Թուրքիան մեր տարածաշրջանում խոշոր խաղացողների հետ նոր սակարկությունների, նոր բաժիններ ստանալու հնարավորություն է ստացել. Շիրազ Խաչատրյան

Գրեթե մի շաբաթ քաղաքագիտական և փորձագիտական քննարկումների թեման Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն է, և Սիրիայում Թուրքիայի և, ինչո՞ւ չէ՝ Իսրայելի հաղթանակը: Այլ հարց է, որ սիրիական իրադարձությունների ֆոնին և ստեղծված իրավիճակում Իսրայելի և Թուրքիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնություններ կարող են առաջանալ: Ավելին, Իսրայելն արդեն սկսել է հասկանալ, որ Սիրիայում իր առջև այլևս Ռուսաստանը և Իրանը չէ, այլ Թուրքիան, ինչը լուրջ վտանգներ է պարունակում:

Իսկ թե անվտանգային ի՞նչ ռիսկեր է ենթադրում Թուրքիայի ուժեղացումը Հարավային Կովկասի և Հայաստանի վրա (եթե ընդունենք նաև, որ Սիրիայում Իրանը և ՌԴ-ն պարտվեցին)՝ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

– Ընդհանրապես, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները միշտ էլ այս կամ այն կերպ ազդել են Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա, և, բնականաբար, հատկապես Սիրիայում կատարվող իրադարձությունների, Իսրայելի ու Թուրքիայի գրանցած հաջողությունների ֆոնին գեոպոլիտիկ խաղացողների մրցակցությունը տեղափոխվելու է մեր տարածաշրջան, որտեղ Թուրքիան, Իսրայելն ու իրենց դաշնակիցները (այս դեպքում՝ Ադրբեջանը) կարող են ավելի վստահ դիրքերից հանդես գալ մեր շուրջ ծավալվող տարածաշրջանային գործընթացներում։

Այսինքն՝ Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի փաստացի պարտության ֆոնին հատկապես Թուրքիայի ազդեցության գերակայությունը նշանակում է ռեգիոնալ դասավորության զգալի փոփոխություն, որտեղ ավելի աշխույժ դերակատարմամբ հանդես եկող Թուրքիան մեր տարածաշրջանում էլ ավելի ակտիվ քայլերի, խոշոր խաղացողների հետ նոր սակարկությունների, նոր բաժիններ ստանալու հիանալի հնարավորություն է ստացել։ Այնպես որ, Սիրիայում ռազմաքաղաքական առումով վերջնական հանգուցալուծումից հետո հետաքրքիր զարգացումներ կարող են սկսվել մեր տարածաշրջանում:

Կարդացեք նաև

Թուրքիայի ուժեղացումը և Իրանի թուլացումը, Սիրիայում Ռուսաստանի չհաղթելը, եթե կարելի է այդպես ասել, ի՞նչ փոփոխություն են մտցնում կոմունիկացիաների վերահսկողության համար աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային խաղացողների պայքարում, ինչի մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք:

– Կարելի է ասել՝ հսկայական փոփոխություններ։ Ընդդիմադիր խմբավորումների իշխանության գալուց հետո պաշտոնական Թեհրանի դիրքերն էականորեն թուլանալու են։ Ասադի կառավարման ժամանակահատվածում Իրանն ուղիղ ճանապարհ ուներ Լիբանան հասնելու և այնտեղ գործող Հեզբոլլահին աջակցություն տրամադրելու Իսրայելի դեմ հակամարտությունում։ Իրանը ոչ միայն հեշտ ճանապարհ ուներ Սիրիայով Լիբանան մուտք գործելու համար, այլև հենց Սիրիայի ներսում տարբեր պրոքսի ուժերի առանցքներ էր ստեղծում Իսրայելի դեմ պայքարելու նպատակով։

Բացի այդ, Իրանի՝ Միջերկրական ծով դուրս գալու ուղիներն էլ ավելի են դժվարանալու ու սահմանափակվելու։ Այնպես որ, Ասադի հեռանալը կտրուկ իրավիճակը փոխում է, և Իրանի դիրքերը թուլանում են տարածաշրջանում, նա զրկվում է իր պրոքսի ուժերին կապող օղակներից և կոմունիկացիաների վերահսկողությունից։

