2023 թվականի ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ և տեսանյութեր էր տարածում, որտեղ գեներալները, կորպուսի հրամանատարները ատեստավորման գործընթացի շրջանակում հրապարակային քննություններ էին հանձնում ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից, մասնագիտական գիտելիքների ու պարտականությունների իմացությունից, որպեսզի հետո ապահովեն աշխատավարձի բարձրացում՝ կախված արդյունքից, կամ՝ չապահովեն:
Հայաստանն էլ մի ժամանակ ձիգ էր, ուժեղ, տարածաշրջանում ամենամարտունակ բանակի համբավ ունեցող, որը թշնամուն լավ կամ վատ կարողանում էր խաղաղություն պարտադրել և պահել հայկական երկու պետություն, իսկ հիմա…
Որպեսզի Հայաստանը համահունչ շարժվի ստեղծված ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրողություններին, պետք է կարողանա ճկուն և արդյունավետ քաղաքականություն իրականացնել: Կարողանո՞ւմ է արդյոք իրականացնել, կարծում եմ, դրա պատասխանն արտահայտվում է Արցախի վերջնական կորստով, ՀՀ սուվեներեն տարածքում ադրբեջանական կողմի գտնվելով:
Այն, ինչ տեղի է ունենում մեր բանակի հետ վերջին 5 տարիներին, ինքնին մեծ հարված է զինված ուժերին ու նրա սպայակազմին: Եթե բանակը բարոյահոգեբանական առումով խնդիր ունի, ապա դա ավտոմատ ազդում է բանակի մարտունակության վրա: Չի կարող երկիրը ղեկավարող անձն իր քաղաքական ու քարոզչական մեքենայով հարվածներ կենտրոնացնել բանակի, սպայակազմի և զինված ուժերում եղած ավանդույթների նկատմամբ, և դա զինված ուժերը ճգնաժամի չմղի:
Արդեն 44-օրյա պատերազմի օրերին ունեցանք կենդանության օրոք Ազգային հերոսի կոչման նոր կրողներ՝ Տիրան Խաչատրյան, Անդրանիկ Փիլոյան, Գարեգին Պողոսյան: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե քիչ չեն դեպքերը, երբ աշխատավարձ են տվել զինվորական գործից չհասկացողի, և այսօր պիտի վստահ լինեն՝ ում են վստահում երկրի անվտանգությունը, շարունակությունն է ավելի վաղ ասված մտքի, թե «մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին»: