Բրիտանացի քաղաքական գործիչը մեղադրել է Ռուսաստանի հատուկ ծառայություններին իր հեռախոսը, էլեկտրոնային փոստը և բանկային հաշիվները կոտրելու մեջ
Բրիտանական Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտարարել է, որ իր հեռախոսը, էլեկտրոնային փոստը և բանկային հաշիվները, ըստ ամենայնի, կոտրել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները՝ 5 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով խոշոր նվիրատվության մասին տեղեկություն ստանալու համար, գրում է Daily Mail-ը։
Կուսակցության աղբյուրների տվյալներով՝ Ֆարաջը սկսել է կասկածել «օտարերկրյա պետական կառույցների» միջամտությանը այն բանից հետո, երբ անցյալ ամիս հրապարակվեց Թաիլանդում բնակվող կրիպտոարժութային միլիարդատեր Քրիստոֆեր Հարբորնի կատարած նվիրատվության մասին տեղեկությունը։
Ինչպես պնդում են Reform UK-ի ներկայացուցիչները, միջոցների փոխանցման մասին տեղյակ էին միայն չորս մարդ, ինչից հետո Ֆարաջը որոշել է իր բջջային հեռախոսը դատա-տեխնիկական փորձաքննության հանձնել հակահետախուզության մասնագետներին։
Աղբյուրի վկայությամբ, փորձագետները եկել են այն եզրակացության, որ հարձակման հետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած էին Մոսկվայի հետ կապված կառույցներ։ Հաղորդվում է, որ չարագործներն օգտագործել են, այսպես կոչված, թիրախային ֆիշինգի մեթոդներ, երբ զոհին ծանոթների կամ գործընկերների հաղորդագրությունների անվան տակ ուղարկում են վնասակար հղումներ՝ գաղտնի տվյալներ հավաքող ծրագրեր տեղադրելու համար։
Ֆարաջի շրջապատում կարծում են, որ հնարավոր հարձակման պատճառ կարող էին լինել նրա աջակցությունը ՆԱՏՕ-ին, ինչպես նաև Հարբորնի կապերը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։
Հարբորնը ուղեկցել էր Ջոնսոնին Ուկրաինա կատարած այցի ժամանակ՝ 2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։
Ինքը՝ Ֆարաջը, հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում և ընդգծում բրիտանական անվտանգության նկատմամբ սպառնալիքը։
Միաժամանակ Ֆարաջը նշել է, որ չի մեղադրում պարբերականին հնարավոր արտահոսքին առնչություն ունենալու մեջ, սակայն կասկածի տակ է դրել Reform UK-ի հետ թերթի հետագա համագործակցության հնարավորությունը։
Միևնույն ժամանակ խորհրդարանական ստանդարտների հանձնակատարը ստուգում է, թե արդյոք Ֆարաջը խախտել է Համայնքների պալատի կանոնները՝ Հարբորնից նվեր ընդունելով 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունից քիչ առաջ։
Ֆարաջը պնդում է, որ պարտավոր չէր հայտարարագրել միջոցները, քանի որ դրանք օգտագործվել էին իր անձնական անվտանգության վճարման համար այն ժամանակահատվածում, երբ նա դեռ պատգամավոր չէր։
Անցյալ տարի Քրիստոֆեր Հարբորնը Reform UK-ին ընդհանուր առմամբ նվիրաբերել է 12 միլիոն ֆունտ։ Ավելի վաղ նա նաև ֆինանսավորել էր Պահպանողական կուսակցությանը Ջոնսոնի վարչապետության ժամանակ և Brexit Party-ին՝ Reform UK-ի նախորդ կուսակցությանը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին Ֆարաջից պահանջել է պարզաբանել, թե արդյոք նվիրատվության մի մասը կարող էր կապված լինել Ռուսաստանի էներգետիկ ընկերությունների հետ իրականացված գործարքների հետ։ Քաղաքական գործչին ուղղված նամակում Հիլին նաև խնդրել է հաստատել, որ Հարբորնին պատկանող և ավիացիոն վառելիքի ոլորտում գործող AML Global ընկերությունը պահպանել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ռեժիմը։
Եթե կոտրման մասին տեղեկությունը հաստատվի, Ֆարաջը կդառնա ևս մեկ բրիտանացի քաղաքական գործիչ, որը, ենթադրաբար, դարձել է օտարերկրյա հատուկ ծառայությունների թիրախ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2022 թվականին հաքերային հարձակման, որը կապվում էր ենթադրյալ ռուս գործակալների հետ, ենթարկվել էր նախկին վարչապետ Լիզ Թրասը։



