Սպասում ենք Թուրքիայի ռեգիոնալ ջանքերի դրական արդյունքներին․ Կլաարը՝ Անթալիայում

Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Հարավային Կովկասի անվտանգությունն ու զարգացումը շատ կարևոր են ԵՄ-ի համար, այդ պատճառով Եվրամիությունն աջակցություն է հայտնել ՀՀ-ին և Ադրբեջանին` լուծելու երկու երկրների միջև եղած երկարատև կոնֆլիկտը։

«Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, դա մի մեծ ու մանրակրկիտ համաձայնագիր է, որը պետք է բոլոր երկրներին երկարատև ու ամուր փոխհարաբերություններ կառուցելու հիմք հանդիսանա։

ԵՄ-ն երկարատև հեռանկարով ներգրավված է Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։ Խաղաղությունը պետք է ներառի ու ապահովի սահմանների ապաշրջափակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանին»,- ասաց Կլաարը։

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարմանը` Կլաարը հայտարարեց, որ Թուրքիան իսկապես հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։

«Որպես տարածաշրջանի առաջատար երկիր` Թուրքիան ցույց է տալիս իր հետաքրքրվածությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Այս երեք երկրները կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանը»,- ասաց Կլաարը։

Ըստ նրա` Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման գործում։

Տեսանյութեր

Լրահոս