Ի՞նչ է նշանակելու Թրամփի երկրորդ նախագահությունը Հայաստանի ու Հարավային Կովկասի համար

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ 47-րդ նախագահը։

Հանրապետական Թրամփը վստահ հաղթանակ տարավ՝ ստանալով ամերիկյան ընտրական համակարգի ընտրիչների 270+ ձայներ, ինչն արդեն իսկ հաղթանակ է ենթադրում։ ​​Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ երկրորդ գործիչը, որը կղեկավարի Միացյալ Նահանգները երկու ոչ անընդմեջ ժամկետներով։ Առաջին նման նախագահը 19-րդ դարի վերջին Գրովեր Քլիվլենդն էր։

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո Թրամփը կարճ հանդիպում ունեցավ իր կողմնակիցների հետ, տոնեց հաղթանակը, որոշ ուղերձներ հղեց աշխարհին և ԱՄՆ ժողովրդին՝ ազդարարելով ոսկե դարաշրջան ԱՄՆ-ի համար։ Ինչպես իր նախորդ ընտրապայքարում, Թրամփը խոստացավ ԱՄՆ-ը կրկին Մեծ տերություն դարձնել, կրճատել հարկերը և քաղաքացիների համար կյանքը դյուրացնել։ «Ես պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք»,- աշխարհին նման ուղերձ հղեց հանրապետական Թրամփը, ինչն արդեն լայնորեն քննարկում են՝ ինչպես ՌԴ-ում, այնպես էլ՝ ԵՄ երկրներում և հարավկովկասյան տարածաշրջանում։

Նիկոլ Փաշինյանը, ում վարչակազմը որոշակի հարաբերություններ էր ձևավորել Դեմոկրատական իշխանության հետ, հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակն ու խորությունը փոխելու հավակնություն հայտնել, շնորհավորել է Թրամփին վստահ հաղթանակի կապակցությամբ։ Սակայն դժվար է թերագնահատել այս փոփոխությունը Հայաստանի Հանրապետության համար, որը մեծ հույսեր կապելով հենց Բայդենի վարչակարգի և Բլինքենի Պետքարտուղարության հետ, նպաստեց Հարավային Կովկասում ռուսական դիրքերի թուլացմանը և, համապատասխանաբար՝ Արևմուտքի ու ԵՄ-ի դիրքերի ամրապնդմանը։ Այս վարչակարգի օրոք Պետքարտուղարությունն էլ ավելի սերտ զբաղվեց Հարավային Կովկասով՝ հաճախակի բարձրաստիճան պատվիրակությունների այցեր Հարավային Կովկասի երկրներ, հեռախոսազանգեր Ալիևին ու Փաշինյանին, հանդիպումների նախաձեռնություններ, նամակներ Բայդենից Փաշինյանին ու Ալիևին, և այլն։ Դժվար է կանխատեսել, թե ինչ ճակատագիր կունենա այս օրակարգը, և Թրամփի թիմն ինչպես կզբաղվի Հարավային Կովկասով։

Կարդացեք նաև

Ի դեպ, ավելի ուշագրավ է հետևել Թրամփի վարչակարգի քաղաքականությանը մեր ռեգիոնում վերջինիս թվիթերյան այն գրառումից հետո, որում նա մեղադրում էր փոխնախագահ Հարիսին հարավկովկասյան զարգացումների համար։

«Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել էր նա՝ միևնույն ժամանակ քննադատելով իր մրցակից, գործող փոխնախագահ Քամալա Հարիսին, մեղադրելով ադրբեջանական անցած տարվա հարձակման օրերին անգործության համար, Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս էլ գրել էր՝ «Արցախ»:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին։ Ըստ կաթողիկոսության հաղորդագրության՝ Թրամփը վերահաստատել է իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։ ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին ընդառաջ կայացած այս հեռախոսազրույցի ժամանակ նախագահի թեկնածուն նաև ողջունել էր ամերիկահայ համայնքին։

Թրամփի նախագահության նոր ժամկետի մասին խոսելիս՝ Հայաստանում շատերը հիշում են 44-օրյա պատերազմի օրերին նրա հայտարարությունը, թե կօգնի հայերին։ 2020թ. հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփն ասել էր. «Մենք աշխատում ենք Հայաստանի հետ: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նվիրված: Եվ տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, լավ առաջընթացի ենք հասել: Այս երկրում շատ մարդիկ ունենք, որոնք Հայաստանից են եկել: Նրանք շատ լավ մարդիկ են, և  մենք կօգնենք նրանց»:

