Ծխախոտը պարունակում է 7000 քիմիական նյութ, որից 70-ը քաղցկեղածին է. թոքաբանը՝ ծխելու և վեյփերի վտանգների մասին
Ծխելու բացասական ազդեցության մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի եթերում զրուցել ենք ՈւԱԿ Ախտորոշիչ ծառայության ղեկավարի տեղակալ, թոքաբան, քնի ապնոեի մասնագետ Նունե Ազիզյանի հետ։

– Ծխելը բացասական ի՞նչ հետևանքներ է ունենում մարդու օրգանիզմի վրա։
– Ծխելու բացասական ազդեցությունները բավականին շատ են։ Ծխախոտը պարունակում է շուրջ 7000 քիմիական նյութեր և նրանցից մոտ 70-ը քաղցկեղածին է։ Ծխախոտի հետ մարդուն կապում է ընդամենը մեկ նյութ, և դա նիկոտինն է, որն էլ առաջացնում է կախվածություն։ Երբ մարդը սկսում է ծխել՝ գլանակը բերանում դնելով՝ կատարում է խոր ներշնչում, և ահա, պրոցեսը սկսվում է հենց բերանի խոռոչից, ախտահարում է բջիջները, կարող է փոփոխություն կատարել ԴՆԹ-ում և նպաստել քաղցկեղի առաջացմանը։
Ներշնչած ծուխը գնում է թոքերի մեջ՝ ազդելով բրոնխների լորձաթաղանթի վրա, վնասելով բրոնխների էպիթելը և նպաստելով վիրուսների, բակտերիաների շնչելուն և ապրելուն՝ շնչուղիներում։ Եվ ահա, այդ վնասված հատվածում տարիներով ծխելու հետևանքով առաջանում է քրոնիկ բորբոքում՝ բջջային մակարդակում։
Առավոտյան ունենում են խորխարտադրություն, որը նորմալ չէ։ Բրոնխներն ու թոքային հյուսվածքը սկսում են վնասվել, և սա ազդակ է հանդիսանում։
– Մարդիկ կան՝ ասում են, թե ի տարբերություն ոմանց՝ ես ոչ թե մեկ օրում եմ մեկ տուփ օգտագործում, այլ մեկ շաբաթում։ Սա ինչ-որ բան փոխո՞ւմ է իրենց կյանքում։
– Ոչ, եթե ծխում ենք, ապա օրգանիզմում վնասակար ազդեցությունն, իհարկե, լինելու է, և կապ չունի, թե քանի գլանակ ենք ծխում։ Սակայն, ինչքան օրական գլանակների քանակը, տարիների տևողությունն է ավելի շատ, իհարկե, ավելի վատ արդյունք ենք ունենալու բոլոր օրգան-համակարգերում։ Երկար ժամանակ ծխողները կամաց-կամաց ունենում են հևոց, շնչարգելություն ու, եթե նախկինում կարողանում էին քայլել կիլոմետրերով, սկսում են քիչ քայլել կամ չեն կարողանում քայլել։
– Հիմա, մասնավորապես, երիտասարդների շրջանում, շատ տարածված են վեյփերը, էլեկտրոնային տաքացվող ծխախոտները։ Սա ի՞նչ վտանգներ է պարունակում։
– Վեյփերը պարունակում են աերոզոլներ, հեղուկ, որը պարունակում է տարբեր նյութեր՝ նաև նիկոտին։ Եվ, ահա, ծխելու ընթացքում այդ գոլորշին վերածվում է աերոզոլի, ախտահարում բոլոր շնչական ուղիները։ Նրա մեջ կան բազմաթիվ քիմիական նյութեր, որոնք արյան միջոցով բոլոր օրգան-համակարգերին են անցնում։ Նույնիսկ արդեն կան ապացուցված հետազոտություններ, որոնք ցույց են տվել վեյփերի հետևանքով առաջացած թոքերի ախտահարումներ, որոնք շատ լուրջ բուժման կարիք են ունեցել։
Դրանք բազմաթիվ ախտածին, քիմիական նյութեր, որոշ դեպքում՝ մետաղներ են պարունակում։
Ինչ վերաբերում է դեռահասներին, ապա նրանց շնչառական համակարգը դեռևս զարգացման փուլում է գտնվում, և նիկոտինը կարճ ժամանակահատվածում հասնում է գլխուղեղին, ազդում համապատասխան դոֆամինային ռեցեպտորների վրա, որը օրգանիզմի վրա որոշակի հաճույքի ազդեցություն է թողնում, երբեմն թարմանալու զգացողություն է լինում, ավելի շատ են կենտրոնանում սկզբում, բայց կամաց-կամաց սկսում է առաջանալ նիկոտինային կախվածություն, ինչն էլ հանգեցնում է դեռահասների մոտ կենտրոնանալու խնդրի, ազդում է ուղեղի, աշխատունակության վրա։
– Ճիշտ է ծխելը միանգամի՞ց, թե՞ քիչ-քիչ դադարեցնելը։
– Դա կախված է տվյալ անձնավորությունից, որովհետև կան մարդիկ, որոնք ցանկանում են ծխելը միանգամից դադարեցնել, մյուսները որոշում են դանդաղ կերպով հասնել նպատակին։ Պետք է ասեմ, որ ծխելու ցանկությունն առաջին 2-3 օրվա ընթացքում, երբ արդեն դադարում են ծխելը, ավելի շատ է լինում, բայց, եթե իրենց շեղեն՝ ցանկությունը մարելու է, սակայն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է։
Եթե մարդը ծխում է, օրինակ, սրճելիս, ապա պետք է նրա հետ զրուցել և բացատրել, որ երբ պլանավորում է դադարեցնել ծխելը, պետք է սուրճի քանակն էլ պակասեցվի և ծխախոտը փոխարինվի, օրինակ, փոքրիկ շոկոլադով։
Եթե անձը սկսում է ծխել՝ ելնելով սթրեսային իրավիճակից կամ ընկերական շրջապատում՝ նրանց ազդեցության արդյունքում, պետք է փորձել այս ամենը քչացնել, որպեսզի այդ շրջանը հեշտ հաղթահարվի։

