Թրամփի՝ ռուս-ուկրաինական կարգավորման նոր փորձը. Հակամարտության կարգավորման դեպքում Ռուսաստանը կակտիվանա» Հարավային Կովկասում
Ալյասկայի Անքորիջում ՌԴ-ԱՄՆ ղեկավարների բանակցությունների տապալումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծես բանակցային նոր ռաունդ է փորձում ծավալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ:
Հոկտեմբերի 16-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել էր Թրամփ-Պուտին հեռախոսազրույց, իսկ հաջորդ օրը Թրամփն ընդունել էր Ուկրաինայի նախագահ Զելենսկիին:
Այս բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է կանգ առնեն ներկայիս առաջնագծում։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը պնդել է, որ ինքը և Զելենսկին «չեն քննարկել» ամբողջ Դոնեցկի շրջանը Ռուսաստանին հանձնելու հարցը։
«Ոչ, մենք երբեք դա չենք քննարկել»,- ասել է նա՝ հավելելով, որ շատ դժվար է քննարկել հարցեր՝ հիմնվելով «դուք սա ընդունում եք, մենք՝ այն» սկզբունքի վրա։
Հարցին, թե ի՞նչ պետք է արվի Դոնբասում, Թրամփը պատասխանել է, որ ամեն ինչ պետք է թողնել՝ «ինչպես կա».
«Հետագայում նրանք կարող են ինչ-որ բանի շուրջ համաձայնության գալ միմյանց հետ։ Բայց առայժմ հակամարտության երկու կողմերն էլ պետք է կանգ առնեն առաջնագծում՝ գնան տուն, դադարեցնեն կռվելը, դադարեցնեն մարդկանց սպանելը»։
The Washington Post-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան պաշտոնյաների, նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ Կիևը լիովին հրաժարվի Դոնեցկի շրջանի վերահսկողությունից՝ որպես պատերազմի ավարտի պայման: Թերթի աղբյուրների համաձայն՝ Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել հրաժարվել Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մի մասից՝ Դոնեցկի շրջանի լիակատար վերահսկողության դիմաց:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին.
«Թեման բազմիցս բարձրացվել է՝ տարբեր նրբերանգներով, ռուս-ամերիկյան շփումների ժամանակ, և ռուսական կողմն ամեն անգամ պատասխանել է, այդ պատասխանը լավ հայտնի է. Ռուսաստանի հետևողական դիրքորոշումն անփոփոխ է»։
Թրամփը մասնավորապես հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է սառեցնեն ներկայիս առաջնագիծը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
Նման առաջարկ էր հնչեցրել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ։
Հանդիպումից հետո մի շարք արևմտյան լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները, գրեցին, որ հանդիպման ժամանակ Թրամփը փորձել է համոզել Զելենսկիին համաձայնել Դոնեցկի մարզից ուկրաինական զորքերի դուրսբերմանը՝ հրադադարի և Զապորոժիեի, Խերսոնի մարզերի ռազմաճակատներից ռուսական բանակի մասնակի դուրսբերման դիմաց։
Ըստ լրատվամիջոցների, Զելենսկին բացառել է նման զիջման հնարավորությունը:
Մոսկվան իր հերթին՝ պնդում է, որ Կիևը պետք է դուրս բերի իր զորքն այն տարածքներից, որոնք Ռուսաստանը փորձում է բռնակցել։
Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թրամփի նախաձեռնության այս փուլին, ասաց, որ Թրամփի հաշվարկով՝ հնարավոր է հասնել «պայմանական խաղաղության», որտեղ Կիևը ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների՝ միջազգային անվտանգության երաշխիքների դիմաց։

Բայց, նրա խոսքով, այս մոտեցումը հակասական գնահատականներ է առաջացնում․ Արևմտյան Եվրոպայում այն ընկալվում է որպես վտանգավոր նախադեպ՝ արդարացնող ուժային քաղաքականությունը, ԱՄՆ-ի ներսում՝ որպես իրատեսական քայլ՝ ամերիկյան ռեսուրսները վերաուղղելու Չինաստանի զսպմանն ու Ասիա-Խաղաղօվկիանոսյան առաջնահերթություններին, իսկ Ռուսաստանը պատրաստ է բանակցության հստակ պայմանների շուրջ:
«Թրամփի քաղաքական «ռեալիզմը» ենթադրում է մեծ տրանսֆորմացիա գլոբալ անվտանգության ճարտարապետության մեջ։ Եթե նա կարողանա դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, եթե ոչ՝ վերջնական, ապա՝ գոնե երկարաժամկետ հրադադարի մակարդակով, ապա ԱՄՆ-ին դա աշխարհաքաղաքական մեծ բոնուսներ կբերի, մեծ ազդեցություն Եվրոպայում, ինչպես նաև ամբողջ եվրասիական տարածքի վրա»,- ասաց Վլադիմիր Եվսեևը:
Սակայն նա վստահ չէ, որ բանակցային այս փուլը հաջողությամբ է ավարտվելու:
Այնուամենայնիվ, նրա խոսքով, նման նախաձեռնությունները լավ ընթացքի պարագայում կարող են ազդել նաև հարակից ռեգիոններում տիրող ուժային հավասարակշռության վրա՝ կախված հանգամանքից, թե ինչպես են ավարտվում:
«Հարավային Կովկասի համատեքստում նման զարգացումը կարող է ունենալ երկակի հետևանք։ Մի կողմից՝ Ռուսաստանի վրա արևմտյան ճնշման թուլացումը կնպաստի նրա ակտիվությանը և վերադարձին տարածաշրջանային գործընթացներ՝ հատկապես անվտանգության և էներգետիկ համագործակցության տեսանկյունից։ Մյուս կողմից՝ Արևմուտքը՝ Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ, կփորձի պահել ազդեցությունը Կովկասում՝ Թուրքիայի միջոցով, ինչն էլ կբերի նոր հավասարակշռության ձևավորմանը։
Այս փուլում Հարավային Կովկասը վերածվում է մեծ խաղի «անցումային տարածքի», որտեղ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և ԱՄՆ-ի շահերը հատվում են։ Թրամփի նախաձեռնությունը կարող է ժամանակավորապես նվազեցնել համաշխարհային լարվածությունը, սակայն երկարաժամկետ ապագայում այն տանում է դեպի նոր ուժային հավասարակշռություն՝ ավելի անկանխատեսելի և մրցակցային է, որտեղ փոքր պետությունները խնդիր ունեն վերանայել իրենց արտաքին քաղաքականությունը և հարմարվել այդ իրողություններին»,- ասաց Վլադիմիր Եվսեևը:
Նա գտնում է, որ Թրամփի խաղաղարար ջանքերը ոչ միայն ուկրաինական պատերազմի դադարեցման փորձ են, այլև գլոբալ ուժային համակարգի վերաձևման սկիզբ։
«Հարավային Կովկասի համար սա նշանակում է՝ նոր վտանգներ, բայց նաև հնարավորություններ՝ ճիշտ հաշվարկի դեպքում։ Այնուամենայնիվ, այս փուլում տեսնում ենք, որ Հարավային Կովկասը և Հայաստանը հատկապես գտնվում են տուրբուլենտ գոտում, դեռ պետք է հասկանալ, թե այս նոր իրավիճակում ՀՀ դիրքավորումը՝ Ռուսաստանից փոքր-ինչ հեռացումն ու սերտ հարաբերություններն Արևմուտքի հետ, հարաբերությունների կարգավորման հեռանկարը Թուրքիայի, Ադրբեջանի հետ, Հայաստանին ի՞նչ կտան»,- ասաց նա:

