Իրան-Իսրայել ռազմական սրման վտանգն ու հայաստանյան հետևանքները․ ինչպե՞ս կանդրադառնա մերձավորարևելյան նոր «բռնկումը» Հարավային Կովկասի վրա
Մերձավոր Արևելքում շարունակվող Իսրայել-Գազա մեկամյա թեժ պատերազմն է՛լ ավելի է ընդլայնվում։ Սա հասկանալիորեն սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով հակամարտությանն Իրանի անուղղակի մասնակցությունը, ինչպես նաև Իսրայելի ցանկությունը՝ Իրանին ներքաշել ավելի լայն պատերազմի մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ», և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»: Հայտարարությունում նշվում է, որ թիրախները «գտնվում են սահմանին մոտ գյուղերում և անմիջական վտանգ են ներկայացնում իսրայելական բնակավայրերի համար»։
Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահ»-ի հետ կապ ունեցող թիրախներին։ Օրերս էլ Իսրայելի բանակը հայտարարեց, որ մեկ օր առաջ Բեյրութում մի շարք հարվածների արդյունքում սպանել է «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլային, որը Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։ Նասրալլայի մահը հաստատեց նաև «Հեզբոլլահ»-ը։
Բեյրութում ուժգին պայթյուններ են եղել նաև երկուշաբթի ուշ երեկոյան, իսրայելական ուժերը թիրախավորել են «Հեզբոլլահ»-ի հենակետը քաղաքի հարավային արվարձաններում: Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ զգուշացրել էր տարհանել հարավային Բեյրութի երեք շրջանների բնակիչներին:
Վերադառնալով ցամաքային գործողությանը, ըստ New York Times-ի՝ ցամաքային գործողություններն իրականացվում են փոքր խմբերով, անհրաժեշտության դեպքում ավելի մեծ զորախմբեր կներգրավվեն։ Գործողությունների ծրագիրը հաստատվել է երկուշաբթի ուշ երեկոյան՝ Իսրայելի կառավարության նիստում։
Ի դեպ, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն արդեն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրավիճակը Լիբանանում և Իսրայելի գործողությունները։
Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին, սակայն նաև ընդգծել ռազմական գործողություններից դիվանագիտական ջանքերին անցնելու կարևորությունը՝ շուտափույթ կերպով անվտանգություն և կայունություն ապահովելու համար։ Նախարարները նաև քննարկել են Իրանի համար լուրջ հետևանքները, որոնք կարող են լինել Իսրայելի վրա Իրանի հարձակման դեպքում։
Օրերս Իրանը հայտարարեց, որ միանշանակ կարձագանքի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահվանը։ «Սպասե՛ք պատասխանի»,- ասել է նա՝ մեկնաբանելով Բեյրութին Իսրայելի հարվածներին Իրանի հնարավոր պատասխանի մասին հարցը. ասել էր Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին։
Մուսավին հավելել էր, որ «նահատակ Նասրալլայի արյունը կարագացնի Իսրայելի ռեժիմի և նրա առաջնորդների անկումը»։ Իր հերթին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ «սիոնիստական ռեժիմի հանցագործությունները չեն կարող ընդունելի լինել և անպատասխան չեն մնա»։
Ավելին՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այցելել է Թեհրանում «Հեզբոլլահի» ներկայացուցչություն, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության ներկայացուցչի հետ, հաղորդում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Արաղչին դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նասրալլայի սպանությունն «ահաբեկչական հանցանք» անվանելով, ընդգծել է, որ «նման գործողությունները չեն թուլացնի դիմադրությունը»։ Նախարարը վստահեցրել է, որ Իրանը շարունակելու է աջակցել «Հեզբոլլահին», սակայն իրանցի պաշտոնյաներն ուղիղ դիմակայության մեջ մտնելու ակնարկով հայտարարություններ չեն անում։
168․am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին, մեկնաբանելով իրավիճակը՝ նշեց, որ անընդհատ աճող և ավելացող այս գործողությունների նպատակն Իրանին ուղիղ ռազմական դիմակայության մեջ ներքաշելն է, ինչպես նաև որպես ռեգիոնալ լուրջ ուժ դիրքավորվելը և ըստ էության Իրանի «դիրքն» ու «դերը» զբաղեցնելը։
Նրա խոսքով, Նեթանյահուն դա չի թաքցնում, ուղիղ դիմում է Իրանին և փորձում է սպառնալիքներ ուղղել՝ համարելով, թե Իսրայելն ամենակարող է։
«Իրանի դիրքորոշումներն անփոփոխ են, Իրանը պայքարելու է գործընկեր երկրների դեմ այդ գործողությունների դեմ, որոնց թիրախում անպաշտպան կանայք ու երեխաներն են նաև։ Իրանը հայտարարեց, որ գործընկեր երկրներն ունակ են իրենց պաշտպանել, թեև ունեն Իրանի լիարժեք աջակցությունը։ Դեռևս սա է Իրանի դիրքորոշումը»,- ասաց Ալի Սալամին։
Նրա կարծիքով, Իրանն օգտվում է նաև ԱՄՆ նախընտրական շրջանից, թեև Արևմուտքը հրապարակայնորեն աջակցում է Իսրայելի ռեժիմին և դեռ չի կարողացել խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, ազդելով Իսրայելի որոշումների վրա։
«Չի բացառվում, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքն ունենա իր հետևանքը»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Ալի Սալամին գտնում է, որ ցանկացած ռազմական ապակայունացում մարտահրավեր է Հարավային Կովկասի համար, քանի որ Երևանն ու Բաքուն ունեն չլուծված հարցեր։
«Այստեղ Իրանն աջակցում է ՀՀ անվտանգությանը, սահմանների անխախտելիությանն ու տարածքային ամբողջականությանը։ Շատ ամուր է կանգնած իր այդ դիրքերի վրա, որոնք, կարծում եմ, էական կարևորություն ունեն ՀՀ անվտանգության համար։ Հայաստանի մասով Իրանի հանձնառությունը չի փոխվել։ Չնայած իրավիճակը խիստ մարտահրավերային է, սակայն կարծում եմ՝ Հարավային Կովկասի համար հավելյալ մարտահրավերներ չեն ստեղծի մերձավորարևելյան զարգացումները։ Այնուամենայնիվ Իրանը հակված է զսպել իրավիճակը, որի հակառակն է անում Իսրայելը»,- նկատեց նա։