Աննա Հակոբյանի ազգականն ընդունել է, որ հանցավոր արարք է կատարել. Ի՞նչ հանգուցալուծում է ստացել «պատի» գործը

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին 168.am-ը գրել էր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականի՝ Գյումրիի երբեմնի փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի կողմից հարևանի տան պատն իրենով անելու ապօրինի գործողությունների մասին, երբ լինելով բավականին ունևոր ընտանիքի զավակ՝ նա չէր խորշել փաստաթղթեր կեղծելով՝ տիրանալ հարևանի պատին:

Խոսքը Գյումրու Մայակովսկի փողոցի 75 տան մասին է, որի սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից, ով տան համասեփականատեր է, կեղծ փաստաթուղթ են սարքել, որով իր տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին։ Իսկ հարևանը Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռան ընտանիքն է։ Գագիկ Հարթենյանն այդ մասին խոսել էր փաստաթղթավորված, ներկայացնելով համապատասխան ապացույցներ:

Aravot.am-ը դիմել էր նաև Վահագն Մկրտչյանին, ով ասել էր՝ իրենք պատին կից 7 հարևաններ ունեն, բայց որևէ մեկի պատը սեփականության իրավունքով իրենց չի պատկանում։

«Չկա նման բան, որ մենք հավակնենք հարևանի պատին»,- ասել էր նա։

Կարդացեք նաև

Մինչդեռ 168.am-ը տիրապետում է փաստաթղթերի, համաձայն որոնց՝ այն համաձայնագիրը, որը հանգուցյալ Կարինե Մախսոյան-Հարթենյանը, ում ազգանունն, ի դեպ, տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է ներկայացված, տվել է, որ Գագիկ Հարթենյանի հետ համատեղ օգտագործվող պատն անցնի Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքին, կեղծ է: Եվ դա փաստել էին թե՛ Գագիկ Հարթենյանը, թե՛ փորձագետը:

Այս պատմությունը, որի փաստով քրեական վարույթ էր հարուցվել, ձգվում էր տևական ժամանակ, սակայն արդեն իսկ անսպասելի հանգուցալուծում է ստացել:

168.amի տեղեկություններով՝ պատի գործով քրեական վարույթը Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը, ով հիմա էլ նշանակվել է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի փոխտնօրեն,  ընդունել է իր մեղքը՝ փաստացի ընդունելով, որ փաստաթուղթ է կեղծել, ինչը քրեորեն պատժելի արարք է, 1.300.000 դրամ փող է փոխհատուցել այն մարդուն, ում պատը փորձել է գողանալ, ինչպես նաև համաձայնել է յուրացված պատը նոր չափագրումով վերադարձնել Գագիկ Հարթենյանին:

Բացի դրանից, Վահագն Մկրտչյանը նաև նորից է արդեն իսկ հիմքից 70 սմ իր օգտին փորած ու շարած պատը շարել, և հարցը դրանով լուծվել է:

Իշխանությունն, իհարկե, շատ կցանկանար, որ սա գաղտնիք էլ մնար, բայց փաստ է, որ այս գործը չի ունեցել այն ընթացքն ու լուծումը, որը կարող էր ունենալ, եթե, օրինակ՝ փաստաթղթեր կեղծողը լիներ ոչ թե Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը, այլ սովորական քաղաքացի: Բայց քանի որ Փաշինյան ընտանիքն իշխանության ղեկին է, կարող է մարդու սեփականությունը փաստաթղթեր կեղծելով՝ խլել, ապա տեսնելով, որ աղմուկ է բարձրանում, գումարային փոխհատուցում տալ ու հարցը փակել:

Տեսանյութեր

Լրահոս