
«Որևէ նորություն չկա փոխանցելու». Ինչո՞ւ չի հաջողվում Ստեփանակերտում մահացած հայ կնոջը տեղափոխել Հայաստան

2024 թվականի հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տարեց հայուհի է մահացել։ Նա այն քիչ հայերից է, որն Ադրբեջանի կողմից արցախահայերի բռնի տեղահանությունից հետո որոշել է մնալ Ստեփանակերտում։
Կնոջ մահվան մասին տեղեկությունը հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ շեշտելով, որ կինը մահացել է 2024թ. հոկտեմբերի 20-ի առավոտյան: Ըստ նույն աղբյուրների՝ կինը մահացել էր սուր թոք-սրտային անբավարարությունից՝ թոքի զարկերակի թրոմբոզի պատճառով։
Մինչև այս պահը կնոջ դին գտնվում է օկուպացված Արցախում, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովն էլ հայտնել էր, որ հայկական պատվիրակությունը չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին։
Այս հայտարությունից հետո Հայաստանի ազգային անվտանգության ծառայության լրատվականից 168.am-ին փոխանցել էին, որ՝ «Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»։
Այսօր ևս ԱԱԾ-ից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս խնդրի առնչությամբ որևէ նորություն կա՞, հարցը լուծվե՞լ է, թե՞ ոչ։
ԱԱԾ լրատվականից մեզ պատասխանեցին՝ այս հարցի հետ կապված որևէ նորություն չկա փոխանցելու։
Հարցի առնչությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ բազմիցս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից վերահաստատվել է պատրաստակամությունը միջնորդելու, սակայն այստեղ խնդիրն այն է, որ սա պետք է ընդունվի, և իշխանությունների կողմից լինեն փոխհամաձայնեցված տարբերակներ։
«Երբ իշխանությունները գան համաձայնության, դրան արդեն կհաջորդի գործողություն, որում կարող է ընդգրկվել և չընդգրկվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն. սա արդեն՝ ըստ կողմերի որոշման։ Այս պահի դրությամբ մենք մեր կողմից չենք կարող ասել, որ մեզ այդ հարցով առ այսօր դիմել են։ Ենթադրում ենք, որ հարցը մնում է չլուծված»,- 168.am-ին փոխանցեց Զառա Ամատունին։