Ինչո՞վ է, օրինակ, Լֆիկի դղյակը տարբերվում Ծառուկյանի դղյակից, որ դա էլ չես վերցնում. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սա փաստորեն ոչ թե «երեխաների հեղափոխություն» է, ինչպես հայտարարում է Փաշինյանը, այլ բոլշևիկյան, որովհետև բոլշևիկներն էին իշխանության գալիս` հարուստներից ունեցվածքը խլելու և այն աղքատներին բաժանելու լոզունգներով: Բոլշևիկներն էին աղքատ, անգրագետ, չարացած զանգվածին հանում փողոց` ընդդեմ մտավորականների, հարուստների, Ցարի, ընդդեմ ռուսական էլիտայի: Բոլշևիկներն էին օգտվում ժողովրդի խավարամտությունից, չարքաշ կյանքից, հարուստի ու կրթվածի հանդեպ դասակարգային ատելությունից:

Թե 2026-ին Նիկոլի հայտարարած հեղափոխությունն ինչ ճակատագիր կունենա, պետք չէ հեռուն գնալ, բավական է հիշել բոլշևիկյան հեղափոխության և Սովետական Միության ճակատագիրը… բայց մենք 70 տարի ժամանակ չունենք, որ բոլշևիկյան մտածողության աղետաբերության մեջ համոզվենք…

Գագիկ Ծառուկյանի դղյակը ժողովրդին վերադարձնելու խոստումներ տվողին (թե ինչու է դա կոչում վերադարձ` երբ է դա եղել ժողովրդինը, որ հիմա էլ խոստանում է վերադարձնել, պարզ չէ) պետք է ընդամենը հարցնել` 8 տարվա ընթացքում ինչու՞ այդ «վերադարձը» չես իրականացրել, ինչու՞ ժամանակին չէիր հիշում, որ դա ժողովրդից «խլված» դղյակ է` ասենք, այն ժամանակ երբ Ծառուկյանի խմբակցության շնորհիվ վարչապետ էիր ընտրվում:

Ինչո՞վ է, օրինակ, Լֆիկի դղյակը տարբերվում Ծառուկյանի դղյակից, որ դա էլ չես վերցնում ու դարձնում, ասենք, մանկական ճամբար:

Նույն տրամաբանությամբ պետք է «Ռոսիա» կինոթատրոնը, Սիլպլազայի շենքը վերցնեին Սուքիասյանից ու դարձնեին մանկապարտեզ ու կինոթատրոն, Շշի Մելոյի դղյակը` թանգարան, Գագիկ Մելքոնյանի բիզնեսները` զինվորական ճաշարան և այլն, և այլն…

Հարուստներ ու աղքատներ հակամարտությունն ու սոցիալական անհավասարությունը մարդկության պատմության ողջ ընթացքում ուղեկցել է հասարակություններին: Պետության դերը եղել է այդ անհավասարությունը մեղմելը, աղքատներին պաշտպանելը, սոցիալական ծրագրերով նրանց կյանքը հեշտացնելը:

Դրան նաև հարուստներն ու հաջողակներն են մասնակցել միշտ` հարկեր վճարելով, բարեգործական ծրագրեր իրականացնելով: Ոչ մի նորմալ պետություն- իշխանություն իր աղքատ խավին չի հրահրել ու չի հրահրում հարուստ խավի դեմ, որովհետև դա հղի է բախումներով, քաղաքացիական պատերազմով:

Որովհետև հարուստներն էլ կարող են իշխանություններին «պատերազմ» հայտարարել և երկիրը կարող է քաոսի մեջ հայտնվել: Որովհետև հարուստ խավի մեջ են նաև խելացիներն ու կրթվածները, ուժեղներն ու ազդեցիկները:

Իսկ այս իշխանությունը ոչնչացրել է հասարակությանը ջունգլիներից տարբերող որակները, ավիրել է սերունդների և սոցիալական խավերի համերաշխության նշույլները: Աղքատին հանել է հարուստի դեմ, հիմարին` խելոքի, անկիրթին` կրթվածի, անհայրենիքին` հայրենասերի, «հայաստանցուն»` արցախցու…չհային` հայի դեմ…

Մերժեք ՔՊ-ին և մեր երկրում դժվարությամբ, բայց կվերականգնվեն համերաշխությունը, պատմական օրինաչափություններն ու արդարությունը…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031