«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Թրամփի վերջին որոշումները սպասելի էին՝ հաշվի առնելով իր դիրքորոշումն Իրանի, ինչպես նաև վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ, սպասվում էին նման որոշումներ։ Սակայն, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը դեռ շեշտը դնում է որոշումների աղմկահարույց գործոնի վրա, իսկ դրանց իրագործելիությունն ու հնարավոր ազդեցությունը շարունակում է կասկածելի մնալ։ Սակայն, նրա խոսքով, թե Իրանի դեմ ամերիկյան որոշումները, թե առաջարկները Գազայի հատվածի վերաբերյալ ակնհայտորեն ուղղված են մերձավորարևելյան մեծ տրանսֆորմացիաների՝ ի օգուտ Իսրայելի։
Նախօրեին ադրբեջանական կողմը փորձեց նենգափոխել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Իսմայիլ Բաքայիի մեկնաբանությունները ռեգիոնալ տրանսպորտային խնդիրների վերաբերյալ՝ ներկայացնելով, թե Իրանը իբրև թե կողմ է, այսպես կոչված, թուրանական՝ Զանգեզուրի միջանցքին։ Իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին ԻԻՀ ԱԳՆ խոսնակի խոսքերը վերագրել էին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
«Կարծում եմ՝ փորձ է արվելու հնարավորինս քիչ վնասներով հաղթահարել նոր զարգացումները։ Ըստ իս, Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Իրանն ավելի զգոն պետք է որ լինի այլ ռեգիոններում։ Վերջին ամիսներին Իրանից բավականին շատ ուղերձներ են հղել Արևմուտքին, Իրանը բավականին զգուշավոր ու ճկուն քաղաքականություն է վարում և դա շարունակվելու է»,- նկատեց նա։