Սակայն Թրամփի վարչակարգը չկարողացավ որևէ դերակատարություն ունենալ պատերազմի դադարեցման և Ադրբեջանին զսպելու հարցում։

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին, անդրադառնալով Թրամփի հաղթանակին և Հարավային Կովկասին, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ թեկնածուների նախընտրական հայտարարությունները սովորաբար պայմանավորված են լինում ԱՄՆ-ում հայ համայնքի առկայությամբ, ինչպես Ֆրանսիայում։ Սակայն, նրա խոսքով, և Թրամփի, և Հարիսի դեպքում կարևոր էին լինելու առաջին հերթին ուկրաինական հակամարտությունն, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ Իրանի դեմ քաղաքականությունը։

«Հարավային Կովկասում զարգացումները Հայաստանի ու Ադրբեջանի միջև ֆոնային և երկրորդական բնույթ կրող զարգացումներ են։ Սակայն չեմ կարծում, որ ԱՄՆ-ում ներկայումս որևէ վարչակարգ անտեսելու է այս ռեգիոնը։ Ակնհայտ է, որ Թրամփը նոր արտաքին քաղաքականություն է վարելու, նոր սկզբունքներ է հայտարարել, Չինաստանը կրկին առաջին պլան է բերվել՝ որպես տնտեսական մրցակից, խոսվում է պատերազմները դադարեցնելու և խաղաղություն հաստատելու մասին։ Գլխավոր ջանքերն ուղղվելու են նշածս ուղղություններով, իսկ փոքր ռեգիոնները կրկին կտուժեն, քանի որ արդյունքները կախված կլինեն՝ ինչպես այդ երկրների դիվանագիտության կարողություններից, ճկունությունից, այնպես էլ՝ իրավիճակներից»,- ասաց նա։

Վերլուծաբանը գտնում է, որ Բայդենի վարչակազմի նախաձեռնությունների էջը փակվեց, սակայն չի բացառվում, որ Թրամփի վարչակազմը ևս փորձի այս հակամարտության ներկայիս փուլից օգտվել և բարենպաստ վարկանիշ ստեղծել՝ նպաստելով համաձայնագրի ստորագրմանը։ Նրա խոսքով, ենթադրվում է, որ Թրամփի օրոք ռեգիոնալացման քաղաքականությունը կամրապնդվի, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն բազմաբևեռ աշխարհի հաստատման համար։ «ՌԴ-ում ոգևորված չեն, սակայն որոշակի հույսեր կան, որոնց մասին պարզապես չեն բարձրաձայնում»,- նկատեց նա։

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում ասաց, որ Իրանում որևէ մեկը թեկնածուներից որևէ մեկին նախապատվություն չի տվել, քանի որ չի տեսնում որևէ տարբերություն Բայդենի ու Թրամփի քաղաքականությունների միջև Մերձավոր Արևելքում։ Նրա խոսքով, հատկապես Մերձավոր Արևելքում գուցե իրադարձություններն ամենևին մեղմման սցենարով չընթանան, ինչը Թրամփը խոստանում է։

«Այս եզրակացությունն արվում է, դիտարկելով նախընտրական հայտարարություններն Իրանի դեմ և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև Իսրայելի վերաբերյալ։ Ի տարբերություն Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի վերաբերյալ գուցե ամերիկյան նոր վարչակազմը փորձի բանակցային ճանապարհներ փնտրել՝ դադարեցնելու համար ստեղծված իրավիճակը։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, կարծում եմ, Թրամփի Պետքարտուղարությունը վարելու է այնպիսի քաղաքականություն, ինչ նախորդ շրջանում՝ ոչ այնքան ակտիվ։ ԱՄՆ արտաքին քաղաքական կենտրոնացումը լինելու է մի քանի ուղղություններով, ինչպես ասացի։ Իսկ դա, կարծում եմ, նպաստելու է «3+3»-ի նման պրոյեկտների ամրապնդմանը։ Կարծում եմ՝ երկկողմ հարաբերությունները ևս չեն զարգանալու այն ինտենսիվությամբ, ինչ Բայդենի օրոք։ Այստեղ էական տարբերություններ են լինելու»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս