Սպառնում են

Հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում։ Մինչ Ռուսաստանում սկսել են խոսել ԵԱՏՄ-ից Հայաստանի «քաղաքական ապահարզանի» մասին, Հայաստանի իշխանություններն այն թեզն են առաջ տանում, որ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունեն։

Իրականում իշխանությունները ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունեն, այլ այս պահին, անգամ մեծագույն ցանկության դեպքում, չեն կարող նման օրակարգ ունենալ, որովհետև դա կլինի ինքնասպանություն Հայաստանի համար։ Հայաստանը ոչնչով պատրաստ չէ ԵԱՏՄ-ից դուրս գալուն։ Նախ, որ նրան ոչ մի այլ տեղ չեն սպասում, և երկրորդ՝ այլընտրանքային հնարավորություններ չեն ստեղծել՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու կորուստները գոնե ինչ-որ չափով փոխհատուցելու համար։ Դրա համար այս պահին նախընտրում են մնալ ԵԱՏՄ-ում, որտեղից Հայաստանը տնտեսական օգուտներ է ստանում, չնայած իշխանության քաղաքական կողմնորոշումները բացահայտ այլ ուղղությամբ են գնում։

Այս պահին Հայաստանի իշխանությունների ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունը միանգամայն բնական է։ Այլ բան, թե նման քաղաքական կողմնորոշումներով՝ այնտեղ որքանով են պատրաստ հանդուրժել Հայաստանի գտնվելը։

Այն, ինչ անում են, բնականաբար, շատերին դուր չի գա։ Ուստի կարող են անգամ չսպասել Հայաստանի իշխանությունների որոշմանը և սեփական նախաձեռնությամբ հանդես գան։ Չնայած Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ ԵԱՏՄ կանոնակարգերն իրենց թույլ են տալիս արգելափակել այդ գործընթացը։

Կարդացեք նաև

«Մենք ԵԱՏՄ լիակատար անդամ ենք՝ դրանից բխող իրավունքներով և պարտականություններով, և որևիցե նման խոսակցություն մեր օրակարգում գոյություն չունի։ ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են․․․ Եթե մեր օրակարգում նման հարց լինի, Հայաստանը կորոշի, թե ինչպես քվեարկի։ Բայց եթե Հայաստանը չքվեարկի, մտածե՞լ եք, թե ինչ է լինելու այդ դեպքում․․․»,- ասում է Ալեն Սիմոնյանը՝ չբացելով փակագծերը, բայց անուղղակի սպառնալով՝ պարալիզացնել ԵԱՏՄ աշխատանքները։

Իրավական առումով գուցե նման հնարավորություն կա, բայց գործնականում ի՞նչ է շահելու դրանից Հայաստանը։ Միշտ էլ կգտնվեն միջոցներ՝ նման կազուսային իրավիճակներից դուրս գալու համար։ Բայց եթե անգամ չգտնվեն, բավական է որոշ սահմանափակումների կիրառում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զրկվի ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններից։ Նման իրավիճակների բազմիցս ականատես եղել ենք՝ իր ծանր հետևանքներով։ Ոչ ցանկալի զարգացումների պարագայում, այդ հետևանքները շատ ավելի ցավոտ կարող են լինել՝ հաշվի առնելով այն, թե ինչքան ընդգրկուն են Հայաստանի տնտեսության կապերը ռուսական շուկայի հետ։ Այդ կապերի ազդեցությունները մեղմելու ուղղությամբ վերջին տարիներին գրեթե ոչինչ չեն արել՝ տնտեսության ու արտահանման դիվերսիֆիկացիայի մասին մեծ-մեծ խոսելուց բացի։ Այսօր էլ նույնն է տեղի ունենում։

Արտաքուստ տպավորություն են ստեղծում, թե Հայաստանի արտահանման աշխարհագրությունը ԵԱՏՄ-ից, մասնավորապես՝ Ռուսաստանից, տեղափոխվում է ԵՄ շուկաներ։ Բայց դա հեռու է իրականությունից։ Ճիշտ է, այս տարի էլ արտահանումը Ռուսաստան շարունակել է նվազել, բայց նվազման հիմնական պատճառն այն է, որ ռուսական շուկա Հայաստանի միջոցով իրականացվող վերաարտահանումներ են պակասել։ Հայտնի է, որ վերջին տարիների արտահանումների գրեթե կեսը հենց վերաարտահանումներն էին, որոնք աստիճանաբար նվազում են։

