
«Հայ գերիների հարցը Փաշինանը փակել է և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս. Ալիևի իրարամերժ հայտարարությունները փաստում են նրա ոչ լուրջ վերաբերմունքը». Արմինե Ադիբեկյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ ոտքի վրա զրուցել են Էրդողանի, Ալիևի և վերջիններիս կանանց հետ: Թե՛ Աննա Հակոբյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իրենց էջերում լուսանկարներ էին հրապարակել, որտեղ ջերմ զրուցում են Էրդողանի, Ալիևի և նրանց կանանց հետ։
Հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի և նրա կնոջ հետ այս ջերմ շփումների ժամանակ բարձրացնի նաև Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ու պատանդների հարցը։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն իրատեսական չի համարում, որ Փաշինյանն Ալիևին մեկ բառ ասած կլինի պատանդների, գերիների վերաբերյալ։
«Հայ գերիների հարցը Փաշինյանը փակել է և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս, ինչի մասին նա բացեիբաց հայտարարել է։ Կապ չունի, թե նա ում հետ, ինչ հանգամանքներում է հանդիպում, գերիների հարցն այլևս փակ է նրա համար, նա այդ հարցը չի բարձրաձայնելու որևէ ատյանում, և ոչ մի մակարդակով, առավել ևս՝ անձնական հանդիպումների ու շփումների ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմինե Ադիբեկյանը։
Ըստ փորձագետի, սեպտեմբերի 8-ին Վաշինգտոնում էլ նախաստորագրված թուղթը գերիների հարցը չի լուծելու, այն որևէ իրավական ուժ չունի, զուտ քարոզչական բնույթ է կրում։
«Այսպես ասեմ՝ ամուսնանալ խոստանալը դեռ ամուսնանալ չէ։ Այս փաստաթուղթը կողմերին ոչինչ չի պարտադրում, որպես օրինակ կարող եմ բերել հայ-թուրքական արձանագրությունները. Անգամ եթե այդ փաստաթուղթն ինչ-որ բան պարտադրեր կողմերին, դրա տակ դրված կլինեին սանկցիաներ, որոնք կկիրառվեն, եթե կողմերից ինչ-որ մեկը խախտեր այդ փաստաթղթի դրույթները։ Նոյեմբերի 9-ի ու այլ փաստաթղթերի տակ, որտեղ կա Ալիևի ստորագրությունը, այն երբեք չի իրագործվելու։ Սա Ալիևի համար տասնամյակների ավանդույթ է։ Հաշվի առնելով, որ դրա տակ դրված է նաև Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, որն ի վիճակի չէ հակառակ կողմին պարտադրել կատարել ստորագրված թղթի դրույթները, այդ ամենին լուրջ վերաբերվելը և ակնկալիքներ ունենալն առնվազն միամտություն է»,- հավելեց Արմինե Ադիբեկյանը։
Նրա բնորոշմամբ՝ ինչպես երեկ, այնպես էլ այսօր Ալիևի համար որևէ բան չի փոխվել։ Նա ինչպես Հայաստանի նկատմամբ վարում էր զավթողական քաղաքականություն, այնպես էլ շարունակում է՝ ուշադրություն չդարձնելով թղթերին, որոնց վրա դրել է իր ստորագրությունը։
«Մեկ շաբաթ առաջ Ալիևն ասում էր՝ «պատերազմ է, և մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի», ասում էր, որ հայ ժողովուրդը հիվանդ հասարակություն է, և «մենք պետք է բուժենք նրանց»։ Այս իրարամերժ հայտարարությունները փաստում են Ալիևի ոչ լուրջ վերաբերմունքն իր նախաստորագրած թղթին։ Նա պատրաստ չէ հետևողականորեն իրագործել այն դրույթները, որի տակ ստորագրել է՝ հայատյացության մակարդակն իր մոտ ինչպես բարձր եղել է, այդպես էլ շարունակում է մնալ»,- ընդգծեց Արմինե Ադիբեկյանը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։