Էսկալացիա կարող է տեղի ունենալ հենց Սյունիքում՝ Հայաստանին ուղղված «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջը չկատարելու կամ մեկ այլ պատճառաբանությամբ. Շիրազ Խաչատրյան
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի», և, որ Հայաստանը չի կարող աշխարհագրական պատնեշ լինել Թուրքիայի և Ադրբեջանի միջև:
Սրան ի պատասխան՝ «Արմենպրեսի» միջոցով Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ են արել Ադրբեջանին: «Դա ավելին է, քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»,-շարունակել է նա:
168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ գործողություններ սպասել Ադրբեջանից «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության մեջ, արդյո՞ք դա կարող է լինել Սյունիքի ուղղությամբ էսկալացիա, հատկապես երբ վերջին օրերին ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրում էր սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հրադադարի խախտման մեջ:
– Ալիևը մեկ անգամ չէ, որ իր սուր ելույթներով աչքի է ընկել, բայց վերջին հարցազրույցն իր ամենասուր ելույթներից, սպառնալիքներից մեկն էր, կարծես վերջնագրի լեզվով խոսեր։ Իհարկե, փաստերը և պատմական ժամանակագրությունը ցույց են տալիս, որ Բաքուն 44-օրյա պատերազմի ավարտից հետո միշտ է Երևանից միակողմանի զիջումներ կորզել, ռազմավարական և ռազմաքաղաքական բարենպաստ դիրքեր զբաղեցրել՝ պատեհ պահին ճնշումներ բանեցնելով, զիջումներ պարտադրելով։
Սպասելի էր, որ պաշտոնական Բաքուն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային որոշակի անորոշությունների այս փուլում նոր տարվա սկզբից փորձելու է իր դիրքորոշումները կոշտացնել ոչ միայն Հայաստանի նկատմամբ իր պահանջներով, այլև սահմանելու է այն կետերը, գծերը, որոնց հետ փորձելու է հաշվի նստեցնել նաև խոշոր դերակատարներին։ Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդման հանգամանքն է նաև պատճառը Ադրբեջանի նման ագրեսիվ վարքագծի, և ռեգիոնալ, նաև գլոբալ մի շարք փոփոխությունների դեպքում էլ ավելի ակնհայտ կլինի Բաքվի ագրեսիվ վարքագիծը։ Թերևս հակառակ, զսպող հանգամանքներ ու իրողություններ այս պահին չեն նշմարվում։
Իսկ նման պարագայում, այո, կարող է տեղի ունենալ էսկալացիա հենց Սյունքում՝ Հայաստանին ուղղված «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջը չկատարելու կամ մեկ այլ պատճառաբանությամբ։
Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի, այսպես կոչված, պատասխանին կամ նրա ձեռնարկած քայլերին, չեմ ուզում մեկնաբանել, քանի որ այդ մարդու պատկերացումները շոուներն են ու իր լսարանին զբաղեցնելը, երկիրը թողնելով բախտի քմահաճույքին։ Ինքն իր հետ խոսելով, փոդքաստներ հրապարակելով՝ չի կարող ընկալելի լինել լուրջ պետությունների համար։
– Ի դեպ, վերջերս, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հակաիրանական քարոզչություն կամ աղավաղված տեղեկություն ադրբեջանական կողմից տարածվեց: Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել էին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին հայտարարությունը, այն վերագրելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Իսկ այս օրերին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին հանդիպումներ է ունեցել Բաքվի և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Դեռ դրանից առաջ իրանական աղբյուրները հայտնել էին, որ նպատակը խորհրդատվությունն է էներգետիկայի, միջանցքների և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հետ կապված հարցերում:
– Ընդհանուր առմամբ, Բաքվի վարած քարոզչությունից կարելի է եզրակացնել, որ նրանք և՛ տեղեկատվական, և՛ նաև հետագայում ռազմական առումով պատրաստվում են ապագա ռեգիոնալ պատերազմի, սցենարների տարբեր զարգացումների պարագայում, նաև համատեղ ուժերով (Թուրքիա, Իսրայել և այլն) Իրանի դեմ։
Ցավոք սրտի, Իրանը նախկին տարիների համեմատ այսօր բավականին թուլացած վիճակում է, և հատկապես Համասի, Հեզբոլլահի ջախջախումներից, Սիրիայից դուրս գալուց հետո նա փորձում է պահել Հարավային Կովկասի «ֆրոնտը»։
Իհարկե, մեծ հաշվով, «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն Իրանի համար ավելի առաջնային, վտանգավոր ու զգայուն թեմա է, այդ իսկ պատճառով դեռևս դիվանագիտական ճանապարհով փորձեր են կատարում իրավիճակը պահել հունի մեջ, հատկապես կարևոր է Թուրքիայի հետ որոշակի պայմանավորվածությունների գալը, իսկ դա այս անցումային փուլում գուցե ժամանակավորապես հնարավոր է, հաշվի առնելով Թուրքիայի զբաղվածությունը Սիրիայում, նաև քրդերի հետ կապված խնդիրները:
Բայց երկարատև ժամանակահատվածում կապված աշխարհաքաղաքական տարբեր իրողություններից ու փոփոխություններից, եթե Թուրքիան իր ուզած սցենարով ավարտի գործողությունները, ապա հայացքը թեքելու է դեպի Արևելք, Հարավային Կովկաս։ Իսկ այստեղ արդեն մտածելու բան ունեն ոչ միայն Հայաստանը, այլև Ռուսաստանն ու Իրանը։
– Այո, Թուրքիան է առաջինը շահագրգռված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում, ըստ էության, այս դեպքում Թուրքիա-Իրան հարաբերությունների հարցը չպետք է անտեսել, նաև՝ Թուրքիա-Ռուսաստան:
– Միանշանակ այո, Սյունիքով անցնող ճանապարհը կենսական նշանակություն ունի Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի համար, և եթե ինչ-որ պատեհ պահի «հնարավորություն» ստանան իրենց վերահսկողության տակ առնել այն, ապա առանց աչք թարթելու, անտեսելով տարածաշրջանի մյուս երկու խոշոր դերակատարների հետ առկա հարաբերությունները, կփորձեն հասնել իրենց ուզածին։
– 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը կորցրե՞լ է իր արդիականությունը, թեպետ հենց դրան է Ադրբեջանը հղում անում, երբ «Զանգեզուրի միջանցք» է պահանջում Հայաստանից:
– Նայած՝ ինչ դիտանկյունից պետք է ուշադրություն դարձնել հարցին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարող է կարևորվել հատկապես Հայաստանի համար, երբ տեսականորեն թուրք-ադրբեջանական ներխուժում տեղի ունենա, և միջանցքի հարցը փորձեն լուծել իրենց ուզած տարբերակով՝ առանց հայկական, ռուսական կամ մեկ այլ դերակատարի վերահսկողության։ Այդ ժամանակ նույնիսկ ամեն բան կարող է ուշացած լինել հայկական կողմի համար։
Ակնհայտ է, որ առանց միջնորդների բանակցելու և Բաքվի հետ ուղիղ խոսելու կործանարար մարտավարությունը երկար չի կարող շարունակվել, միջնորդներ են պետք «Զանգեզուրի միջանցքը» ռազմական ճանապարհով բացելու դեմն առնելու համար։ Որևէ այլ պարագայում պատերազմը անխուսափելի է լինելու։ Եթե նույնիսկ մի պահ մոռանանք եռակողմ հայտարարության գոյության մասին, զուտ դիտարկենք, թե տարածաշրջանային անվտանգության կարգավորման բանալին ում ձեռքում է, ամենահարմար թեկնածուն, ամեն դեպքում, Ռուսաստանն է, քանի որ նրա այլընտրանքը Թուրքիան է։
Ֆրանսիայի պարագայում ադրբեջանական կողմը չի վստահելու ու չի համաձայնելու որևէ բանակցության, պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունը Հարավային Կովկասում այդքան էլ ակտիվ չի եղել Բայդենի կառավարման ժամանակահատվածում, իսկ Թրամփի վարչակազմի կողմից համապատասխան ազդակներ չկան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Իսկ նման պարագայում Հայաստանի համար նպաստավոր բանակցային հարթակը Մոսկվան է մնում, որի հետ էլ կա համատեղ ստորագրած եռակողմ հայտարարության փաստաթուղթ, որի շուրջ էլ հնարավոր են բանակցություններ։
– Ի դեպ, Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նշել է, որ ֆրանսիական կառավարության ներկայացուցիչները դրական ազդակներ են իրենց ուղարկել հարաբերությունների կարգավորման համար: Ինչի՞ համար Ֆրանսիան կարող է ցանկանալ Ադրբեջանի հետ հարաբերություն կարգավորել:
– Այո, նաև հավելել, որ հարցերը քննարկելու ու լուծելու համար իրենք չեն գնա ո՛չ Բրյուսել, ո՛չ Փարիզ, այլ ֆրանսիացիները պետք է գան Բաքու։ Իհարկե, այս մեծամտական կարծիքը ունի հիմնավոր պատճառներ, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ինչպես ցանկացել, այնպես էլ վարվել են Հայաստանի հետ: Եվ, մեծ հաշվով, Արևմուտքից ոչ մի լուրջ արձագանք չի եղել Արցախի օկուպացիայի, հայաթափության հետ կապված պրոցեսների ժամանակ, Ադրբեջանի դերը նույնիսկ այս վերջին ռեգիոնալ գործընթացների ընթացքում, դրանից հետո շարունակաբար աճել է Արևմուտքի համար՝ որպես էներգակիր կարևոր պետություն։
Նույնիսկ Ադրբեջանի աշխարհագրական դիրքն է շատ կարևոր, որ սահմաններ ունի և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հետ։ Որքան էլ Եվրոպան, այս դեպքում՝ Ֆրանսիան, հակաադրբեջանական հայտարարություններ են արել և անում, բայց կոշտ քայլերի չեն գնալու, քանի որ շատ հարցերում կախվածություն ունեն Բաքվից։ Եվ դա շատ լավ հասկանում են Բաքվում, իսկ Ալիևի վստահ պահվածքն ուղղակի այդ անպատժելիության հետևանքն է։
– Հնարավոր էսկալացիայի մասին արդեն նշեցիք, ամեն դեպքում, Ալիևի վերջին հարցազրույցից հետո ակտիվացել են պնդումները և կանխատեսումները Հայաստանի վրա հարձակվելու շուրջ: Մյուս կողմից, խոսվում է սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մասին, որտե՞ղ կարող է լինել սահմանազատման և սահմանագծման գործընթացի հաջորդ փուլը:
– Ալիևի օրակարգը եղել և մնում է Հայաստանին մինչև վերջ ծնկի բերելը՝ լինի դա զիջումներ կորզելով, թե ռազմական գործողությունների միջոցով, նպատակը նույնն է։ Թուրքիային ու Ադրբեջանին պետք չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, սահմանազատման կամ մեկ այլ միջոցով հասնելու է Փաշինյանի կողմից մաքսիմալ զիջումների, հետո հարվածելու է թուլացած ու բզկտված Հայաստանին։
Համոզված եմ, որ սահմանազատման պրոցեսի հաջորդ փուլը լինելու է այն սահմանային հատվածում, որտեղ Բաքվին է ձեռնտու, մինչ այս պահը այդպես է եղել, այդպես էլ գնալու է, քանի որ հայկական իշխանությունները «ոչինչ չենք զիջում» լոզունգի տակ զիջում են ամեն հնարավորը։ Հայաստանի վրա հարձակվելու պնդումների համար էլ, ցավոք սրտի, հիմքեր կան: Պետք է վերլուծել տարածաշրջանի իրողությունները, և որոշակի պատկերացում կունենանք իրավիճակի վերաբերյալ։
Իսկ հնարավոր ռազմական գործողությունների հնարավոր ուղղությունների, սցենարների վերաբերյալ մեկ անգամ չէ, որ անդրադարձ կատարել ենք․ եթե կարճ՝ ցանկացած ուղղությամբ հնարավոր են մարտական գործողություններ։