– Ծխելը դադարեցնելիս մարմնին ամրացնելու համար հատուկ ժապավեններ՝ նիկոտինային սպեղանիներ կան, դրանք օգնո՞ւմ են։
– Իհարկե։ Եթե բուժառուն չի կարողանում ծխելը դադարեցնել՝ բազում նիկոտին պարունակող նյութեր կան․ ծամոններ, սպեղանիներ, որոնք ամրացնում են մաշկին, և դրանք արտադրում են նիկոտին, որը մաշկի միջոցով ներծծվում է, օրգանիզմը՝ հագենում, և ծխելը դադարեցնելուց հետո «պիկ»-երն ավելի մեղմ են լինում։
Կան նաև դեղորայքներ, որոնք նշանակում ենք՝ նիկոտինային կախվածությունը հեշտ հաղթահարելու համար։
– Այդ սպեղանին էլի նիկոտին է պարունակում, չի՞ վնասի։
– Չէ, նպաստում է, որ մարդը չծխի, այլ օրգանիզմի մեջ մտնի նիկոտինը, ծխելու ցանկությունն ավելի հեշտ հաղթահարեն։
– Ծխախոտի ծուխը որքանո՞վ է վնասում չծխող մարդկանց։
– Չծխողները պասիվ ծխողներն են, որոնք գտնվում են ակտիվ ծխողների միջավայրում։ Երբ օդում կանգնած է ծուխը, դրա մեջ պարունակվում է նիկոտին և վնասակար այլ նյութեր, ու պասիվ ծխողներն այդ նյութերը ներշնչում են, ինչն էլ նպաստում է տարբեր հիվանդությունների առաջացմանը։ Օրինակ՝ երեխաների շրջանում առաջանում է բրոնխիալ ասթմա։ Քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ այդ հիվանդությունները սրանում են։ Կատարվել են հետազոտություններ, համաձայն որոնց՝ ծխողի հետ նույն տանն ապրող երեխաների մեզի միջոցով կատարվել է հատուկ քննություն և պարզվել է, որ նիկոտին է հայտնաբերվում նաև նրանց մեզում։
Այսինքն, երեխան ենթարկվում է նիկոտինային ազդեցության։
– Առաջին հետազոտությունը, որ պետք է կատարեն ծխող մարդիկ, ո՞րն է։
– Այո, աշխարհում գոյություն ունեն սքրինինգային ծրագրեր, բայց ՀՀ-ում, ցավոք, թոքերի համար դեռ սքրինինգային ծրագիր չկա։ Պետք է հետազոտվեն նրանք, ովքեր օգտագործում են մեկ տուփ օրական՝ 20 տարի շարունակ, կամ 2 տուփ օրը՝ 10 տարի շարունակ։ Կամ օրը կես տուփ՝ 40 տարի շարունակ։ Կատարվում է թոքերի ցածր դոզավորման համակարգչային շերտագրման հետազոտություն։ Սա թույլ է տալիս վաղ ախտորոշել ուռուցքը։
– Ծխելը դադարեցնելուց հետո ի՞նչ խնդիրներ են ունենում։
– Հաճախ բուժառուներն ասում են, թե՝ ծխելը դադարեցնելուց հետո հազս շատացել է։ Նման իրավիճակ կարող է տեղի ունենալ, որովհետև բրոնխիալ էպիթելը սկսում է վերականգնվել, և լորձը, որը կուտակվել է շնչուղիներում, սկսում է դուրս բերել օրգանիզմից։ Բայց երբ տեսնում են, որ դա շատ է՝ պետք է դիմել բժշկի՝ հասկանալու համար բուն պատճառը։
Հաճախ ծխելը դադարեցնելուց հետո սկսում են շատ ուտել, քանի որ համի և հոտի զգացողությունն է սկսում փոխվել։ Դրա համար պետք է առաջին մեկ շաբաթում պակասեցնեն ուտելը և հետագայում գերքաշի խնդիր չեն ունենա։

– Ծխելը դադարեցնելուց հետո օրգանիզմն ամբողջովին վերականգնվո՞ւմ է։
– Երբ մարդը դադարում է ծխել՝ օրգանիզմը սկսում է վերականգնվել շատ արագ։ Հենց 2 ժամ անց որոշակի կարգավորումներ են լինում՝ սրտի աշխատանքն է սկսում կարգավորվել, զարկերակային ճնշումը, կամաց-կամաց օրգանիզմից սկսում է դուրս գալ ածխածնի մոնօքսիդը։ Թթվածինը բոլոր օրգան-համակարգերին ավելի լավ է սկսում մատակարարվել։
– Ծխելը միայն թոքերի, բրոնխների վրա՞ է ազդում։
– Ոչ։ Ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա՝ անոթների, նպաստում է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին, ինֆարկտին, ինսուլտին, կարող է քաղցկեղածին ազդեցություն ունենալ լյարդի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքս-աղիքային տրակտի համար, և կան որոշ քաղցկեղներ՝ արգանդի պարանոցի ուռուցքին նպաստող։
Ծխելն ազդում է բերանի խոռոչի՝ լնդերի, ատամների վրա, նպաստում է լնդերի քրոնիկ բորբոքմանը։

