Բալանսավորո՞ւմ, թե՞ կողմնորոշման անորոշություն․ ի՞նչ է փնտրում Հայաստանը Չինաստանում ու ՇՀԿ-ում

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է, որտեղ ընթանում են ՇՀԿ գագաթնաժողովը ՇՀԿ+ ձևաչափով և դրա շրջանակում այլ միջոցառումներ։

ՇՀԿ հարթակում Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Չինաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների հետ։

Հենց այս այցի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Չինաստանը հաստատում են ռազմավարական գործընկերություն։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեռևս հուլիսին Պեկին կատարած պաշտոնական այցի շրջանակում էր հայտարարել, թե հայ-չինական հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև ՀՀ-ն բաց է և պատրաստակամ՝ խորացնելու այդ հարաբերությունները՝ առանց որևէ սահմանափակումների:

«Մենք դա քննարկել ենք Չինաստանի մեր գործընկերների հետ։ Մենք ընդգծել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, և տեսնում ենք փոխադարձ շահագրգռվածություն, հետաքրքրություն՝ այս հարաբերությունները պաշտոնապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում ևս»,- նշել էր նա։

Կարդացեք նաև

Ուշագրավն այն է, որ Հայաստանը Չինաստանի ռազմավարական գործընկերն է դառնում Ադրբեջան-Չինաստան ռազմավարական գործընկերության հաստատումից ընդամենը 4 ամիս անց։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 23-ին Պեկինում ստորագրել էին համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն։ Նախօրեին հենց այս հարթակում հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։

Սակայն սա կարծես չի խանգարում, որպեսզի Պակիստանը ի պատասխան Հնդկաստանի՝ Ադրբեջանի ՇՀԿ անդամակցությունն արգելափակելու որոշմանը, արգելափակի ՀՀ-ի՝ ՇՀԿ անդամակցության հայտը, դրանով իսկ պատասխանելով Հնդկաստանին։ Եվ սա այն դեպքում, երբ Հնդկաստանը դրանով արձագանքում է Հնդկաստան-Պակիստան հակամարտությունում և վերջին պատերազմում Պակիստանին Ադրբեջանի աջակցությանը։

ՇՀԿ հարթակում ուշագրավ էին Հայաստանին առնչվող բոլոր հանդիպումները։  Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ի թիվս մի շարք հարցերի՝ քննարկվել է նաև իրավիճակը Կովկասում։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն կայուն խաղաղության՝ նշելով, որ Կովկասում երկարաժամկետ կայունությունը բխում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր շահերից։

ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայացել է նաև Փաշինյան-Պուտին հանդիպում։

«Զրուցակիցները կարևորել են հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ այն արդյունավետ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և դրանց հետագա զարգացման ուղիները քննարկելու համար։ Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումները, այնպես էլ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի»,- ասված էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի գնահատմամբ, հանդիպումը լավ է անցել։ Ընդհանուր առմամբ, չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդրահարույց մթնոլորտի, հանդիպումը կարծես առանց ինտրիգների է անցել։

Ուշագրավ նրբություններ էր պարունակում Փաշինյան-Էրդողան հանդիպման պաշտոնական հաղորդագրությունը։ ՀՀ Կառավարության փոխանցմամբ, զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։

«Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը»,- ասված էր հաղորդագրությունում։

Իսկ Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, կարևորվել է կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը, ինչպես նաև Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան։ Ավելի խոսուն էին ՇՀԿ գագաթնաժողովի կուլիսներից տարածվող Փաշինյան-Ալիև-էրդողան շփումների լուսանկարները, որոնք պատկերում էին ջերմ, անկաշկանդ շփում՝ այս անգամ նրանց տիկնանց մասնակցությամբ։

Ընդհանրապես Փաշինյան-Ալիև-Էրդողան ջերմ կուլիսային շփումները կարծես ավանդույթ են դառնում։ Բոլոր այն միջազգային միջոցառումներին, որոնց մասնակցում են Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը, հնարավորություն բաց չեն թողնում եռակողմ  թեկուզ թռուցիկ շփման համար։ Նման լուսանկարներ տարածվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներից Պրահայում, Ալբանիայում, ինչպես նաև նախօրեին՝ Չինաստանում։

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.amի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունները հասկանում են, որ միայն Արևմուտքի հետ հարաբերություններով հնարավոր չէ առաջ շարժվել, հատկապես, երբ Արևմուտքը Հարավային Կովկասի վերաբերյալ որևէ երաշխիք չի ստանձնում։

Ըստ նրա, եթե Վաշինգտոնը կամ Բրյուսելը տային անվտանգային երաշխիքներ, հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչպես է ՀՀ-ն ապահովելու իր կայունությունը, անվտանգությունն ու առաջընթացն աշխարհի ներկայիս փուլում, ապա ՀՀ-ն ամենայն հավանականությամբ չէր փորձի միանալ ՇՀԿ-ին, որն, ըստ էության, հակասության մեջ է ԵՄ անդամակցության հեռանկարին։

«Սակայն ՀՀ-ն և՛ ԵՄ անդամակցության, և՛ ՇՀԿ անդամակցության ցանկություն է հայտնում։ Պետք է նշել, որ սկզբում ԵՄ անդամակցության ցանկությունն էր, այստեղ, թերևս, ամեն բան չգնաց այնպես, ինչպես ակնկալվում էր, ուստի ՀՀ իշխանությունները սկսեցին հայացք գցել դեպի Չինաստան և ՇՀԿ հարթակ։ Բացի այդ, անհնար է չնկատել, որ այսպիսով Թուրքիայի, Ադրբեջանի ու ՀՀ-ի արտաքին քաղաքական ուղղություններում որոշակի զուգահեռներ են սկսում նկատվել։

Բացի այդ, որքան էլ Ադրբեջանն ու Թուրքիան հարաբերություններ ունեն Արևմուտքի հետ, դրանք մնում են էներգետիկ ու տնտեսական համագործակցության  շրջանակում ու չեն վերաճում ամուր քաղաքական գործընկերության։ Հետևաբար՝ ՀՀ-ի արևմտյան ձգտումները, ըստ իս, չեն ողջունվում շատերի կողմից, թեև Երևանն ու Բաքուն վերջին համաձայնություններին հանգեցին հենց Վաշինգտոնում։ Սա ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականությունը ռազմավարական գիծ չունի, այն իրավիճակային է ու հարմարվում է իրողություններին։

Սա անվանում են բալանսավորում, սակայն նման է չկողմնորոշվելուն։ ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, այստեղ փորձում են հավելյալ երաշխիքների հնարավորություն շոշափել, այլընտրանք գտնել նրան, ինչ չկա Արևմուտքում։ Սակայն պետք է նշել, որ Չինաստանը ևս ռեգիոնից ակնկալիքներ ունի, մոտենում է ռեգիոնին, փորձում է խորացնել ենթակառուցվածքները, շրջանառությունը, այն օգտագործել ավելի մեծ պրոյեկտներում, ուստի ճիշտ քաղաքականության դեպքում կարելի է այս ուղղությամբ հաջողություն ունենալ»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Երևանի ու Բաքվի ՇՀԿ անդամակցության հեռանկարի հարցում Հնդկաստան-Պակիստան արգելափակման լուրերին, ապա Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ թեման դեռ կարող է շատ քննարկվել, քանի որ դժվար է Հնդկաստանից ակնկալել որոշման չեղարկում Ադրբեջանի ՇՀԿ անդամակցության հարցում։

«Դա նշանակում է, որ Պակիստանն էլ կփորձի իր ճնշումը գործադրել։ Բայց այստեղ էականն այն հանգամանքն է, որ Պակիստանն առաջնորդվում է նաև Երևան-Բաքու հակամարտությամբ՝ այն դեպքում, երբ կողմերը հայտարարում են, թե խաղաղություն է, իսկ Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ։ Սա, մեղմ ասած, ոչ բարեկամական քայլ է Հայաստանի հանդեպ, որը Պակիստանի դեմ որևէ քայլի չի դիմել»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Տեսանյութեր

Լրահոս