«Փաշինյանի ստորագրությամբ այսպիսի «խաղաղություն» Արցախում արդեն տեսել ենք». Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ անկախ նրանից՝ ինչ է տեղի ունեցել, Արցախը եղել է անկախ, մրցունակ պետություն:

«Սեպտեմբերի 2-ին ամեն տարի սկսում էինք առավոտյան ԱԺ նիստով, այս տարի ևս այդպես կլինի: Արցախում այցելում էինք Եղբայրական հուշահամալիր, այստեղ՝ Եռաբլուր: Վաղը երեկոյան նախատեսված է հանրահավաք: Այս բոլորը հնարավորություններ են խոսել օրվա խորհրդի մասին, վերհիշել անցյալը և անցյալի հիշողություններով ուժ ունենալ՝ կյանքի կոչել մեր առջև դրված նպատակները: Այդ օրը, երևի, պետք է հերթական հնարավորությունը լինի վերահաստատելու, որ կանգ չենք առնելու և շարունակելու ենք պնդել մեր իրավունքը, որը միջազգայնորեն հաստատված իրավունք է, և գնալ դրա հետևից: Այս իրավիճակում շատ կարևոր է, որ հատկապես նման օրերին ոչ թե խոսենք հիշողությունից, այլ վերահաստատենք մեր կամքը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ նրա՝ Հայաստանը վտանգում է ոչ թե Արցախի հարցի, արցախցիների վերադարձի իրավունքի հարցի բարձրացումը, այլ գործող իշխանությունները  փորձում են ընդհանրապես փակել Արցախի հարցը:

Կարդացեք նաև

«Փաշինյանը փորձում է ժողովրդին ներշնչել, որ Արցախի հանձնումը ժողովրդի կամքն է, որովհետև մեր հասարակության մեջ էլ շատերն ասում են, որ՝ եթե դեմ լինեինք, ապա ինքն իշխանության չէր լինի: Բայց այստեղ կա մյուս երեսը և դա է ճշմարտությունը, որ ժողովուրդը գոնե 2020-ից սկսած պարբերաբար իր անհամաձայնությունը հայտնել է տարբեր ձևաչափերով: Այնքան էլ շատ ժամանակ չի անցել այն օրվանից, երբ 100 հազարից ավելի մարդ հրապարակում պահանջում էր Փաշինյանի և նրա խմբի հրաժարականը: Դրանից կարճ ժամանակ անց, երբ ժողովուրդը հստակ գնում էր գործողությունների, իշխանությունը կրակեց ժողովրդի վրա:

Ժողովուրդը բազմիցս փորձ արել է, և ի՞նչ ձևով է իշխանությունը դա կանխել, նախ՝ կրակելով, բռնության ենթարկելով ժողովրդին, բանտերը լցնելով քաղբանտարկյալներով: Նա կարողացավ իր կերպարով ժողովրդի մեջ վախ սերմանել բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, որովհետև 2018-ին ժողովուրդն իրոք հավատում էր, բայց հուսախաբ եղավ: Այս տարիների ընթացքում այս իշխանությունը կարողացավ արժեզրկել քաղաքականությունը»,- ասաց նա:

Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ Հայաստանի իշխանությունների ներկայացրած խաղաղության նման խաղաղություն արդեն տեսել ենք.

«Ցավոք, նման խաղաղություն, որտեղ կար ՀՀ վարչապետի ստորագրությունը, մենք ունեցանք 2020-ի նոյեմբերի 9-ին: Այն ժամանակ, երբ հայտարարում էինք, որ դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է, մեզ քարկոծում էին՝ ասելով, որ պառակտիչ ենք և չենք ուզում խաղաղություն: Ամեն անգամ ԱԺ նիստերին երբ ներկա էր գտնվում Արցախի նախագահը, իմ միակ հարցը եղել է՝ արդյո՞ք վստահ է, որ մինչև 2025թ. ռուս խաղաղապահները լինելու են Արցախում: Հիմա, այս հեռավորությունից ավելի պարզ եմ հասկանում, որ նույն տիպի պատասխաններ էի ստանում, ինչպես հիմա լրագրողների հարցերին պատասխանում են այս իշխանության ներկայացուցիչները՝ հիստերիայով, նյարդային: Նույն իրավիճակն է. այս իշխանությունների օրոք Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս