Մերձավոր Արևելք. Էրդողանի կառավարությունը քաջալերում է քուրդ իսլամիստներին

Էրդողանի կառավարությունը փաստորեն ճանապարհ է բացել արմատական քրդական իսլամիստական ցանցի վերածննդի համար, որը ձգտում է ստեղծել անկախ քրդական պետություն, որը հիմնված է շարիաթի վրա և ընդգրկում է քրդերի ավանդական բնակության տարածքները Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և Իրանում, գրում է Nordic Monitor-ը:

Դա հատկապես նկատելի է դարձել այն բանից հետո, երբ թուրքական դատարանները չհայտարարված չեղյալ են հայտարարել այդ խմբի անդամների նկատմամբ ահաբեկչության գործով առանցքային մեղադրական դատավճիռները։ Կազմակերպված զինված գործունեությունը ներկայացվել է՝ որպես սովորական քրեական գործ։

Խմբավորումը, որը հայտնի է՝ որպես Kürdistan Islami Devrim Hareketi (քրդական իսլամական հեղափոխական շարժում, KIDH), առաջին անգամ իր մասին հայտարարել է 1990-ականներին` որպես ընդհատակյա իսլամիստական կազմակերպություն, որը հանդես էր գալիս զինված պայքարի օգտին` Մերձավոր Արևելքի «բաժանված քրդական հողերում» Իսլամական քրդական պետություն ստեղծելու նպատակով:

Խմբավորման հիմնադիրների թվում են եղել Թուրքիայի քաղաքացիներ Մեհմեթ Բեկտաշը (խմբի առաջնորդը, որը հայտնի է նաև Յուսուֆ Մուհամմեդ Խոջա կեղծանունով), Օմեր Այբարը, Ադեմ Սագունը և Աթիլլա Քըլըչը։

Կարդացեք նաև

Թուրքական դատական փաստաթղթերը, ոստիկանության հետաքննությունները և դատարանի որոշումները, որոնք ուսումնասիրել է Nordic Monitor-ը, թույլ են տալիս եզրակացնել, որ քրդական ազգայնականությունն արմատական իսլամիստական գաղափարախոսության հետ միավորելու փորձը վերջնական խնդիր է` սահմանադրական կարգն իսլամական իրավունքի վրա հիմնված կրոնական ռեժիմով փոխարինելու տեսքով:

2026 թվականի մայիսի 13-ին Դիարբեքիրի դատարանն արդարացրեց սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ մեղադրվող յոթ մեղադրյալների, չնայած նախկինում դատապարտվել էին ցմահ ազատազրկման KİDH-ի անունից կատարված զինված բանկի կողոպուտի համար:

Այս վերանայումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Էրդողանի կառավարության կողմից նշանակված կրոնական դրդապատճառներով դատավորներով գերակշռող Գերագույն վերաքննիչ դատարանն անսպասելիորեն չեղյալ հայտարարեց նախորդ դատավճիռները: Այս որոշումը կտրուկ շեղում էր նախորդ դատական եզրակացություններից, որոնց համաձայն՝ կազմակերպությունն իրենից ներկայացնում էր կառուցվածքային զինված ցանց, որը զինված պայքարի, թալանի, շորթման և ընդհատակյա գործունեության միջոցով հետապնդում էր անջատողական իսլամիստական նպատակներ:

Նախնական գործը վերաբերում էր 2009 թվականի հոկտեմբերի 13-ին Դիարբեքիրի Բաղլար շրջանում պետական Ziraat Bank մասնաճյուղի զինված կողոպուտին: Դատարանի նյութերի համաձայն` դիմակավորված զինված անձինք ներխուժել են բանկ և զենքի սպառնալիքով թուրքական լիրայով, ԱՄՆ դոլարով և եվրոյով կանխիկ գումար հափշտակել:

Առաջին դատավարությունը սահմանել էր, որ կողոպուտը կատարվել է KİDH-ի անունից՝ կազմակերպության գործունեությունն ու քարոզչությունը ֆինանսավորելու համար։ Յոթ մեղադրյալներ՝ Բայրամ Բուլդուկը, Բայրամ Գյունեյը, Մուստաֆա Հոջաօղլուն, Իրֆան Յըլդըզը, Մեհմեդ Շիրինը, Մուհամմեդ Ասլանը և Բայրամ Քըլըչը, զինված գործողությունների միջոցով սահմանադրական կարգը տապալելու փորձի համար դատապարտվեցին ցմահ ազատազրկման, ինչպես նաև երկարատև ժամկետների՝ զինված կողոպուտի համար։

Այն ժամանակվա դատավճիռները ցույց էին տալիս, որ կազմակերպությունը թալանը, շորթումը և նմանատիպ հանցագործությունները համարում էր շարժման ֆինանսավորման կրոնական թույլատրելի միջոցներ։ Դատավորները եկել են այն եզրակացության, որ կասկածյալները բանկի կողոպուտ են ծրագրել այն բանից հետո, երբ որոշել են, որ «աղքատությունից դուրս գալու միակ միջոցը բանկը թալանելն է», հատկապես կազմակերպության ֆինանսական դժվարությունների և 2004 թվականից քրդերեն և թուրքերեն հրատարակվող Mizgin քարոզչական պարբերականի թողարկման դադարեցման խորապատկերին:

Այս ամսագիրը բացահայտորեն առաջ էր տանում անկախ իսլամական քրդական պետության գաղափարը։ 55-րդ համարում Mizgin-ը հրապարակել է «Քուրդիստանի անկախ պետության» քարտեզը, իսկ հաջորդ համարում` «Քուրդիստանի անկախ իսլամական պետության» քարտեզը (երկու համարներն էլ դրվել են դատարանի առջև)։

Սակայն կրկնակի դատավարության ընթացքում մեղադրյալները սկսել են հավաստիացնել, որ գնացել են հանցագործության` փորձելով լուծել իրենց կենցաղային խնդիրները։ Դատարանն ընդունեց այս փաստարկները և արդարացրեց բոլոր յոթին սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով` պատիժը թողնելով միայն սովորական ծանր կողոպուտի համար: Երկու մեղադրյալները, որոնք նախկինում մեղավոր են ճանաչվել կազմակերպությանը աջակցելու համար, լիովին արդարացվել են:

Այսպիսով, գործը փաստորեն կորցրեց ահաբեկչական բաղադրիչը, չնայած նախորդ բացահայտումներին և երկար տարիների հետաքննություններին, որոնք փաստագրում էին KIDH-ի գաղափարական կառուցվածքը, դրա հրապարակումները, կազմակերպչական հիերարխիան և զինված գործունեությունը: Քննիչների տվյալների համաձայն, որոնք մերժվել են կրկնակի դատավարության արդյունքում, KIDH-ը որդեգրել է քառափուլ ռազմավարություն, որն ուղղված է զինված ապստամբության միջոցով իսլամական պետության ստեղծմանը:

Գաղափարական քարոզչությունը և ինդոկտրինացիան (“tebliğ”) նախորդում էին փոքր կազմակերպչական բջիջների հավաքագրմանը (“kadro”), ընդհանուր գաղափարախոսության շուրջ զանգվածային մոբիլիզացմանը (“kitleselleşme”) և, ի վերջո, զինված ապստամբությանը (“devletleşme”):

Հետաքննության տվյալներով` կազմակերպության ակտիվիստները նախ համախոհներ են հավաքագրել դպրոցներում և բնակության շրջաններում ընկերների և ծանոթների շրջանում, այնուհետև ընդլայնել գործունեությունն այլ շրջաններում: KIDH-ը գործել է Դիարբեքիրում, Բաթմանում, Վանում, Էլազիգում, Գազիանթեփում և Մալաթիայում, ինչպես նաև ստեղծել է զինված բջիջներ, որոնք կոչվում են “Silahlı Savunma Birlikleri” (զինված պաշտպանական ստորաբաժանումներ, SSB) Դիարբեքիրի և Էլազիգ Նահանգներում:

SSB-ի անդամները պետք է իրականացնեին կազմակերպության կառավարման խորհրդի կողմից հաստատված գործողությունները՝ “Karma Şura” (KAŞ): Հետաքննության տվյալներով` SSB-ի մարտիկները հետախուզական տվյալներ հավաքելու, լրտեսելու, զենքի հետ վարվելու, ռումբերի պատրաստման, հարցաքննության մեթոդների, առաջին օգնության տրամադրման, հավաքագրման, տեղանքի հետախուզման, քարտեզագրման և զինված կողոպուտների պատրաստություն են անցել:

Ստորաբաժանումները կազմակերպվել են փոքր օպերատիվ խմբերում և անցկացրել դաշտային վարժանքներ` ապագա գրոհները նախապատրաստելու համար` սովորելով ժամանակակից մարտ վարելու, քողարկելու, առաջին օգնություն ցուցաբերելու կանոնները և այլն: Կազմակերպության դրամարկղը համալրվել է կողոպուտի, շորթման, գողության և առևանգման միջոցով` փրկագնելու նպատակով։

Նաև նշվում էր՝ KİDH-ն օգտագործել է որոշ օրինական մեդիա կառույցներ՝ որպես քողարկում հավաքագրման և գաղափարախոսական մշակման (ինդոկտրինացիայի) համար։ 2003 թվականին կազմակերպության անդամները ստեղծել են «Toplum Hakları ve Değerlerini Koruma Eğitim Yardımlaşma ve Dayanışma Derneği» (հայտնի՝ որպես Toplum-Der) բարեգործական-կրթական ասոցիացիան։

Ըստ KIDH-ի հետևորդների` այն ամենը, ինչ իրենց ձեռնտու էր, ընդունելի էր համարվում և ողջունվում։ Հետաքրքիր է, որ կազմակերպությունը Թուրքիային դիտարկում էր՝ որպես Dar al-Harb (անհավատության երկիր»)` մերժելով մասնակցությունը ընտրություններին և հանդես գալով պետական իշխանություններին ու պաշտոնյաներին ենթարկվելու դեմ: Քննիչները հայտնաբերել են դիվերսիոն գործողությունների նախապատրաստման հավաստի ապացույցներ, որոնք, ըստ երևույթին, «էրդողանական» դատավորների համար հիմք չեն հանդիսանում։ Թուրքական իշխանությունները ցանցի դեմ խոշոր գործողություններ են իրականացրել 2010-ի մայիսին և 2014-ի մայիսին:

Մի քանի նահանգներում համակարգված ռեյդերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ կասկածյալների, այդ թվում` ենթադրյալ առաջնորդների, քաղաքացիական ծառայողների և ակտիվիստների, որոնք կապված են Toplum-Der-ի և Mizgin ամսագրի հետ:Իշխանությունները հայտարարել են՝ խուզարկությունների ժամանակ առգրավվել են հրազեն, կազմակերպչական փաստաթղթեր, թվային նյութեր և գաղափարական գրականություն:

Կասկածյալները նաև կապ են ունեցել 2009 թվականի բանկի կողոպուտի և այլ հանցագործությունների հետ՝ ներառյալ առևտրային օբյեկտներում և կրոնական հաստատություններում կատարված գողությունները:

Չնայած նախկին գործողություններին և մեղադրական դատավճիռներին՝ կազմակերպությունը փաստացի հանգստի դադար է ստացել 2014-2017 թվականներին Էրդողանի կառավարության կողմից թուրքական դատական համակարգի և ոստիկանության լայնածավալ զտումից հետո: Այն ժամանակ աշխատանքից հեռացվեցին մոտ 5000 դատավորներ և դատախազներ և ավելի քան 20 հազար ոստիկանապետեր՝ Գյուլենի շարժման հետ կապերի մեղադրանքով, որը կրոնական շարժում էր, որը քննադատում էր կառավարությանը, այդ թվում` կոռուպցիայի և արմատական իսլամիստական խմբերի աջակցության հարցերով:

2022 թվականի նոյեմբերին երկար վերաքննիչ դատավարություններից հետո Թուրքիայի Սահմանադրական դատարանը, որի կազմը զտումներից հետո համալրվել էր Էրդողանի կողմնակիցներից, իրավունքների խախտում է ճանաչել kidh-ի դատապարտված անդամ Ջիհաթ Այդողմուշի գործում, որը ղեկավարում էր Մալաթիայում Toplum-Der մասնաճյուղը, Նոր անդամներ էր հավաքագրում և քարոզչություն էր իրականացնում ահաբեկչական կազմակերպության անունից։ Գործը վերադարձվել է առաջին ատյանի դատարան, որտեղ ավարտվել է արդարացմամբ:

Վերջին դատական որոշումները վկայում են Թուրքիայում ավելի լայն իրավաքաղաքական տեղաշարժի մասին, որի դեպքում արմատական իսլամիստական խմբերը, որոնք նախկինում որակվում էին որպես ազգային անվտանգության լուրջ սպառնալիք, ավելի ու ավելի են ընկալվում որպես կառավարության դաշնակիցներ ընդդիմադիր կուսակցություններին դիմակայելու գործում: Ակնհայտ է նաև Թուրքիայի դատական համակարգի անկասկած քաղաքականացումն Էրդողանի 25-ամյա կառավարման արդյունքում։

Քննադատների կարծիքով՝վերաորակելով KİDH-ի անդամների գործունեությունն ահաբեկչությունից և սահմանադրական կարգի խախտումից սովորական քրեական հանցագործությունների, թուրքական դատարանները փաստացի լեգիտիմացրել են բռնի ծայրահեղական շարժումը, ինչը հանգեցնում է հասարակության հետագա բևեռացման, ինչը հղի է քաղաքների փողոցներում բռնության ալիքի բռնկմամբ, ինչը մեկ անգամ չէ, որ տեղի է ունեցել Թուրքիայի 20-րդ դարի, ինչպես նաև վերջին տասնամյակների պատմության ընթացքում։

Ալեքսանդր Գրիգորև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031