Պատրաստվե՛ք. հաջորդ ասուլիսում Փաշինյանը կհայտարարի, որ հանձնում է Սյունիքը. ԵԽ-ն կոնֆետ է ցույց տալիս, Ալիևն ու Թուրքիան՝ կացին, մենք մեր գլուխը ժպիտով մտցնում ենք թշնամու երախը. Արթուր Խաչիկյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։ Պետք է զգույշ լինել, միամիտ չլինել ու հավատալ ԵԽ-ին և տրված խոստումներին, չպետք է ուրախանանք ու հավատանք ընդունվող բանաձևին։ Դա չի լինելու ո՛չ այսօր, ո՛չ վաղը: Այսօր շատ երկրներ կան, որ սպասում են Եվրամիությանն անդամակցելու իրենց հերթին։ Իհարկե, դա լավ է, պետք է ձգտել և համագործակցել Եվրամիության հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է կռվել Ռուսաստանի, Իրանի հետ։ Կարծում եմ, որ դա ուղղակի ԵԽ-ի կողմից մեզ առաջարկվող կոնֆետ է, որը մեզ ցույց են տալիս։ Մեզ խոստումներ կտան՝ ինչպես միշտ, կուրախանանք, որ Եվրոպայից ապրանք կստանանք, իսկ երբ առանց վիզայի Եվրոպա մուտքի հնարավորություն ստանանք՝ Հայաստանը կդատարկվի։ Բայց արվում է մեկ նպատակով՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի:
- Ժամանակին Ուկրաինան փորձում էր պահել հավասարակշռությունը, բայց նրան թույլ չտվեցին, պարզ էր, որ դա արվում էր ոչ թե ի շահ Ուկրաինայի, այլ ի շահ Եվրոպայի, Արևմուտքի և ընդդեմ Ռուսաստանի։ Ցավալի էր տեսնել, թե ինչպես ավարտվեց ԱՄՆ ինտերվենցիան Աֆղանստանում, նույն բանը լինելու է Ուկրաինայի հետ։ Եթե մենք՝ Հայաստանը, ուզում ենք նման խաղաքարտ դառնալ, խնդրեմ։
- Մենք այնքան ողորմելի վիճակում ենք, որ երբ Արևմուտքից մեկ բառ են մեզ գցում՝ ոգևորվում ենք այնպես, ինչպես եղավ Մեծ Բրիտանիայի պաշտոնյայի՝ պաշտպանության փոխնախարարի հարցազրույցից հետո, որն ասել էր, որ եթե Ռուսաստանից սպառնալիք լինի, իրենք կպաշտպանեն Հայաստանին։ Հենց Բրիտանիան էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում վետտո կիրառեց Ղարաբաղի հարցի առնչությամբ։ Բրիտանիան Թուրքիայի և Ադրբեջանի խոշորագույն դաշնակիցներից մեկն է, նրանց հիմնական թշնամին Իրանն է: Մենք էլի գնում ենք սխալ կողմ։
Հիշեցնենք, որ օրերս Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպպին ասել էր, որ Լոնդոնը ճանաչում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու՝ Հայաստանի իշխանությունների որոշումը, և պատրաստ է աջակցել Երևանին «Ռուսաստանի սպառնալիքների» դեպքում.
«Մեծ Բրիտանիան այս որոշումը դիտարկում է՝ որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում, և կաշխատի իր եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու ՀՀ-ին ՌԴ սպառնալիքի դեպքում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ թագավորության պաշտոնյաները կշարունակեն սերտորեն համագործակցել Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։
- Տոյվո Կլաարն Անթալիայում պարզ ասաց, որ Թուրքիան պետք է զբաղվի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցով, այն դեպքում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հենց Թուրքիան էր աջակցում Ադրբեջանին։ Թուրքիայի նպատակն է` հայերին մինչև վերջ ոչնչացնել, որ Հայաստան չլինի, հայերը պետականություն չունենան։ Սա խելագարություն է, սադոմազոխիզմ։ Դրանում մեծ դեր են կատարում արտասահմանից ստացվող միլիոնավոր դոլարները՝ գրանտները։
- Ինչպես Շիրակի թեմի առաջնորդն է ասել մի առիթով՝ հայերը փողն են շատ սիրում, իսկ թուրքերը՝ իր հայրենիքը, իր հողը:
- Հակառուսական գրանտակեր շրջանակները հիմա քննարկում են՝ ո՞վ է կատարել Ցեղասպանությունը, այն դեպքում, երբ բոլորս գիտենք՝ կան փաստեր և գրքեր։ Նրանք ասում են՝ Թուրքիան չէ 1915թ. կատարել Հայոց ցեղասպանությունը: Սա խայտառակություն է. այդ մարդկանց փող տան՝ ամեն ինչից կհրաժարվեն՝ եկեղեցուց, ընտանիքներից, միայն թե փողը, այդ գրանտները ստանան։
- Սա ցույց է տալիս, որ մեր հասարակությունը դեգրադացվել է, և չունենք կրթական համակարգ։
