«Եղել են սոված օրեր. մեքենայիս պատուհանները փակում էի, գլուխս խփում ղեկին ու բարձր լաց լինում անարդարությունից». Սյուզաննա Մելքոնյան
168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը խոստովանեց՝ իր կյանքում եղել են օրեր, երբ ստիպված է եղել ընտրություն անել՝ երթուղայինի գումա՞րը վճարել, թե՞ սնունդ գնել։
Երգչուհին մեր տաղավարում պատմել է ոչ միայն մանկության դժվարությունների, այլև անարդարությունների, սոված օրերի, ընտանիքի ներսում հաղթահարված փորձությունների ու բեմ հասնելու ճանապարհի մասին։

«Միշտ ասում եմ՝ սովորական հայկական ընտանիքի աղջիկ եմ եղել, ով ընտրեց բեմը, բայց կարող էր իրավաբանական ուղղությամբ գնալ։ Դեռահաս տարիքում երազում էի դատավոր դառնալ»,- պատմում է Սյուզաննա Մելքոնյանը՝ ընդգծելով, որ այսօր ուրախ է, որ ընտրել է արվեստի ճանապարհը։
Երգչուհին հիշում է, որ մանկությունն անցել է ոչ միայն հայկական ավանդույթներով, այլև դժվարություններով։ Արտերկրում ապրելու տարիներին ծնողները փորձել են պահպանել հայկական միջավայրը՝ տատիկի հեքիաթներից մինչև մանկական Աստվածաշունչ ու ժողովրդական երգեր։
Խոսելով երաժշտության հետ իր առաջին կապի մասին՝ նա պատմում է, որ սկզբում ավելի շատ պարով էր հետաքրքրված, սակայն 10 տարեկանում դպրոցական միջոցառումներից մեկի ժամանակ հասկացել է, որ իր ճանապարհը երգն է։
«Այդ օրը ծնվեց փոքրիկ Սյուզաննա Մելքոնյանը, ով երգում էր ուսուցիչների ու մայրիկների համար»,- ասում է նա։
Սյուզաննա Մելքոնյանը նշում է՝ երաժշտությունն իրենց ընտանիքում միշտ ներկա է եղել։ Տատիկը երգել է Ջիվանու ու Շերամի երգերը, հայրը շեփորահար է եղել, և ինքն էլ մեծացել է հենց այդ երաժշտական մթնոլորտում։
Ամենածանր հիշողություններից մեկը, սակայն, կապված է կյանքի այն շրջանի հետ, երբ արդեն ճանաչում ուներ, բայց ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ էր կանգնել։

«Եղել են օրեր, որ պիտի ընտրեի՝ երթուղայինի գումա՞րը տամ, թե՞ սնվեմ։ Քանի որ ոտքով տուն հասնել չէի կարող, ընտրում էի քաղցած մնալը»,- անկեղծանում է երգչուհին։
Նա առաջին անգամ խոստովանել է նաև, որ այդ շրջանը հետագայում իր մոտ սննդային վարքի խանգարման պատճառ է դարձել։
«Մարդը, ով երկար ժամանակ սովի խնդիր է ունենում, հետո սկսում է լրացնել այդ բացը…»,- ասում է նա՝ հավելելով, որ այսօր արդեն կարողանում է հանգիստ խոսել այդ ամենի մասին։
Ընտանիքի մասին խոսելիս երգչուհին ընդգծում է՝ թեև հիմա միասին չեն ապրում, բայց իրենց կապն ավելի ամուր է, քան շատ ընտանիքներում։
«Մենք բարդ ճանապարհ ենք անցել, բայց հիմա ավելի ամուր ընտանիք ենք, քան շատերը, ովքեր նույն հարկի տակ են ապրում»,- նշում է նա։
Սյուզաննա Մելքոնյանը նաև խոսել է անարդարությունների զգացողության մասին՝ չթաքցնելով, որ եղել են պահեր, երբ մեքենայի մեջ փակվել ու լացել է։
«Եղել են օրեր, որ մեքենայիս պատուհանները փակել եմ, գլուխս խփել ղեկին ու բարձր լաց եղել, որ ինձ ոչ ոք չտեսնի, որովհետև այդքան անարդարության զգացողություն ունեի»,- պատմում է երգչուհին։

Հաղորդման ընթացքում անդրադարձել ենք նաև երգարվեստում տիրող իրավիճակին, գնահատված լինելու զգացողությանը և տարբեր մարդկանց հետ մշտական համեմատություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։



