որ մարդիկ թողնեն-գնան։
Մենք գործ ունենք համակարգի հետ, ու այդ համակարգին հաղթելու համար պետք է գործես համակարգով ու ցանցեր ստեղծելով։ Այսօր սեղանի վրա դրված է Հայաստանի լինել-չլինելու, մեր ինքնության, մեր դավանանքի հարցը։
2018թ․ Հրապարակը, դըմփ-դըմփ-հու-երը, կաթսաների խփելը մարդկանց վրա ներազդելու ծեսեր են… դա պատահական չէր արվում: Պետք էր հերոս, հերոսի արքետիպ, որը տվյալ դեպքում Մոնթե Մելքոնյանն էր, քավության նոխազ, բեմ․ սրանք բոլորը ծիսակարգի բաղադրիչներ են… Այդ օրերին մի բառ էր ասվում, որից հետո ծափեր էին հնչում՝ ՀՀ հպարտ քաղաքացի։ Այն դեպքում, երբ հպարտությունը մեղք է։ Բոլորին մեղսակից էին դարձնում այդ օրերին…
Մեր գլխավոր պայքարը հոգևոր դաշտում է, լույսի դաշտում։ Շատ կարևոր է, որ մենք գանք դարձի։ Քրիստոնեությունը նաև կոչվում է հայոց դարձ։
Միքայել Մալխասյան.- Էլիտարներ և գաղափարներ․ սա՛ է ելքը։ Սպառողական հասարակության քոչվորական անալոգիան է այստեղ կիրառվել։ Հպարտությունը 7 մոլությունների մեջ առաջինն է ու գլխավոր մեղք։ Հպարտության ճանապարհով մարդը գնում է Աստծուց իրեն վեր դասելու ճանապարհով․ սա կործանման ճանապարհ է։ Էլիտաներն իրենց վրա առաքելություն պիտի վերցնեն, ինչպես 5-րդ դարում արեց Մեսրոպ Մաշտոցը՝ իր սաների հետ ստեղծելով հայկական ինքնություն ու էլիտար մշակույթ։ Մարդիկ պետք է պատրաստ լինեն պատասխանատվություն վերցնել։ Նվիրյալներ են պետք։
Մանրամասները՝ տեսանյութում։