- Ռուսաստանը, իհարկե, իր մեղքի բաժինն ունի, բայց չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը կանգնեցրեց 44-օրյա պատերազմը, և ոչ թե՝ Արևմուտքը։ Ընդ որում, Ռուսաստանն առաջարկել էր ավելի վաղ կանգնեցնել պատերազմը, իսկ Փաշինյանը մերժել էր, նա գերադասել էր՝ ավելի շատ տղաներ զոհվեին, բայց իրեն դավաճան չասեին:
- Դեռևս 1995 թվականին, այո, Սթենֆորդի Միջազգային անվտանգության և սպառազինությունների վերահսկման կենտրոնում աշխատելիս ես գրել էի. «ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, եթե այն իրականացվի առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու և ինտեգրելու, կհանգեցնի Եվրոպայի նոր ռազմական մասնատման, երկաթե վարագույրի շարժմանը հարյուրավոր կիլոմետրեր դեպի արևելք, ինչպես նաև պատերազմի Ուկրաինայի արևելքում և Կովկասում»։ Հստակ կանխատեսել էի, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվելու է, որը բերելու է մեծ պատերազմ՝ Արևելքում, Կովկասում և Ուկրաինայում։ Տասնյակ մարդիկ, լուրջ գիտնականներ ասում էին, որ լինելու է ողբերգություն։ Կար ժամանակ, երբ լուրջ մարդիկ էին կառավարում աշխարհում, հետո եկան ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով արդեն նախկին խորհրդական Վիկտորիա Նուլանդի նմանները, ֆանատիկներ, որոնք տապալեցին Ամերիկայի քաղաքականությունը, մենք էլ մնացինք փլատակների տակ։ ԱՄՆ 50 գիտնականներ և պրոֆեսիոնալներ 90-ականներին գրել էին, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ողբերգություն է բերելու, որ Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում։ Ամբողջ աշխարհում է ընկել լիդերների որակը։
Ընթերցողին հիշեցնենք. ԱՄՆ արտաքին քաղաքականության, ռազմական. Կրթական և անվտանգային ոլորտի 103 ամերիկացի առաջատար փորձագետներ՝ Politico պարբերականում 2020թ. մայիսի 8-ին հրապարակված բաց նամակ-ուղերձում գրել էին. «Ժամանակն է վերանայել մեր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: … ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները մտել են վտանգավոր փակուղի՝ սպառնալով ԱՄՆ-ի ազգային շահերին։ Ռազմական առճակատման վտանգը, որը կարող է վերածվել միջուկային առճակատման, կրկին իրական է։ … Դրա համար կպահանջվի քաղաքական կամք թե Սպիտակ տնից, թե Կոնգրեսի կողմից»։ «Ի վերջո, իրականությունն այն է, որ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի օրոք գործում է ռազմավարական շրջանակներում, որոնք խորապես արմատավորված են ազգայնական ավանդույթներում, որոնք ռեզոնանս են գտնում թե վերնախավերի, թե հասարակության շրջանում: Հնարավոր իրավահաջորդը, նույնիսկ, եթե նա ավելի ժողովրդավարական է տրամադրված, ամենայն հավանականությամբ կգործի նույն շրջանակներում: Սխալ է՝ ամերիկյան քաղաքականությունը կառուցել այն ենթադրության վրա, որ մենք կարող ենք և պետք է փոխենք այդ շրջանակները։ Նմանապես, անխոհեմ կլիներ կարծել, որ մենք այլ ելք չունենք, քան կառչած մնալ ներկայիս քաղաքականությանը: Մենք պետք է հարաբերություններ կառուցենք այնպիսի Ռուսաստանի հետ, ինչպիսին նա կա, այլ ոչ թե նրա, ինչպիսին մենք ցանկանում ենք, որ նա լինի՝ լիովին օգտագործելով մեր ուժեղ կողմերը, բայց բաց մնալով դիվանագիտության համար։ Կենտրոնանալով դրա վրա՝ մենք կարող ենք թե հաղթահարել այն խնդիրը, որը ներկայացնում է Ռուսաստանը, թե փորձել մեր հարաբերությունները տեղափոխել ավելի կառուցողական ուղի։ Դա չիրականացնելու անկարողությունը կհանգեցնի չափազանց բարձր գնի»:
- Էրդողանը դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուց, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիր ստորագրելուց հետո սկսելու է նոր դարաշրջան։ Նրանց պատկերացմամբ՝ խաղաղությունն այն է, որ հայերը գնան այս տարածաշրջանից։
- Եթե Ռուսաստանը մեր տարածաշրջանից դուրս գա, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արդեն ասել է՝ մտնելու է Թուրքիան։ Արդեն անկլավների և գյուղերի՝ Ադրբեջանին հանձննելու մասին Նիկոլ Փաշինյանը ասուլիսում ասաց, հաջորդ քայլը լինելու է՝ ասուլիս կհրավիրի ու կհայտարարի Սյունիքը հանձնելու մասին։ Նրանք ուզում են մեզ ծնկի բերել և կամաց-կամաց վերացնել։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ «Թուրքիայի մերձիշխանական «Türkiye Gazetesi» օրաթերթը հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից։ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ այնպիսի մոդելով, ինչպիսին որ ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»։
Այն, որ Թուրքիա-Ադրբեջան զույգի հիմնական թիրախն այժմ Սյունիքն է, կասկածից վեր է, սակայն այս մանրամասները մեզ համար շատ կարևոր են՝ հասկանալու թշնամու ներկայիս մարտավարությունը (այս մասին տե՛ս այս հոդվածում)։ (https://turkaget.am/azerbaijanitactics/) Այս լուրի համատեքստում հասկանալի է դառնում «Արևմտյան Զանգեզուրի» մասին թուրք-ադրբեջանական քարոզչությունը. առաջիկայում հավանական է, որ ադրբեջանցիների բնակեցումը ապահովելուց հետո Սյունիքը պոկելու համար առաջարկվի Սյունիքի հատուկ կարգավիճակ՝ Թուրքիայի վերահսկողության ներքո։ Սա նման է Նախիջևանի ճակատագրին։ Եվ եթե թերթի տեղեկությունները ճիշտ են, ապա մենք այժմ գիտենք, թե ինչ են բանակցում Էրդողանի հետ Հայաստանի դե ֆակտո ներկայացուցիչներն իրենց «մշտական կապի» ժամանակ։ Քըլըչի առաջարկը Սյունիքի մարզին՝ Զանգեզուրին տալ հատուկ կարգավիճակ, ինչպես օրինակ Կալինինգրադում»։
- Մենք տեսել ենք, թե Նախիջևանում ինչի հանգեցրեց հատուկ կարգավիճակը, Ղարաբաղում ինչ եղավ, ակնհայտ և պարզ է, թե նրանք ինչ են ուզում։ Կալինինգրադի մարզը չունի հատուկ կարգավիճակ, պարզապես բեռների փոխադրումը հեշտացված ձևով է կատարվում, թեև դա էլ է այսօր խախտվել։ Հիմա Թուրքիան ուզում է հատուկ կարգավիճակ տալ ամբողջ Սյունիքին, այդպես եղավ Նախիջևանի դեպքում 1920 թվականին, Նախիջևանը հայաթափվեց: Նույնը չէին կարողանում անել Ղարաբաղում, բայց դա արեց Հայաստանում 2018-ին իշխանության եկած այս թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
- Թուրքիայի պլանները շատ պարզ են՝ Մեծ Թուրանի ծրագիրը կյանքի կոչել, այդ տարածքում մտնում է 5000 կիլոմետր, սրա մեջ 28 կիլոմետր շրջանցելը պրոբլեմ չէ, նրանք կարող են Իրանով ճանապարհը բացել, բայց նրանց նպատակը պարզապես Սյունիքը վերցնելն է։
- Եթե մենք հրաժարվում ենք մեր ամբողջ պատմությունից, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումից, մեղմ ասած, ծիծաղելի վիճակ է ստեղծվում, երբ Հայաստանը չի ճանաչում Ցեղասպանությունը, այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներ դատապարտել և ճանաչել են։
- Եթե այս կառավարությունը մնա, եթե մենք այսպես շարունակենք, Ռուսաստանից բացի, ուրիշ թշնամիներ էլ կունենանք։
- Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե Սևանը դառնա համատեղ օգտագործման լիճ՝ Ադրբեջանը մեր սիգը վերցնելու է, մեր միակ լիճը ոչնչացնելու է, իսկ մենք բոլորս կգնանք օդանավակայան, Եվրոպան կբացի դռները, և հայերը կվերանան այս տարածքից, ու կկատարվի Թուրքիայի պատմական երազանքը…։ Իսկ Ռուսաստանը պարզապես կժպտա և կզանգի Էրդողանին։ Մենք վատ վիճակը դարձրեցինք շատ ավելի վատ՝ հավատալով դատարկ ու կեղծ խոստումներին։
- Այսպես շարունակվելու դեպքում, մենք գնալու ենք դեպի Ալեքսանդրապոլ-2 պայմանագրի կնքում, հետո՝ բոլորս դեպի օդանավակայան:
- Մենք, որպես հասարակություն, շատ լուրջ խնդիրներ ունենք. մեր թշնամին զինվում է, մենք անընդհատ թուլանում ենք, սա մանկապարտեզ է։
- 1918 թվականին էլ մենք ուզում էինք, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեզ պաշտպանեն: Ի՞նչ եղավ արդյունքում, մենք կորցրեցինք մեր պետությունը։
- Ամբողջ աշխարհը գնում է բևեռացման, մենք խաղից դուրս ենք գալիս, ասում ենք՝ դառնալու ենք արտադաշինքային պետություն։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են մեր գլուխն արդուկել, որ հետո Թուրքիայի նախկին պաշտոնյայի՝ Ալիևին նվիրած կացնով մեզ գլխատեն։
Մանրամասները՝ տեսանյութում։