ՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «ՀայաՔվե» ազգային-քաղաքական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • 2020թ. նոյեմբերի 10-ի առավոտյան՝ 3-4-ին, երբ իմացա, թե ինչ է եղել, անկեղծ երանի տվեցի զոհվածներին, որ չտեսան այդ ամենը… Հիմա, որ հետադարձ մտածում եմ՝ միգուցե ավելի լավ կլիներ՝ ես էլ զոհված լինեի, որ չտեսնեի այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը բերել է երկրի գլխին…
  • Ես որևէ կասկած չունեմ, որ այն, ինչ արվել է Մոլդովայի ընտրություններում, անելու են նաև Հայաստանում: Բայց ես նաև վստահ եմ, որ մոլդովական սցենարն այստեղ չի աշխատելու, որովհետև այս ընտրությունները մեզ համար հանրաքվե են՝ լինե՞լ ազգային պետություն, թե՞ կուլ գնալ թուրք-ադրբեջանական տանդեմին: Մեր դեպքը, ի տարբերություն Մոլդովայի, արտաքին քաղաքական կողմնորոշման հարց չէ: Տեխնոլոգիան նույնն է, արդյունավետությունն է այլ լինելու: Փաշինյանն անգամ արցախցիների խաղաքարտի կիրառումն է կարողանալու սահմանափակ օգտագործել, որովհետև նրա հիմնական մրցակիցը հայաստանցի է, ոչ թե գագաուզ (Մոլդովայում Մայա Սանդուի մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն ազգությամբ գագաուզ է,- հեղ.), ինչպես Մոլդովայում: Սամվել Կարապետյանին հակահերոս դարձնելու սցենարն էլ չի աշխատում, որովհետև մարդիկ գիտեն՝ ով է Կարապետյանը ու ինչ է արել Հայաստանում: 
  • Փաշինյանը մեկուսացել է անգամ իր թիմի ներսում: Նրա թիմում էլ են կանխատեսում Փաշինյանի պարտությունն ու աշխատում են չերևալ, չխոսել: Ինքը կորցնելու բան չունի, բայց կողքիններն ունեն:
  • Անկասկած, ինֆորմացիոն հոսքերն ազդում են մարդկանց վրա, բայց ոչ երկար ժամանակ: Երբ առաջին ինֆորմացիոն շոկն անցնում է, մարդիկ սկսում են վերլուծել, մտածել: Ես մեր քաղաքացիներին կառաջարկեի արհամարհանքով վերաբերվել The Insider-ի նման կայքերի սև տեխնոլոգիաներին. մարդկանց վերաբերյալ դատեք նրանց գործերով:

Կարդացեք նաև

  • Նիկոլ Փաշինյան, դու ո՞վ ես, քեզնից ի՞նչ ես ներկայացնում, որ Արցախի հարցը փակես: Արցախի հարցը հայ ժողովրդի համար փակ չէ: Միգուցե հիմա դրա մասին չեն խոսում, բայց դա չի նշանակում, որ ժամանակը չի գալու, ու հարցը նորից օրակարգ վերադառնա: Փաշինյանն ինչ ցանել է, հիմա հնձում է: Ում դու տնավեր ես արել, տարել-կոտորել ես, հիմա գալիս, քեզնից պատասխան են պահանջում:
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատասխանատվություն է կրում Փաշինյանի այլանդակ վարքագծի համար, եթե այս անգամ էլ վարույթ չհարուցի, ինչպես չհարուցեց, երբ նա ընտրողներին շուն ու շանգյալ էր ասել: Բացի դրանից, այն թեկնածուն, որն ընտրարշավի ժամանակ բռնության կոչեր է անում մրցակիցների նկատմամբ, պետք է դուրս բերվի ընտրապայքարից: Գլխավոր դատախազությունը նույնպես փակել է աչքերը, կոծկել Փաշինյանի բազմաթիվ առերևույթ հանցագործությունները: Գլխավոր դատախազը նույնպես պատասխանատվություն է կրում Փաշինյանի առերևույթ հանցավոր վարքագծի համար, որովհետև շարունակաբար կոծկել է նրա հանցագործությունները, իսկ կոծկումը քրեական հանցագործություն է: Գլխավոր դատախազը կանգնելու է դատարանի առաջ ու պատասխան տա դրա համար:
  • Ընտրություններին մասնակցող 19 ուժերից մեկն ակնհայտորեն վեր է օրենքից, ամեն օր խախտում է օրենքները. սա մրցակցային անհավասար պայմաններ է ստեղծում: Այս խմբավորումը դուրս է եկել իրենց կյանքի ամենավերջին կռվին: Իրենք են այդպես որոշել: Մեր իրավապահ մարմինները չպետք է տուրք տան այս արկածախնդիրների օրինազանց արարքներին: Հարգելիներս, Փաշինյանը հեռանալու է, դուք իրեն հանցակից մի՛ դարձեք: Կանգնեք օրենքի կողքին: Մի՛ ընկեք Փաշինյանի ազդեցության տակ, ով գնում է ծայրահեղ արկածախնդրության՝ ելնելով իր մորթապաշտությունից:
  • Ընտրարշավում գտնվող թեկնածուին ազատազրկելու համար անհրաժեշտ է ԿԸՀ համաձայնությունը: Ես բացառում եմ, որ նա դա կանի, որովհետև արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ Նարեկ Կարապետյանը փաստաթղթային խնդիրներ չունի: Սա հուսահատության ակտ է Փաշինյանի վարչախմբի կողմից:
  • Ես կասկած չունեմ, որ Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է: Նա պատրաստ է հազարավոր մարդկանց արյունը թափել իր իշխանությունը պահելու համար: Բայց արդյո՞ք դա նրան կփրկի: Կարծում եմ, որ ոչ, որովհետև մարդիկ հերթական անգամ նրա հանցակիցը չեն դառնա: 
  • Փաշինյանը փաստացի ընդունել է, որ Տիգրանաշենը հանձնելու է, չի հերքել ադրբեջանական վերաբնակեցման մասին հարցը, որովհետև եթե դու կեղծ խաղաղության համար պատրաստ ես ամեն ինչ զիջել, դա էլ կզիջես: 