Դժվարին կացության մեջ է նաև Մոսկվան, որը ոչինչ չկարողացավ ձեռնարկել Ասադի իշխանությունը պահելու ուղղությամբ։ Ռուսաստանի համար Սիրիայի տարածքը և այնտեղ ռազմաբազաներ ունենալը ոչ միայն հնարավորություն էր տալիս տարածաշրջանում իր խնդիրներն առաջ մղելու հարցում, այլև իր բազաները կարևոր հենման կետ են Աֆրիկայում իր տարբեր գործողությունների իրականացման համար։ Եվ Սիրիայից ռազմաբազաների դուրսբերման սցենարի դեպքում Ռուսաստանը շղթայական ռեակցիայի ձևով թուլացնելու է իր դիրքերը և Աֆրիկայում, և Հարավային Կովկասում։

– Սիրիայում տեղի ունեցածից և սպասվող զարգացումներից հետո ԱՄՆ-ՌԴ կամ ՌԴ-Հավաքական Արևմուտք հետաքրքրությունների ի՞նչ պատկերի ենք ականատես լինելու «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, և արդյո՞ք Իրանի կարմիր գիծը կարող է որոշակիորեն փոխվել և ո՞ր դեպքում։

– Այս պահին տեսանելի պրոցեսների մակարդակում արդեն երևում է, որ ԱՄՆ-ի և Հավաքական Արևմուտքի դաշնակիցները Թուրքիայի ու Իսրայելի դեմքով Սիրիայում լուրջ հաջողություններ են գրանցել և թուլացրել ՌԴ և Իրանի դիրքերն այնտեղ։

Իսկ, մասնավորապես, Մերձավոր Արևելքում Թուրքիայի գրանցած հաջողություններն իրենց շղթայական շարունակությունն են ունենալու նաև մեր տարածաշրջանում։ Թե ինչպես, ինչ գործիքակազմերով և ինչպիսի հարցերի շրջանակներում, կարելի է ասել, որ տարածաշրջանային հետաքրքրությունների պատկերը մոտավորապես պարզ է, և Թուրքիայի համար առաջնային ու անփոխարինելի նախագծերից մեկը միշտ էլ մնում է, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Թուրքիան նաև բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի։ Իսկ ինչպես կզարգանան իրադարձությունները, Սիրիայից հետո ինչպիսի ռազմաքաղաքական իրավիճակ կարող է ստեղծվել Մերձավոր Արևելքում, ինչպես կարող է սեղմվել օղակն Իրանի շուրջ, և ինչպես կարող է դիմագրավել Իրանն այդ մարտահրավերներին, դրանից հետո կարելի է նոր ենթադրություններ, տեսակետներ հայտնել, թե որոնք կարող են լինել Իրանի համար կարմիր գծերը։

– Ի դեպ, ադրբեջանա-իսրայելական բարձրաստիճան հանդիպումներ են տեղի ունեցել արտաքին գործերի նախարարների մակարդակով, և սա նաև Իրանի հետ կապված՝ ԱՄՆ-ից հնչող հայտարարությունների ֆոնին։

– Ձեր նշած բոլոր դերակատարների կարևոր ռազմավարական խնդիրն Իրանին թույլ կարգավիճակում տեսնելն է, և ինչպես աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներն են ցույց տալիս, Իրանի շուրջ, ցավոք սրտի, օղակը սեղմվում է։

– Վերադառնանք, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին». օրերս ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ կա եռակողմ փոխըմբռնում Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի հետ կապված։ Սրան զուգահեռ՝ տեղի են ունենում թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների հանդիպում Բաքվում և Թուրքիայում, մասնավորապես, Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուն այցելել էր Բաքու, իսկ Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար Քյանան Սեիդովը Թուրքիա էր մեկնել:

– Հայաստանի վրա Սյունիքով անցնող հաղորդակցության ճանապարհի վերահսկողություն ձեռք բերելու հարցում միշտ էլ ճնշումներ բանեցվել են և բանեցվում են: Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանից անխոչընդոտ անցում են պահանջում՝ առանց հայկական մաքսային անցակետերի և մաքսային ստուգումների, իսկ Ռուսաստանը ցանկանում է ճանապարհի վերահսկողությունը վերցնել իր ձեռքը՝ իր լծակները նաև Հարավային Կովկասի այդ հատվածում պահպանելու համար։