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից հետո դրանք նվազագույնի կհասնեն։ Բայց դա չի նշանակում, որ դրանից հետո ռուսական շուկան կորցնելու է իր նշանակությունը Հայաստանի տնտեսության համար։ Հայկական ապրանքների արտահանման առումով այդ շուկայի դերը վերջին տարիներին նույնիսկ ավելի է մեծացել։ Ու այն, որ ի տարբերություն ռուսական շուկայի, տարեսկզբին նկատվում է ԵՄ արտահանման կտրուկ աճ, դա բոլորովին չի նշանակում, թե հայկական ապրանքները ռուսականից տեղափոխվում են եվրոպական շուկաներ։

ԵՄ արտահանումն ավելացել է գերազանցապես մեկ ապրանքատեսակի արտահանման հաշվին։ Հավանաբար հասկացաք, թե խոսքը որ ապրանքատեսակի մասին է. Այն ապրանքատեսակի, որի արտահանումը երբեք էլ արտահանման շուկաների առումով խնդիրներ չի ունեցել։

Խոսքը հումքային ապրանքների մասին է, որոնց հաշվին էլ տեղի է ունեցել ԵՄ արտահանման աճը։

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանումը 4.5 տոկոսով աճել է։ Պաշտոնական տվյալներով, անցած տարի կազմել էր 1 մլրդ 683 մլն դոլար, այս տարի եղել է 1 մլրդ 760 մլն դոլար։ Այս աճը տեղի է ունեցել բացառապես հանքահումքային ապրանքների արտահանման հաշվին։

Գրեթե կրկնակի ավելի շատ հանքահումքային ապրանքներ են արտահանվել Հայաստանից, քան նախորդ տարի։ Գումարային արտահայտությամբ այն կազմել է 434 մլն դոլար։

Նախորդ տարվա համեմատ՝ հումքային ապրանքների արտահանումն ավելացել է 213 մլն դոլարով։ Դրա վրա, իհարկե, ազդել է՝ ինչպես արտահանման ծավալների ավելացումը, այնպես էլ՝ թանկացումը։ Բայց դա այն է, ինչը դարձել է արտահանման աճի միակ պատճառը։ Տնտեսության մյուս բոլոր ոլորտները միասին ոչնչով չեն ավելացրել արտահանման ներուժը, ինչը լրջորեն մտածելու տեղիք է տալիս։

Միայն հումքային ապրանքների արտահանումն ավելացել է 213 մլն դոլարով, իսկ ընդհանուր արտահանումը՝ 77 միլիոնով։ Սա նշանակում է, որ մյուս բոլոր ապրանքների գումարային արտահանումը նվազել է։ Եվ միայն հանքահումքի արտահանման կրկնակի ավելացումն է, որը հանգեցրել է արտահանման, այդ թվում՝ ԵՄ երկրներ արտահանման ծավալների ավելացման։

Հումքային ապրանքների այդ 213 մլն դոլար ավելի արտահանման  կեսը գնացել է ԵՄ։ Բայց դա բոլորովին չի նշանակում, թե արտահանման իրական դիվերսիֆիկացում է տեղի ունեցել, կամ ռուսական ու ԵԱՏՄ շուկաներից հայկական արտադրության ապրանքները տեղափոխվել են ԵՄ շուկաներ։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Ռուսաստանը եղել ու շարունակում է մնալ հայկական ապրանքների, հատկապես գյուղատնտեսական ու վերամշակվող ապրանքների արտահանման հիմնական շուկան։ Այս պայմաններում, այդ շուկան կորցնելը, թեկուզ մասնակի, կոտրելու է՝ ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության մեջքը, անկախ նրանից՝ ԵԱՏՄ-ից բաժանումը կլինի քաղաքակի՞րթ, թե՞ ոչ քաղաքակիրթ ապահարզանի տեսքով։

Դրանից տուժելու է առաջին հերթին Հայաստանի այն «հպարտ» քաղաքացին, որի եկամուտներն այսօր էլ հազիվ են բավարարում սեփական կարիքները հոգալուն։ Վաղը, եթե այնպես ստացվի, որ աշխարհաքաղաքական հակասությունները տեղափոխվեն տնտեսության մեջ, և կորցնենք ոչ միայն հայկական ապրանքների արտահանման գլխավոր շուկաներից մեկը, այլև զրկվենք մի շարք առաջնային ապրանքների արտոնյալ ներմուծումներից, շարքային «հպարտ» քաղաքացին ու հասարակության սոցիալապես անապահով խավն է իր վրա կրելու այդ բեռը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031