«Սփյուռքում ապշած ենք․․․ ԱՄՆ Պետդեպը հստակ նշել է՝ Հայաստանը պետք է գերիների ազատ արձակման պահանջ ներկայացնի»․ Կարէն Ճինպաշեան

«Նույնիսկ, եթե ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարված է, չպետք է ասել, որ Արցախի և արցախահայության խնդիրը համաշխարհային ուշադրությունից դուրս պետք է մնա։ Ընդհակառակը, այսօր շատ ավելի կարևոր է, քան երբևէ, որ համաշխարհային կազմակերպություններն իրենց աչքը պահեն Արցախի խնդրի, արցախահայության վերադարձի իրավունքի վրա, քանի որ ուրիշ ձևով հնարավոր չէ արդարություն գոյացնել։ Այս խորհրդաժողովի ժամանակ դա ենք բարձրաձայնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի Արևմտյան ափի գրասենյակի համայնքային կապերի պատասխանատու Կարէն Ճինպաշեանը, ով այս օրերին մասնակցում է Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ մարդու իրավունքների խորհրդաժողովին։

Խորհրդաժողովի ժամանակ նա բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ ռազմագերիներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կեղծ դատավարությունների հարցը և շեշտում է՝ այլևս բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներ են տեղի ունենում․

«Տարբեր պատվիրակությունների հետ քննարկումներ են ունեցել այս թեմաներով»։

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի աշխատանքի արդյունքում 87 կոնգրեսականների կոչին Պետդեպից նամակի տեսքով արձագանքում շեշտվում է՝ արցախահայերի վերադարձի իրավունքի իրացման, գերիների վերադարձի առումով Պետդեպը կարևոր հանձնառություններ է ստանձնել։

Կարդացեք նաև

Ըստ Կարէն Ճինպաշեանի՝ նախ կոնգրեսականների ստորագրությունների թիվն աննախադեպ էր․ «Այսքան շատ ստորագրյալներ ունենալ հանուն Արցախի՝ ԱՄՆ համար առաջին անգամն էր։ Նախ՝ պետք է այդ առումով դիտարկել։ Երկրորդ՝ նամակն ուղղված էր՝ Պետքարտուղարությանը՝ Մարկո Ռուբիոյին։ Պատասխանը եղավ, որում հստակ նշված է, որ ՀՀ-ն պետք է ավելի բարձրաձայն պահանջներ ներկայացնի իր 23 ռազմագերիների ազատ արձակման համար։

Անշուշտ, ԱՄՆ-ի կողմից կարող են լինել գործնական քայլեր, և մենք ամեն ջանք պետք է թափենք, որ այս գրությունը գործնականի վերածվի։ Պետք եղած պարագային պետք է կարողանանք ուժ ցուցադրել ԱՄՆ կառավարությանը և՛ իբրև Հայ Դատի հանձնախումբ, և՛ Հայաստանի Հանրապետություն, ասելով, որ մենք պատրաստ ենք այս գործընթացին, նեցուկ կանգնենք, որպեսզի այն ամբողջացվի»։

Անդադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ արշավին և ԱՄՆ հայ համայնքում դրա հանդեպ վերաբերմունքին, նա նշեց, որ Սփյուռքում մեծ սրտնեղությամբ են հետևում այդ արշավին․

«Եկեղեցին, որ մեր ազգության ամենակարևոր, ամենասուրբ կառույցներից մեկն է, այսօր փորձում են իջեցնել, փորձում են պղծել այդ սրբության պատկերը։ Հավատացեք, որ Սփյուռքում յուրաքանչյուրը, որ հետևում է լրահոսին կամ գոնե մի փոքր ներառված է քաղաքական կյանքում, բոլորը ապշած վիճակում են, և կարելի չէ բացատրել, թե ո՞րն է այս ամենը վերջը, բայց գիտենք, որ կատարվողը ճիշտ չէ և պետք է ամեն գնով դրան վերջ տրվի․․․

Դժբախտաբար, այսօր ՀՀ իշխանությունները տանում են ապազգային և ավելի պրոթուրքական, պրոադրբեջանական քաղաքականություն, քան պրոհայկական աշխատանք։ Դժբախտաբար, այդ է իրականությունը։ Սփյուռքի համար էլ է խորթ, հասկանալի չէ, թե ինչպես կարող է երկրի վարչապետը քո հիմնական թշնամու լոզունգներն այդքան բացահայտորեն օգտագործել»։

Ըստ նրա՝ վաշինգտոնյան գործընթացները բացարձակապես խաղաղության մասին չեն, այլ պարզապես Փաշինյանի համար առիթ են ժողովրդին հերթական անգամ որևէ բան ցույց տալու․

«Նախ՝ հռչակագրում և նախաստորագրված պայմանագրում ահռելի մեծ բացթողումներ կան։ Այնպես են գրված, որ ապագայում ավելի շատ խնդիրներ առաջացնեն։ ՀՀ շահերի մասին կետեր ընդհանրապես չկան։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Դա ստորագրելով՝ շատ ավելի հեռացանք խաղաղությունից, քան դրանից առաջ։ Դրա համար այսօր ԵԱՀԿ-ի նման վեհաժողովներում ենք ներկայանում, որպեսզի ունենանք միջազգային հսկողություն»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս