Հայոց ցեղասպանության հարցը տասնյակ տարիներ դարձել է շահարկման առարկա մեծ պետությունների կողմից և հիմա էլ է այդպես․ պատմաբան

«Հայոց ցեղասպանությունը երևի թե աշխարհում ամենաշատ փաստ ունեցող ցեղասպանություններից մեկն է, և առկա են ոչ միայն հայկական կողմի, այլև այդ ժամանակ մեծ պետությունների դիվանագիտական փաստերը, ինչպես նաև ռազմական գործիչների հուշերը։ Խնդիրը հայկական կողմի հետ էլ կապված չէ, որովհետև ցավով պետք է ասեմ, հայկական կողմը երբեք մեծ գործոն չի եղել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, թե, ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ ամբողջ աշխարհը չի դատապարտում Թուրքիայի կողմից իրականացված այս հայաջինջ քաղաքականությունը, ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը։

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսել են մեծ պետությունները՝ Թուրքիայի հետ իրենց առևտրական նպատակներով, իրենց շահերի տեսանկյունից, և այս խնդիրը չի լուծվում նաև այն պատճառով, որ գտնվում է մեծ պետությունների հետաքրքրությունների շրջանակում․այն ևս մեկ լծակ է՝ Թուրքիայի վրա ազդելու համար։ Կոպիտ ասած՝ Հայոց ցեղասպանության հարցը տասնյակ տարիներ դարձել է շահարկման առարկա մեծ պետությունների կողմից, և հիմա էլ է այդպես։ Կարծում եմ, որ այս գործընթացն ունի հետևյալ լուծումը․Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն դա իր դեմ չօգտագործվի։ Ճանաչումը դիտվի ավելի շատ բարոյական հարթության մեջ, քան տարածքների վերադարձի»,- հավելեց պատմաբանը։

Գևորգ Մելքոնյանը նկատեց՝ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Արցախի հարցում հայկական կողմին շարունակում են օգտագործել։

«Արցախի դեպքում էլ չթողեցին, որպեսզի խնդիրը լուծվի, քանի որ այն ոչ մեկին ձեռնտու չէ»,- ընդգծեց պատմաբանը։

Անդրադառնալով արցախյան երկրորդ պատերազմից հետո թուրք-ադրբեջանական հայտարարություններին՝ կապված Սյունիքի հետ, և հարցին՝ նախկինում ի՞նչ սխալներ ենք արել և հիմա ինչպե՞ս խուսափենք դրանից, Գևորգ Մելքոնյանը պատասխանեց․

«Պատմությունը ցույց է տալիս, որ մեր մաքսիմալիզմը միշտ մեզ կործանել է՝ սկսած 1890-ական թվականներից, երբ Հայկական հարցն առաջ քաշեցինք՝ կորցրեցինք Արևմտյան Հայաստանը, երբ ասում էին՝ Արցախի տարածքների մի մասը զիջեք՝ գնանք ստատուս-քվոյի փոփոխության, ասում էինք, չէ՞, ու դա բերեց Արցախի մեծ մասի կորստին։ Հիմա էլ խոսում են, այսպես կոչված, Մեղրիի միջանցքի մասին։ Պետք է դուրս գանք անիմաստ ամբիցիաներից, որովհետև մենք այդ ռեսուրսները չունենք։

Ամբիցիաներն ու ռեսուրսներն իրար հետ չեն համընկնում։ Կարծում եմ՝ Մեղրիի միջանցքը, եթե հայկական կողմն է վերահսկելու, ոչ թե երրորդ կողմը, որին ես դեմ եմ՝ լինի ամերիկացի, ռուս թե եվրոպացի, որևէ վտանգ չի լինի, սակայն, եթե հայկական կողմը չի վերահսկելու, կարծում եմ, որ իսկապես լուրջ պրոբլեմ է դառնալու։ Եթե այլ ազգ վերահսկի ճանապարհը՝ կնշանակի, որ դու քո հողի տերը չես, եթե հայկական կողմը վերահսկի, դա կտա հնարավորություն՝ ինչ-որ տեղ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։ Այս պահին Հայաստանին կոնֆլիկտը ոչ մի կերպ ձեռնտու չէ»։

Տեսանյութեր

Լրահոս