Թրամփը սպառնում է Իրանին․ ինչպե՞ս ԱՄՆ հակաիրանյան քաղաքականությունն ու սիրիական բեկումը կանդրադառնան Իրանի դիրքերի վրա Հարավային Կովկասում

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը շարունակում է արտաքին քաղաքական ուշագրավ ուղերձներ հնչեցնել։ Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Թրամփը դիտարկում է Իրանի ուղղությամբ կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտելու նպատակով:

«The Wall Street Journal» թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է, որ իրեն մտահոգում է իրանական միջուկային առաջընթացի հնարավորությունը իր նախագահական ժամկետի ընթացքում, և որ ինքն այդպիսի ելքը կանխելու տարբերակներ է փնտրում:

Այլ աղբյուրների պնդմամբ՝ իրանական հարցի քննարկման ընթացքում երկու հնարավոր սցենար է ներկայացվել: Առաջին տարբերակը ենթադրում է Իրանի վրա ռազմական ճնշման ուժեղացում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում զորախմբի, ինքնաթիռների և նավերի ավելացում։

Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է Իսրայելին փոխանցել նորարարական զինատեսակներ, ինչպիսիք են բունկերների ոչնչացման համար նախատեսված ռումբերը, որոնք կարող են շարքից հանել իրանական միջուկային օբյեկտները:

Կարդացեք նաև

Այլընտրանքային սցենարը հիմնված է ռազմական ուժի կիրառման սպառնալիքների և ԱՄՆ պատժամիջոցների խստացման համադրության վրա։ Դա պետք է Թեհրանին ստիպի համաձայնել դիվանագիտական կարգավորմանը։

Վերլուծաբանների կարծիքով՝ այս ռազմավարությունը հիշեցնում է այն մոտեցումը, որը Թրամփը կիրառում էր ԿԺԴՀ-ի նկատմամբ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում, թեև Հյուսիսային Կորեայի դեպքում դիվանագիտությունը ակնկալվող արդյունքներ չտվեց:

Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։

Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Թրամփի այս մտադրությունները որքանո՞վ են իրագործելի և ինչպե՞ս կանդրադառնան Իրանի ռեգիոնալ դիրքերի վրա՝ հարցերը քննարկեցինք իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարի հետ։

Նա նշեց, որ այս հրապարակումները բացարձակ նորություն չեն դարձել Իրանի համար, քանի որ Իրանը ականատես է եղել, իր մաշկի վրա զգացել ու հաղթահարել է Թրամփի նախագահության առաջին ժամկետի ճնշումները։

Բարզեգարը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո Իրաննը ուղերձներ հղեց նոր վարչակազմի անդամներին, որ չկրկնեն Թրամփի առաջին ժամկետի սխալ քաղաքականությունը, որը որևէ օգուտ չի տվել ամերիկյան ժողովրդին, այլ միայն լարվածությունն երկկողմ հեռակա հարաբերություններում։

«Կասեմ, որ այդ ամենը սպասելի էր Իրանի համար և կարծում եմ՝ հնարավոր բոլոր սցենարները Թեհրանը դիտարկում է, պատրաստվում։ Սա մի ռեժիմ է, որին Իրանը սովոր է և կշարունակի այդ պայմաններում վարել իր քաղաքականությունը, դրա փորձը կա, թեև, պետք է նաև ասել, որ այդ ամենը բավականին ուռճացված է նաև։

Ավելի մեծ սպառնալիք, կարծում եմ, Իրանում դիտարկում են սիոնիստական ռեժիմի գործունեությունը, որը արդեն տարածքներ է գրավում Սիրիայում և փորձում հաստատվել ավելի խորքերում, քան Գոլանի բարձունքներն են։ Սա որևէ մեկը չէր կանխատեսում, սակայն այդ ռեժիմը փորձում է սիրիական իրավիճակից իր մասնաբաժինը ստանալ, ինչպես նաև հաստատվել տարածքներում, որոնք ավելի մոտ են Իրանին։ Բնականաբար, սիոնիստական ռեժիմի ներկայիս գործունեությունը Սիրիայի տարածքում կրում է առաջին հերթին հակաիրանական բնույթ, որի հարցում Իսրայելն ակնկալում է ողջ ԱՄՆ-ի և արևմտյան այլ կենտրոնների աջակցությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։

Հարցին, թե ԱՄՆ հնարավոր նոր ճնշումների քաղաքականությունն ինչպե՞ս կանդրադառնա Թեհրանի ռեգիոնալ քաղաքականության վրա, այդ թվում՝ հարավկովկասյան ուղղությամբ, վերլուծաբանը պատասխանեց, որ նախ պետք է հասկանալ, թե որ սցենարով կգնան ԱՄՆ իշխանությունները։

Բարզեգարի խոսքով, եթե պատժամիջոցների կոշտ քաղաքականություն սկսվի, ապա Իրանը ստիպված կլինի իր ներքին ռեսուրսները կենտրոնացնել այդ ամենը հաղթահարելու համար։ «Դրա փորձը, ինչպես ասացի, Իրանն ունի։ Սակայն դա, ինչպես և ռազմական սպառնալիքի դիմակայումը, ռեսուրս է պահանջում։ Սովորաբար նման իրավիճակներում երկրները կենտրոնանում են առաջնահերթությունների վրա։ Սակայն ներկայիս իրավիճակն այնքանով է առանձնահատուկ, որ որևէ երկիր «թուլանալու» իրավունք չունի որևէ ուղղությամբ, որովհետև դա անդրադառնալու է նրա ապագա դիրքերի վրա։

Կարծում եմ՝ փորձ է արվելու հնարավորինս քիչ վնասներով հաղթահարել նոր զարգացումները։ Ըստ իս, Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Իրանն ավելի զգոն պետք է որ լինի այլ ռեգիոններում։ Վերջին ամիսներին Իրանից բավականին շատ ուղերձներ են հղել Արևմուտքին, Իրանը բավականին զգուշավոր ու ճկուն քաղաքականություն է վարում և դա շարունակվելու է»,- նկատեց նա։

Բարզեգարի համոզմամբ, հայ-իրանական հարաբերութունների ուղղությամբ կա Արևմուտքի՝ դրանք թուլացնելու ցանկությունը, սակայն այս մասով էլ փոփոխություններ չեն լինելու։

«Իրանը հավատարիմ է իր դիրքորոշումներին, կա գիտակցում, որ Իրանն ու Հայաստանը կարևոր են միմյանց համար։ Սա իրենից ենթադրում է, որ այդ ռեգիոնում Իրանը, եթե ավելի չանի, ապա չի պակասեցնի իր ներգրավվածությունը որոշ հարցերին։ Սակայն, իհարկե, Արևմուտքի ակտիվ ներկայությունը, այն ավելի խորացնելու նպատակը միտված է թուլացնել Իրանի ազդեցությունը և դա հնարավոր չէ անտեսել»,- ասաց Բարզեգարը։

Տեսանյութեր

Լրահոս