«Ոչ թե միջազգային, այլ «ալիևյան» ստանդարտներ են՝ 2020-ից մշակված քաղաքական որոշում». Նարե Սիմոնյանը՝ անձնագրերում «Ադրբեջան» նշելու մասին

Մի քանի օր է՝ Արցախից հանրային ու քաղաքական գործիչները բարձրաձայնում են, որ ՀՀ միգրացիոն ծառայությունն արցախահայերի նոր անձնագրերում որպես ծննդավայր՝ նշում է «Ադրբեջան» անվանումը։ Սա նրանց մոտ զայրույթ է առաջացրել։ Սրա հետ կապված՝ Միգրացիոն ծառայությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ նոր կենսաչափական անձնագրերում «ծննդյան վայր» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դիմելու են բոլոր հնարավոր մարմիններին՝ որոշումը չեղարկելու համար, այդ թվում՝ դատարաններ և միջազգային կառույցներ։

Արցախից հասարակական գործիչ, իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նարե Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ միգրացիոն ծառայությունը մեջբերել է 2 ստանդարտ, և ոչ մեկում որևէ նշում չկա այն մասին, որ որպես անձի ծննդավայր՝ չի կարող նշվել քաղաքը։ Հակառակը՝ ստանդարտներից մեկում նշվում է, որ որպես ծննդավայր՝ կարող է գրվել ոչ միայն երկիրը, այլև քաղաքը, մարզը, ավանը և այլն։

«ISO ստանդարտը, որը սահմանում է երկրների երկնիշ կամ եռանիշ կոդերը, ասում է, որ այն դաշտերը, որոնք սահմանում են, թե անձը որտեղ է ծնվել, այլ դաշտեր են, և դրա մեջ չեն ներառվում։ Այսինքն՝ ISO ստանդարտին համապատասխանեցնելու խնդիր ևս չկա։ Սա ակնհայտորեն քաղաքական որոշման հարց է, և չկա որևէ միջազգային ստանդարտի համապատասխանեցնելու խնդիր։

Կարդացեք նաև

Այո, նախկինում եղել են բացառիկ դեպքեր, երբ որպես ծննդավայր՝ նշվել է «Ադրբեջան»։ Նախ, դա հիմնականում եղել է այն դեպքերում, երբ հայերը փախստական են համարվել ու ջարդերի պատճառով Հայաստան են եկել Բաքվից, Սումգայիթից։ Տրամաբանական է, որ նման դեպքերում նշվել է «Ադրբեջան»։ Արցախի դեպքում հազվադեպ ու սխալի արդյունքում է նման բան եղել, այսինքն՝ որպես կանոն, ծննդավայրը նշվել է կա՛մ ՀՀ, կա՛մ ԼՂՀ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարե Սիմոնյանը։

Ըստ մեր զրուցակցի, անձնագրերում՝ ծննդավայր դաշտում, «Ադրբեջան» գրելու քաղաքականությունը միանգամից չի եղել, այլ մի քանի տարվա «լավ մշակված» օրենսդրական փոփոխության արդյունք է։ Մինչև 2020 թվականի դեկտեմբերի օրենքի փոփոխությունն արցախահայերի անձնագրերում նշվել է ՀՀ կամ ԼՂՀ։

«2021 թվականին կրկին օրենքի փոփոխություն արեցին և նշեցին, որ որպես ծննդավայր՝ կարող է նշվել ոչ միայն երկիրը, այլև քաղաքը։ Ակնհայտ էր, որ այստեղ թաքնված միտք կար, և գուցե դրանով սկսելու էին քիչ-քիչ հրաժարվել նրանից, որ արցախահայերի ծննդավայրն անձնագրում նշվում էր նաև ՀՀ, ինչը և եղավ։ 2023 թվականին, երբ մարդիկ դիմում էին անձնագիր ստանալու համար, արդեն մեծ մասի մոտ որպես ծննդավայր նշվում էր «Ադրբեջան»։ Այդ ժամանակ մարդկանց հանգստացնում էին, ասում էին՝ կարող եք դիմում գրել, նոր անձնագիր վերցնել, որտեղ այդ անվանումն այլևս նշված չի լինի, այլ նշված կլինի այն քաղաքը, որտեղ ծնվել եք։ 2026 թվականի մայիսին օրենքի փոփոխությամբ նորից այս կետը հանեցին ու թողեցին միայն այն, որ պետք է նշվի Հանրապետությունը, այս դեպքում՝ «Ադրբեջան»»,- հավելեց Նարե Սիմոնյանը։

Ըստ նրա, մի կողմից՝ հնարավորինս բարդացրել են քաղաքացիություն ստանալու գործընթացը, մյուս կողմից՝ տարբեր սոցիալական ծրագրերից, այդ թվում՝ բնակապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման են դարձրել քաղաքացիություն ստանալը։ Այսինքն՝ մարդիկ, որոնք այս ծրագրերից պետք է օգտվեն, ուզած-չուզած, պետք է ենթարկվեն այդ ճնշումներին։ Իսկ դրանից հրաժարվելու դեպքում բախվելու են տարբեր խնդիրների՝ աշխատանք գտնելու, բնակարան ձեռք բերելու և այլն։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ արցախահայերի անձնագրերում «Ադրբեջան» են գրել՝ նպատակ ունենալով, որ խաղաղություն հաստատվելու պայմաններում արցախահայերը կվերադառնան Արցախ, բայց Ադրբեջանի հսկողության տակ, Նարե Սիմոնյանը պատասխանեց, որ արցախահայերի վերադարձի հարցը չի կարող լուծվել միայն «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ կամ անձնագրերում «Ադրբեջան» անվանումը գրելով, քանի որ, եթե 2023 թվականին արցախահայերը կարողանային մնալ ու Ադրբեջանի հսկողության տակ ապրել, բռնագաղթի չէին ենթարկվի։ Պարզ է, որ նման հնարավորություն չկար, և արցախահայերը դուրս են եկել էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգի սպառնալիքից դրդված։

«Արցախահայերի վերադարձի համար անհրաժեշտ են միջազգային անվտանգային երաշխիքներ, նաև իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, որն արցախցիներն իրացրել են, սակայն այն չի պաշտպանվել։ Այդ գործընթացը որևէ ձևով վերադարձի պրոցեսի հետ կապելը տրամաբանական չէ. սա ավելի շատ նման է նրան, որ առաջ են շարժվում ոչ թե միջազգային, այլ ալիևյան ստանդարտներով։ Սրանով ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ հրաժարվում են Արցախից, և դա անում են արցախահայերի արժանապատվության հաշվին, քանի որ հնարավորություն կա քաղաքը նշելու, բայց հանել ու պետության անունն են նշում, որ լինի «Ադրբեջան»»,- շեշտեց Նարե Սիմոնյանը։

Նա այս պահին խնդրի լուծումը դեռ չի պատկերացնում, գուցե դատական պրոցես սկսեն կամ դիմում գրեն՝ պահանջելով, որ նշեն քաղաքի անվանումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30