Պապիկյանի հայտարարությունն անկեղծության պոռթկում էր առ այն, որ փոփոխությունը բխում է ո´չ թե անվտանգային անհրաժեշտությունից, այլ հանրությանը հաճելի փոփոխություններ մատուցելու տրամաբանությունից․ Տիգրան Աբրահամյան
Պաշտպանության նախարարը եթերում անդրադառնալով պարտադիր ժամկետային ծառայության կրճատմանը, նշեց, որ բանակը հասարակության համար պետք է լինի ցանկալի, ընկալելի և կալանավայրի չվերածվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե ակնարկ է արվում բանակում ոչ կանոնադրական բարքերի մասին, ապա հիշեցնեմ, որ արդեն 7.5 տարի է ՔՊ-ն իշխանության է և դա սեփական իշխանությանն ուղղված ծանր մեղադրանք է:
Երկրորդ, եթե սա քննարկվում է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման համատեքստում, ապա պետական առաջնահերթությունները, որոնք կապված են մեր քաղաքացիների անվտանգության և երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ, պետք է դիտարկվեն ոչ թե հանրության հաճելու ակնթարթների կամ ցանկությունների, այլ առաջադրված մարտական խնդիրների տրամաբանության ներքո:
Սա նաև որոշակի առումով անկեղծության պոռթկում էր առ այն, որ այս փոփոխությունը բխում է ո´չ թե երկրի անվտանգային անհրաժեշտությունից, այլ հանրությանը հաճելի փոփոխություններ մատուցելու տրամաբանությունից, ինչն անխոս իր մեջ նախընտրական ընդգծված հետք ունի»,-գրել է Աբրահամյանը։

