Միջազգային փորձը` դպրոցահասակների շրջանում դիմակների արդյունավետության վերաբերյալ. ԱՆ

Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, երբ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում, բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը։

Կորոնավիրուսային հիվանդության տարածմանը զուգահեռ շրջանառվում էր վարկած, թե երեխաները, ի տարբերություն չափահասների, հիվանդության փոխանցող չեն հանդիսանում, սակայն իրականացված նոր ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում այդ վարկածը, համաձայն որոնց նույնիսկ մինչև 5 տարեկան երեխաների մոտ վարակման առաջին օրերին վիրուսի ծանրաբեռնվածությունը քթում բավականին բարձր է, և նրանք կարող են տարածել վարակն այնպես, ինչպես մեծահասակները:

Ի թիվս կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով իրականացվող մի շարք հակահամաճարակային միջոցառումների, այսօր  հարկ է անդրադառնալ նաև դպրոցներում երեխաների դիմակներ կրելու հարցին։ Ուսումնասիրելով միջազգային փորձը և հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ Հայաստանում ևս որոշում է կայացվել դպրոցներում կրել դիմակ՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։

Ի դեպ, Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ դիմակները պարտադիր են դպրոցականների համար։ Օրինակ, միջազգային մամուլի հրապարակումների համաձայն՝ Գերմանիայում դպրոցների վերաբացումից ընդամենը 2 շաբաթ անց դպրոցականների և ուսուցիչների շրջանում կտրուկ աճել է հիվանդացության ցուցանիշը: Չնայած նրան, որ Բեռլինի դպրոցներում դիմակ կրելը պարտադիր է եղել, բայց բուն դասապրոցեսի ժամանակ երեխաները դիմակներով չեն եղել, և մասնագետները հիվանդացության աճը կապում են հենց այդ հանգամանքի հետ։

Ֆրանսիայում բացվելուց հետո դպրոցներ են փակվել երկրում կորոնավիրուսի նոր բռնկումների պատճառով, քանի որ գրանցվել է եվրոպական երկրների շարքում վարակի օրական ամենաբարձր ցուցանիշը: Իսկ Հունաստանում կարգելվի այն աշակերտների մուտքը դպրոց, ովքեր կհրաժարվեն կրել դիմակ. այդ մասին հայտարարել է Հունաստանի կրթության նախարարը։

Ճապոնիայի դպրոցներում դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահպանումը նույնպես պարտադիր է բոլորի համար, երեխաները շուտ են վերջացնում դասերը, և հաճախումները 1 օր ընդմիջումով են։ Յուրաքանչյուր առավոտ ծնողները դասղեկներին տեղեկություն են տալիս երեխաների ջերմաչափման արդյունքների վերաբերյալ։

Անդրադառնալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին, հարկ է նշել, որ, առաջնորդվելով «մի՛ վնասիր» հայտնի հիմնական սկզբունքով, վերջինիս կողմից դիմակների կրումը խորհուրդ է տրվում 5 տարեկանից բարձր երեխաների շրջանում, քանի որ հենց 5 տարեկանից սկսած է երեխաների մոտ զարգացման այն փուլը, երբ նրանք կարողանում են կառավարել ձեռքի շարժումները և ինքնուրույն հանել-հագնել դիմակը (իհարկե, հաշվի առնելով որոշ երեխաների զարգացման առանձնահատկությունները)։ Ընդ որում, նշվում է, որ 6-11 տարեկան երեխաների պարագայում անհրաժեշտ է ռիսկի վրա հիմնված մոտեցում՝ ելնելով երկրում առկա համաճարակային իրավիճակից, իսկ մեր հանրապետությունը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում։ Ինչ վերաբերում է 12 տարեկանից բարձր երեխաներին, ապա վերջիններս պետք է կրեն դիմակ՝ այնպես, ինչպես մեծահասակները։

Ծնողների շրջանում կա անհանգստություն նաև առ այն, թե դիմակները կարող են առաջացնել շնչառության դժվարություն կամ թուլացնել իմունային համակարգը։ Համաձայն Ամերիկյան մանկաբույժների ակադեմիայի կողմից հրապարակված տեղեկատվության՝ դիմակների կրման համադրումը սոցիալական հեռավորության և ձեռքերի հիգիենայի հետ, արդյունավետ միջոց է կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու համար, և հաշվի առնելով դիմակների բաղադրությունը, չեն կարող արգելափակել անհրաժեշտ թթվածնի մուտքը և ազդել երեխաների կենտրոնանալու և սովորելու ունակության վրա։ Ինչ վերաբերում է իմունային համակարգի վրա դիմակների բացասական ազդեցությանը, ապա տվյալ անհանգստությունը ևս տեղին չէ, քանի որ այն չի թուլացնում իմունային համակարգը և չի մեծացնում վարակվելու հավանականության ռիսկը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս