
«Նիկոլը ոխ է հանում Հայաստանի քաղաքացիներից՝ բարձրանալով Ալիևի և Էրդողանի աչքի առջև». Աննա Մկրտչյան
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, շատ հեշտ նկարագրելի է, եթե ես ասեմ, որ Նիկոլը հայերին դուրս է շպրտում իրենց հայրենիքից։ Այս միտքը պարզ կնկարագրի այսօրվա իրականությունը»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Պատգամավորը վստահ է, որ քաղաքացիները հետաքրքրությամբ հետևում են տեղի ունեցողին և շատ մանրակրկիտ պրպտում իրականությունը, բայց ցանկանում է բոլորի ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը չի խոսում իր նախաստորագրած թղթից։ Հակառակը՝ ամեն ինչ փորձում է անել՝ մոռացության մատնելու համար ստորագրության փաստը։
«Մոռացության մատնելու, օրակարգեր շեղելու լավագույն ձև է ընտրել՝ վերադարձել է իր սիրած ու հիմնական գործին՝ հայ ժողովրդից ոխ հանելուն։ Այո, ոխ են հանում ՀՀ քաղաքացիներից, պարզ, ցուցադրական բեմադրված, պատժիչ գործողություններով։ Այդ պատժիչ գործողությունների վերջին արարը Գյումրու հրապարակում էր, նախավերջին արարը՝ Արագածոտնի մարզի հոգևոր առաջնորդարանում։ Ես չեմ գուշակի, թե որտեղ կլինի հաջորդը և քաղաքացիների որ խմբի նկատմամբ դա կկիրառվի, բայց վստահ եմ, որ այդ ոխը շարունակվելու է այսօր, շարունակվելու է նաև վաղը։ Իրենք համարում են, որ Արցախից իրենց գլուխն ազատել են, հիմա էլ ընկել են Հայաստանի հետևից»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։
Աննա Մկրտչյանն ասաց, որ եկեղեցականների կալանավորումը, հասարակության տարբեր ներկայացուցիչների նկատմամբ խոշտանգումներ, անարգանք, վերջերս էլ նոր «նշաձող» են սահմանել՝ ժողովրդի առաջ փակել են եկեղեցու դուռը։
«Ինչքան հեռուն է գնացել, չէ՞, Նիկոլը, պատկերացնում եք, չէ՞, որքան է բարձրացել իր տերերի՝ Էրդողանի ու Ալիևի աչքերում»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում