Հարմար պահի Ադրբեջանը գնալու է ռազմական գործողությունների՝ լուծելու անկլավների հարցը. Վիտալի Մանգասարյան

Զինված ուժերում գործող իշխանությունների օրոք զինվորականների համար ատեստավորման նոր համակարգ ներդրվեց, որի արդյունքներից է կախված նրանց բարձր աշխատավարձը: Եվ վերջին մեկ շաբաթում ատեստավորման այս գործընթացի շրջանակում ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից և մասնագիտական գիտելիքների ու պարտականությունների իմացությունից քննություններ էին հանձնում նաև գեներալները, ԳՇ վարչությունների ղեկավարները և բանակային կորպուսների հրամանատարները, ընդ որում, հրապարակային: Որքանո՞վ է սա իրականում ապահովելու բանակում գրագետ և իրենց գործին գիտակ զինվորականների և հրամանատարների ներկայությունը, ինչպես վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը, թե՞ այս ամենն այսօրվա անվտանգային իրողությունները, բնավ, չի սպասարկում:

Անվտանգությանը և բանակին առնչվող մի շարք հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ:

 – Զինված ուժերում ներդրված ատեստավորման մեխանիզմի արդյունավետության մասին խոսելն այս փուլում, կարծում եմ, դեռ վաղ է, քանի որ այս պահի դրությամբ մենք ձեռքի տակ դեռ չունենք ստատիստիկ որոշակի տվյալներ, թե զինվորականների որքան մասն է հաղթահարում այդ ատեստավորման փուլը, որքան մասն է գերազանց ստանում, որքանը՝ բավարար, և այլն: Այսինքն, ամբողջական գնահատական տալու համար նախ համապատասխան տեղեկատվություն է պետք: Կարևոր է նաև, թե որքան մասը չի կարողանում հաղթահարել ատեստավորման գործընթացը:

Նշեմ, սակայն, իմ տեղեկություններով՝ զինվորականների շրջանում արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ են նկատվում՝ ատեստավորման գործընթացի մեթոդաբանությունից՝ մինչև բարոյահոգեբանական:

Կարդացեք նաև

Օրինակ, խնդիր է, երբ շարային պատրաստությունն առաջնահերթությունների շարքում է, կամ մասնագիտական և կրակային հմտությունների հետ նույն հարթության վրա: Խնդիր է նաև գնահատման մեխանիզմը, որը ձևավորում է վերջնական գնահատականը: Պայմանական ասած, մարդը կարող է գերազանց ստանալ կրակայինից, մասնագիտական գիտելիքների և պարտականությունների իմացությունից, ֆիզիկական պատրաստությունից, բայց շարայինից ստանա ցածր գնահատական և վերջնարդյունքում ունենա բավականին ցածր միջին ցուցանիշ: Սա լուրջ խնդիր է:

Անդրադառնանք սպառազինության խնդիրներին: Ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է միայն առաքվելու Հայաստան, ևս 26-ը կառաքվի ուշ, քանի որ ներկայումս դրանք արտադրման փուլում են: Մյուս կողմից՝ Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը:

Այսօրվա բավականին ծանր իրականության պայմանններում և աշխարհաքաղաքական թոհուբոհի շրջանում, ամբողջ աշխարհում զենքերի գներն աննախադեպ բարձր են, շատ դեպքերում՝ նաև անհասանելի: Ուստի չափազանց կարևոր եմ համարում ցանկացած երկրից զենք բերելու հնարավորությունը՝ կլինի դա Ֆրանսիան, Չինաստանը, թե մեկ այլ երկիր: Բացի նրանից, որ Ֆրանսիան մեզ բարեկամ երկիր է, նաև գերտերություն է, և բնական է, որ տարածաշրջանում որոշակի հետաքրքրություն ունի, որը, հնարավոր է, այս փուլում ավելի մեծ է, ինչն էլ պատճառ է նրանց կողմից վերը նշված գործողությունների: Զենքի ձեռքբերման գործընթացը կարևոր է հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ թշնամու վերահսկողության տակ հայտնվեցին մեր ռազմական կարողությունների զգալի մասը, սակայն կարևոր է նաև ձեռք բերված զենքերի հնարավորինս արագ ինտեգրումը մեր զինված ուժերում: Բայց այդ խնդիրը լուծելու համար պետք է հնարավորինս շատ զորավարժություններ իրականացնել, որը 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ-ն չի արել: Մինչդեռ մասշտաբային զորավարժությունների անցկացումը չափազանց կարևոր է, որպեսզի ձեռք բերված նոր զինատեսակներին տիրապետեն նաև մեր պահեստազորայինները:

Մի փոքր թեմայից շեղվենք: Թուրք-իսրայելական այսօրվա հարաբերությունները (օրինակ, Թուրքիան զգուշացրել է, որ եթե նա փորձի ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին որսալ պաղեստինյան տարածքներից դուրս, այդ թվում՝ Թուրքիայում, դա կարող է հանգեցնել «լուրջ հետևանքների) ի՞նչ ազդեցություն են ունենում կամ կարո՞ղ են ունենալ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների վրա, դրանով իսկ տարածաշրջանի վրա՝ հաշվի առնելով Իսրայելի օգնությունն Ադրբեջանին 2020 թվականի 44-օրյայի ժամանակ:

– 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելի օգնությունն Ադրբեջանին շատ մեծ է եղել, ինչի մասին բավական շատ փաստեր կան՝ պաշտոնական, վերլուծական շրջանակներից: Տարբեր առիթներով Ձեզ հետ զրույցներում ասել եմ, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում ունեցած իր հաջողությունների համար պարտք է Իսրայելին, և ինչ-որ փուլում գալու է այդ պարտքը վերադարձնելու ժամանակը: Գուցե թուրք-իսրայելական հարաբերությունների այս լարված փուլում Ադրբեջանն իր չեզոք դիրքորոշումով փորձում է վերադարձնել գոյացած պարտքի մի չնչին մասը: Կարծում եմ, որ դա է նաև պատճառը, որ Իսրայելը, չնայած պատերազմի մեջ է, շարունակում է Ադրբեջանին զենքի մատակարարումները, ինչը, բնականաբար, մեր շահերից չի բխում: Ամեն դեպքում, որքան երկար տևի իսրայելա-պաղեստինյան պատերազմը, այնքան դանդաղ Իսրայելից Ադրբեջան զենքի մատակարարումները կիրականացվեն:

Ռուս-ուկրաինական պատերազմի ելքն ի՞նչ փոփոխություն կարող է մտցնել տարածաշրջանում: Ռուսական մամուլում, սոցիալական տարբեր ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ երկու երկրների զինված ուժերի ղեկավարների միջև գաղտնի բանակցություններ են ընթանում: Առհասարակ, ռուս-ուկրաինական հաշտության թեման վերջին շրջանում բավականին ակտիվ է քննարկվում միջազգային մամուլում:

– Ռուս-ուկրաինական պատերազմը, կարծում եմ, որ դեռ երկար կշարունակվի, քանի որ, ինչպես հասկանում եմ, կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ պատերազմի դադարեցումը: Ուկրաինան իր հովանավորների հետ իր խնդիրներն ունի՝ հնարավորինս շատ մաշեցնել ռուսական կողմին: Ռուսական կողմն էլ, բնականաբար, իր հարցերն է փորձում լուծել՝ շատ լավ հասկանալով, որ պատերազմի դադարեցումից հետո էլ արևմտյան պատժամիջոցները երկար են շարունակելու: Չնայած նրան, որ վերջին շրջանում ռուսները պատերազմի դաշտում որոշակի հաջողություններ են գրանցում, ամեն դեպքում, դժվար է այս պահին կոնկրետ ելքի մասին խոսել և կանխատեսումներ անել:

– Հայաստանը որքանո՞վ է ռազմական, ռազմաքաղաքական, քաղաքական առումով համահունչ շարժվում տարածաշրջանի և աշխարհաքաղաքական իրողություններին:

– Որպեսզի Հայաստանը համահունչ շարժվի ստեղծված ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրողություններին, պետք է կարողանա ճկուն և արդյունավետ քաղաքականություն իրականացնել: Կարողանո՞ւմ է արդյոք իրականացնել, կարծում եմ, դրա պատասխանն արտահայտվում է Արցախի վերջնական կորստով, ՀՀ սուվեներեն տարածքում ադրբեջանական կողմի գտնվելով:

Ադրբեջանը թեև նաև հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացնում, սակայն այդ երկրի տարբեր պաշտոնյաներ ժամանակ առ ժամանակ նշում են, որ չեն ցանկանում պատերազմ: Սա ռեսուրսի խնդի՞ր է, հիմնական խաղացողներից  համաձայնություն չունենալո՞ւ, եթե հիմա դա էական է, թե՞ ամեն ինչ առանց ուժի գործադրման էլ ստանում են:

Արցախյան ճակատում վերջին պատերազմում ադրբեջանական կողմը բավականին շատ մարդկային կորուստներ է կրել: ՊԲ կազմաքանդումը նրանց համար հեշտ իրականացվելիք գործ չէր: Իզուր չէ, որ նրանք մեկ տարի շրջափակման մեջ վերցրեցին Արցախը, այդ ընթացքում դիվանագիտական որոշակի աշխատանք իրականացրեցին, ինչից հետո նոր գնացին ռազմական գործողությունների: Այդ ամենը խոսում է նրա մասին, թե որքան լուրջ են վերաբերվել նրանք ՊԲ-ին: Հիմա Ադրբեջանը ռեաբիլիտացիոն և զորքերի արդյունավետ տեղաբաշխման խնդիր ունեն լուծելու, ինչի համար ժամանակ է պետք: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, որ չեն ցանկանում պատերազմ, հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից առաջ էլ տարբեր առիթներով հնչել են նմանօրինակ հայտարարություններ, ուստի հավատալ այդ ամենին, մեղմ ասած, միամտություն է:

Սադրանքներ սպասե՞լ ՀՀ սահմանների ուղղությամբ և կոնկրետ՝ ո՞ր:

– Ադրբեջանական սադրանքների հավանականությունը և ուղղությունը կանխատեսելուց առաջ պետք է հասկանալ Ադրբեջանի նպատակներն ու առաջնահերթությունները: Որոնք են դրանք: Նախքան Արցախում սեպտեմբերյան վերջին դեպքերն առաջնահերթություն է եղել ՊԲ-ի և Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը, ինչը նրանք իրականացրեցին: Հիմա նրանք նպատակ ունեն այդ ամենն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ի նկատմամբ: Ինչպես են նրանք այդ խնդիրը լուծելու: Փորձելու են առաջնագծում արդյունավետ դիրքեր գրավել և կոմունիկացիաների նկատմամբ հնարավորինս վերահսկողություն ունենալ: Դա է պատճառը, որ վերջին շրջանում շատ են սկսել խոսել, այսպես ասած, անկլավների մասին, որոնց մի մասի աշխարհագրական դիրքը հենց կարևոր կոմունիկացիաների «վրա» են:

Ցավոք, ՀՀ իշխանությունների հայտարարությունները, որ պատրաստ են Ադրբեջանին վերադարձնել անկլավները, լեգիտիմացնելու են Ադրբեջանի գործողությունները, և հարմար պահի նրանք գնալու են ռազմական գործողությունների՝ այս խնդիրը լուծելու ուժի կիրառմամբ, ինչպես դա արեցին Արցախում: Նրանց պատկերացումներում խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ ՀՀ-ն իր պաշտպանական իմունիտետը վերջնական կկորցնի: Այս համատեքստում նշեմ, որ հենց երեկ Վայոց ձորի՝ Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհ ենք ունեցել՝ ՀՀ ՊՆ զորամասի սպա Գերասիմ Ավետիքի Առաքելյան:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ լեյտենանտը հակառակորդի դիպուկահարի կրակոցից միջանցիկ գնդակային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ: Այս ամենը խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը ոչ միայն ամեն ինչ անելու է, որ մենք չկարողանանք ամրապնդել մեր ինժեներական կառույցները և դիրքերը, այլ նաև ամեն ինչ անելու են, որ եղած ենթակառուցվածքներն էլ վնասեն, որ առաջնագծում թելադրողի դիրքերից հանդես գան, ունենան վերահսկողություն: Իսկ ինչ պիտի անենք մենք: Կարծում եմ, որ ամեն սադրանքին պիտի տասնապատիկ պատասխան լինի, միակ զսպող գործոնը դա է՝ ուժի ցուցադրումը: ԵՄ ոչ մի դիտորդ, ոչ մի այլ երկրի ստորաբաժանում, խաղաղապահ, ոչ մեկը չի կարողանալու Ադրբեջանին զսպել, եթե դա չի անում կամ չանի մեր զինված ուժերը: Միայն մեր զինված ուժերը կարող է զսպել Ադրբեջանին, ինչպես տասնյակ տարիներ կարողացել է, գուցե հիմա այլ վիճակում է բանակը, բայց միևնույն է, միայն մենք կարող ենք զսպել Ադրբեջանի ախորժակը:

Տեսանյութեր

Լրահոս