Սատանան էլ էր խոսում սուրբգրային տողերով․ Միակ բարեփոխումը` դավաճաններին մեր շարքերից հեռացնելն էր. Թովմաս ուրարակիր Առաքելյան
168 TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրն աստվածաբան, պրոդյուսեր Թովմաս ուրարակիր Առաքելյանն է։
Հաղորդման ընթացքում Թովմաս Առաքելյանի հնչեցրած մի շարք շեշտադրումները՝ ստորև․
Սատանայի վարքագիծն է․ երբ սատանան հանդիպեց Քրիստոսին, խոսում էր բացառապես սուրբգրային տողերով, Հին Կտակարանից բավականին հայտնի խոսքեր էր մեջբերում և փորձում էր հենց Աստվածաշնչով մոլորեցնել, հենց Աստվածաշունչը օգտագործելով փորձել Քրիստոսին։ Այս խմբակի ձեռքում Աստվածաշունչը ևս մեկ գործիք է՝ այնպիսի գործիք, ինչպիսին դեղին մամուլն է, այնպիսին, ինչպիսին իրենց վարչական լծակներն են, իրենց ուժային կառույցներն են, ինչպես իր ձեռքի մուրճն է։ Այդ մուրճի նման նա կարող է թափահարել Կանոնագիրք հայոցը՝ բացարձակ գաղափար չունենալով այդ մատյանի մասին, կարող է թափահարել Աստվածաշունչը։
Մենք հնազանդ ենք լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին․ հավատարմությունը ոչ մի բան չի կարող խաթարել։ Պողոս առաքյալն ասում էր՝ ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ հալածանքը, ոչինչ մեզ չի կարող բաժանել մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսից։
Տեսե՛ք՝ իրենք ոնց են պղծում եկեղեցու բոլոր խորհուրդներն իրենց կյանքից ներս․ ինչպես են պղծում Պսակադրության խորհուրդը՝ հենց իրենք իրենց կյանքով, իրենց վարքուբարքով։ Չպսակադրվելը և հետո նույնիսկ չպսակադրվելով՝ բաժանվելը և հանրայնացնելը․ Պսակադրության մերժում է։ Ես համաձայն եմ, որ անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ, բայց իրենք հանրայնացնում են դա։ Ավելին՝ մենք ոչ մեկս ոչինչ չենք հանրայնացնում, բայց ամեն անգամ երբ անկողինս հանում եմ օդափոխելու, թափ եմ տալիս, մի քանի ՔՊ-ական բլոգեր է ընկնում: Իրենք մեր անկողինների տարբեր ծալքերում են։ Փորձում են պղծել նաև Պատարագի խորհուրդը՝ կարգալույծ հոգևորականներով և կրճատելով, զեղչելով, Ձեռնադրության խորհուրդը՝ չընդունելով ձեռնադրված հոգևորականներին, կաթողիկոսական ձեռնադրությունը։
Միակ բարեփոխումը, որ իրենք արել են այս եկեղեցու նկատմամբ վերջին տարվա ընթացքում, դավաճաններին մեր շարքերից հեռացնելն էր․ Քրիստոս ասում է՝ մեր միջից ելան, բայց մեզնից չէին, և ակնհայտ է, որ մեզնից չէին։
Պայքարը որևէ վայրկյան ինձ համար քաղաքական չի եղել, որևէ վայրկյան ես չեմ ունեցել քաղաքական որևէ հետաքրքրություն, և հիմա էլ չունեմ․ այդ քաղաքական գործընթացից ինչ-որ անձնական կամ ֆինանսական շահ չունեմ։ Մեզ համար և անձնապես ինձ համար սա Հայրենիքի, եկեղեցու արժեքների ինքնության խնդիր է․ քաղաքական խնդիր չէ, կուսակցական խնդիր չէ, և ես մշտապես ասել եմ՝ մենք հայրենիքի և արժեքների մարտադաշտում ենք, մերօրյա Սարդարապատում ու Ավարայրում, և հոգևորականը անտարբեր և անմասն չի կարող մնալ։
ՔՊ-ական հոգևորականներն ամիսներ առաջ պնդում էին, որ՝ ո՛չ, սա քաղաքական հարց է, և եկեղեցին պիտի անմասն մնա քաղաքական հարցերից։ Ես որակում եմ սա որպես արժեք և հայրենիք, իրենք որակում են սա որպես քաղաքականություն և կուսակցություն։ Այն հոգևորականները, որոնք ասում էին՝ դա պարզապես քաղաքականություն է, կուսակցական հարց է, գնում են, ՔՊ քարոզարշավին կանգնում են աշխարհիկ հագուստներով (ի դեպ, պիտի ասեմ՝ կարգալույծ հոգևորականներ` աշխարհիկ հագուստներով և անհասկանալի կանանց հետ)։
Հոգևորականը, լինելով քաղաքացի, անշուշտ, կարող է և պիտի իր խոսքն ասի, իսկ հակասահմանադրական այս տողերը, որ բերել-մտցրել են իրենց նախընտրական ծրագրում, ցույց է տալիս, որ պարտվել են, որ պարտված, սպառված, մաշած շարժում է այդ բարենորոգման շարժումը։ Այնտեղ կար «Հայրապետի հանգստի կոչում» տողը․ ի՞նչ է նշանակում, վարչապետը հանգստի պիտի կոչի կաթողիկոսի՞ն, ի՞նչ է այդ ձևակերպումը, մեկն ինձ կբացատրի՞, ո՞նց է հանգստի կոչելու։
Եկեղեցու «բարենորոգմանը» մասնակցում էին մարդիկ, որոնք Սուրբ Աննա եկեղեցու կառուցման ժամանակ «աղոթք չառաջարկել․ լավ աղոթել, նոր ենք եկել» պլակատներով կանգնել էին եկեղեցու դեմ, միտինգ էին անում։
Եթե դու կարող էիր հարցը լուծել այնպես, որ մենք ունենայինք «նույն վիճակը, բայց առանց զոհերի», մենք կարող է՝ չիմանայինք․ քեզ ասեինք՝ դավաճան, դու էլ ասեիր՝ թող ինձ ասեն դավաճան, թող ես լինեմ դավաճան, թող ինձ կախաղան հանեն, բայց 5000 տղա, 4000 տղա, 5 տղա չզոհվի, 5 երիտասարդ չզոհվի։
Էդ դուրս ու ներս անողները թող մի օր գնան և նման վիճակով դրսում խոսեն, թող գնան, մի օր Ալիևի թևից բռնեն, ասեն՝ բա՛ն եմ ասում, կանգնի՛, լսի իմ ասածը, էդ ասիր՝ գնո՞ւմ ես, կանգնի՛, Ալիևի թևից քաշեն, ասեն՝ մի րոպե, ես չեմ ավարտել խոսքս, կանգնի տեղդ՝ մինչև վերջ լսիր ինձ:
Մենք պիտի բոլորս մի մարդու նման, միասնաբար՝ իբրև մեկ սիրտ, մեկ հոգի, միաբան գնանք, մասնակցենք ընտրություններին աղոթքով և իմաստությամբ։ Այսօր ամենակարևոր հարցը սա է, որովհետև այս ընտրություններին մասնակցելուց է կախված վաղվա օրը, և յուրաքանչյուրիս մասնակցելուց։ Գիտե՞ք, նախորդ ընտրություններին շատ քիչ տոկոս է մասնակցել, ու սա կործանարար է բոլորիս համար։ Մի՛ ծուլացեք, մի՛ հուսահատվեք։
Մեր բոլոր թեմաներում պետք է առանցք ունենանք մեր քաղբանտարկյալներին, և ինձ համար՝ որպես հայ, որպես քրիստոնյայի՝ շատ ընդունելի է այն մարդը, որը հանուն իմ եկեղեցու մտել է այս արշավի առաջնագիծ, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, որը էս հալածանքների ամենամեծ բովով անցնում է։ Ով ճիշտ ընթացքի մեջ է, նրան էլ հալածում են․ եթե այսօր քաղբանտարկյալ է Սամվել Կարապետյանը, Բագրատ սրբազանը, Միքայել Սրբազանը․․․ ես նրանց կողքին եմ։
Դեռ անկախ նրանից, որ ես իրենց հետ նաև ճանապարհ եմ անցել, այսօր ինձ համար ցուցիչը դա է՝ ում այս վարչախումբը հալածեց, եթե նույնիսկ անծանոթ մարդ է, ես արդեն միանգամից պատկառանք ունեմ այդ մարդու նկատմամբ և սկսում եմ նայել՝ այդ ո՞ր լավ արարքի համար է հալածվում։ Եվ երբեք չեմ սխալվում, գիտեք։
Շատ հետաքրքիր չափման միավոր է։ Եվ նույն ձևով՝ որ արտիստի, որ գործիչի մասին ես այս վարչախմբի կողմից որևէ դրական բան եմ լսում, դրական ժեստ այդ մարդու նկատմամբ, ասում եմ՝ տեսնես ի՞նչ կոմպրոմատներ, ի՞նչ մութ էջեր ունի այս մարդն իր կենսագրության մեջ, որ խաղարկելով՝ մարդուն սարքել են ստրուկ։
Մանրամասները՝ տեսանյութում