  • Սահմանադրության փոփոխության նախագիծ է պատրաստված, որը ՔՊ-ն մինչև ընտրություններ գաղտնի է պահում: Մեր տեղեկություններով՝ Սահմանադրությունից ուզում են հանել այն հոդվածը, որով արգելվում է օտարերկրացիներին հողի սեփականություն ունենալ, որպեսզի թուրքերն ու ադրբեջանցիները գան այստեղ, հողի սեփականատերեր դառնան ու արդյունքում հողը տանեն ձեռքներիցս:
  • Փաշինյանը չի թաքցնում, որ եթե Սահմանադրությունը փոխի, դատավորները ժամկետով են ընտրվելու, ինչպես Սահմանադրական դատարանի դեպքում է: Հարգելի դատավորներ, եթե ինչ-որ հրաշքով Փաշինյանը վերընտրվի, բոլորդ զրկվելու եք աշխատանքից, ու մինչև չանցնեք նրա թրի տակով, չեք շարունակելու ձեր պաշտոնավարումը:
  • Հայ հասարակության աչքից վրիպեց, երբ Նախիջևանի կարգավիճակն իջեցվեց, մինչդեռ դա «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու ճանապարհին կարևոր քայլ էր: Սրանով նա Սյունիքի անեքսիայի քայլն է նախապատրաստում: Ըստ էության Ալիևն ասում է՝ Ադրբեջանը ոչ թե մինչև Սյունիքն է, կամ Արցախը, այլ մինչև Նախիջևանի վերջը, որի արանքում գտնվող Սյունիքի սեպը պետք է վերացնել:
  • Փաշինյանը հաջորդ քայլով ասելու է՝ ժողովուրդ ջան, եթե ադրբեջանցիները չգան Հայաստան, պատերազմ է լինելու: Հայաստանում չկա որևէ մարգինալ ուժ, որը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում Ադրբեջանի հետ ռազմական գործողության է գնալու: 

Ինչո՞ւ պետք է լինի պատերազմ: Ադրբեջանը 2020թ. հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների թողտվությամբ է պատերազմ սկսել: Ինձ համար բացահայտ է, որ նոր իշխանությունն ուժային կենտրոնների հետ ավելի լավ կպայմանավորվի ու կկանխի ցանկացած պատերազմ, որովհետև բոլորի աչքերում Փաշինյանը բեռ է, մարած քարտ, ով արդեն ոչինչ չի կարողանում անել, հարցեր չի կարողանում լուծել անգամ երկրի ներսում: Ադրբեջանն այս պահին պատերազմ սկսելու ռիսկին չի կարող գնալ, որովհետև անմիջապես Իրանի առաջ իրեն խոցելի է դարձնելու: Սյունիքում մի անգամ եղած մարդը, Կապանում հյուպատոսությունը տեսած մարդն անմիջապես կհասկանա՝ ինչ նշանակություն ունի Իրանը մեզ համար:

  • Մխիթար Հայրապետյան, իսկ ձեր դերակատարությունը ո՞րն է, եթե զենք է արտադրվել և արտահանվել Հայաստանից: Դա մասնավորն է արել, առանց անուններ տալու: Դուք դրա համար ի՞նչ եք արել: Ձեր արածը ռազմարդյունաբերության բյուջեն թերակատարելն ու աշխատելուց խուսափելն է: Եվ այն, որ հիմա սպառազինություն է արտահանվել, ի հեճուկս ձեզ է արվել: Կրկնում եմ՝ ռազմարդյունաբերության բյուջեն արդեն քանի տարի թերակատարում եք…
  • Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի և Եվրամիության հետ համագործակցությունը, ինչպես եղել է անկախությունից ի վեր, բայց Փաշինյանը սա էլ է վերածել արկածախնդրության: Եվրամիությունում մեզ ոչ ոք չի սպասում: Կամ՝ ո՞ւր է ԵՄ-ի հետ Հայաստանի սահմանը, ո՞նց է Հայաստանը դառնալու ԵՄ անդամ, որպես անկլա՞վ: Փոխանակ 2017-ին կնքված CEPA-ի փաստաթուղթն իրականացնի, խորացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ, եկան անիմաստ օրենք ընդունեցին ԱԺ-ում… Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ մենք պետք է շարունակենք CEPA-ի շրջանակներում, միևնույն ժամանակ պետք է շարունակենք օգտվել ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից, որը մեզ համար՛ և ապրանքների, և՛ ներդրումների, և՛ աշխատուժի ամենամեծ շուկան է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031