Կողմերի խոսույթները կարող են փոխվել՝ բաց սպառնալիքների լեզվով խոսելուց (հայտարարություններից՝ մինչև թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որոնք հավելյալ ճնշման գործիք կարող են լինել Հայաստանի վրա) անցում գեղեցիկ փաթեթավորմամբ ինչ-որ առաջարկների, «փոխըմբռնումների», բայց սրանից ընդհանուր պատկերը չի փոխվում։

Հայաստանից կողմերը փորձում են անընդհատ զիջումներ կորզել, ճնշումներ բանեցնել մեզ վրա, հայկական կողմն էլ շատ հաճախ տեղի է տալիս այդ ճնշումներին, ժամանակ շահելու, խնդրի լուծումից փախնելու ճանապարհին մաս-մաս զիջելով մեր հայրենիքի տարբեր հատվածներ։ Անընդհատ զիջելու, կորցնելու խայտառակ շրջապտույտից ՀՀ կառավարիչներն այդպես էլ չեն կարողանում դուրս գալ։

– 2020թ. Արցախի պատերազմում հայկական կողմի պարտությունը և 2023-ին Արցախի ամբողջական օկուպացիան իր անվտանգային ազդեցությունն է ունեցել Հայաստանի անվտանգության ապահովման վրա: Բայց, ըստ էության, միայն Հայաստանը չէ, որ Արցախի կորստով կորցրեց, այլ նաև Ռուսաստանը (որը չկարողացավ մնալ Արցախում մինչև իր խաղաղապահների ժամկետի ավարտը) և Իրանը: Ի՞նչ կորցրեցին Ռուսաստանը և Իրանն Արցախի օկուպացիայով, կարո՞ղ ենք ասել, որ որոշակի առումով Արցախը պայթեց Սիրիայում:

– Եթե շատ հեռու չգնանք, միայն պատմական վերջին մի քանի իրադարձություններ թվարկելով՝ կարելի է ասել, որ 2018թ. հայաստանյան հայտնի իրադարձությունները, դրան հաջորդած Արցախյան երրորդ պատերազմը, ապա ռուս-ուկրաինական պատերազմը, Մերձավոր Արևելքում ընթացող վերջին պատերազմները հանգեցրել են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր փոփոխությունների։

Տարածաշրջանային դերակատարների ուժերի բալանսը փոխվել է, և կարելի է ասել՝ Ռուսաստանը, Իրանն այս ընթացքում միայն կորցրել են՝ թուլացնելով իրենց դիրքերն իրենց իսկ ազդեցության գոտիներում։ Ձևավորվելու են խոշոր դերակատարների փոխհարաբերությունների նոր ձևաչափեր, որոնք իրենց հերթին՝ իրենց հետ բերելու են նոր ռիսկեր ու փոփոխություններ։

– Դեռ այս տարվա ամռանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Բաքվի գործելակերպը հիմնավորում է COP29-ից հետո Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձեռնարկելու վերլուծությունները: Վերջին օրերին և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարությունը վստահեցնում է, որ երկու երկրների միջև պատերազմի կամ էսկալացիայի գործոն այլևս չկա, թեպետ Ադրբեջանի կողմի պահանջները դեռ լիովին բավարարված չեն։ Ի՞նչ սպասել այս դեպքում:

– Էսկալացիա չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի պահանջները հայաստանյան իշխանությունները հլու-հնազանդ ի կատար են ածում։ Բաքուն կարողանում է ժամանակի ընթացքում ավելին ստանալ, քան ռազմական ճանապարհով կարող էր լուծել այս կամ այն խնդիրը։

Երբ ինչ-որ մի ժամանակափուլում գործընթացները նույնիսկ կանգ են առնում, ադրբեջանական կողմը գործի է դնում իր տեղեկատվական սպառնալիքների հայտնի մեթոդները:

Բայց կրկնում եմ՝ տարածաշրջանային նոր փոփոխությունների ֆոնին նոր գործընթացներ են սկսվելու՝ լի ռիսկերով, և չենք կարող ասել՝ հաջորդ պահին այս կամ այն դերակատարն ինչ հաշվարկներով ու քայլերով կարող է առաջնորդվել՝ ռեգիոնում իր խնդիրների լուծմանը հասնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս