Անհրաժեշտ է երաշխավորել, որ մշակութային և կրոնական հուշարձանները պաշտպանված լինեն աղավաղումից և ոչ նպատակային օգտագործումից. Ռոբերտ Աբիսողոմոնյան
Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հոկտեմբերի 31-ին Սամարղանդում մասնակցել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքականության քննարկմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Մոտենալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 80-ամյակին՝ մենք արժևորում ենք ոչ միայն դրա հարատև ժառանգությունը, այլև շարունակական արդիականությունն աննախադեպ մարտահրավերների բախվող աշխարհում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ավելի քան երբևէ կենսական է: Ուստի, մենք պետք է ամրապնդենք խաղաղության հիմքերը՝ երկխոսության, փոխադարձ հարգանքի, կրթության և մշակութային բազմազանության պահպանման միջոցով:
Հայաստանը համոզված է, որ կրթությունն արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցմանն ուղղված մեր աշխատանքի անկյունաքարն է: Մենք անվերապահորեն սատարում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին՝ միտված խաղաղության կրթության, համաշխարհային քաղաքացիության և մարդու իրավունքների առաջխաղացմանը: Հայաստանը՝ որպես արհեստական բանականության կրթությունն ազգային կրթական համակարգում ակտիվորեն ինտեգրող սակավաթիվ երկրներից մեկը, պատրաստ է այդ կարևոր նախաձեռնության շրջանակներում կիսել իր փորձով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և անդամ երկրների հետ:
Միևնույն ժամանակ, նորարարությունը պետք է զուգակցվի արժեքների հետ. կրթությունը պետք է խթանի ոչ միայն ապագայի համար անհրաժեշտ հմտությունները, այլ նաև պատասխանատվությունը, կարեկցանքը և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը: Այս իմաստով այն հզոր գործիք է՝ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման, ինչպես նաև ատելության խոսքի և ինքնության վրա հիմնված խտրականության դեմ պայքարի համար:
Հայաստանն առանձնակի կարևորում է որակյալ, մատչելի և ներառական կրթության ապահովումը, հատկապես՝ ամենախոցելի խմբերի, այդ թվում՝ փախստականների համար։
Հայերի համար մշակույթը միշտ եղել է ինքնությունը սահմանող և դիմադրողականությունը ձևավորող ուժի աղբյուր: Մեր պատմության ընթացքում մենք և՛ մեր ավանդն ենք ունեցել համաշխարհային մշակույթներում, և՛ սովորել ենք դրանցից:
Հայկական մշակութային ժառանգությունը կարելի է տեսնել ոչ միայն Հայաստանում և հարևան երկրներում, այլև աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Հայկական մշակութային ներկայությունը տեսանելի է եկեղեցիներում, սրբավայրերում և այլ հուշարձաններում՝ Սինգապուրից, Դակկայից և Կալկաթայից մինչև Սպահան, Երուսաղեմ, Վենետիկ, Փարիզ և, իհարկե, Սամարղանդ՝ արտացոլելով Հայաստանի միջմշակութային երկխոսության երկարատև ավանդույթները:
Հայաստանը վերահաստատում է իր աներկբա աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ամբողջ աշխարհում, այդ թվում՝ զինված հակամարտություններից և բնական աղետներից տուժած տարածաշրջաններում մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված գործողություններին։
Մենք հպարտ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացրեք Մոսուլի ոգին» նախաձեռնության միջոցով Իրաքի վավերագրական ժառանգության վերականգնման գործում ունեցած մեր ավանդի համար և պատրաստ ենք մեր փորձով կիսվել այլուր։ Հայաստանը նաև իր ներդրումն է ունեցել «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության շրջանակներում՝ Լիբանանում իրականացվող նախագծերին աջակցելու նպատակով։ Մենք համագործակցում ենք Պաղեստինի Պետության հետ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պաղեստինյան վտանգված մշակութային ժառանգության համար ժամանակավոր ապաստան տրամադրելու նպատակով։
Անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Երևանում համատեղ կազմակերպեցին միջազգային ժողով՝ նվիրված նոր և զարգացող տեխնոլոգիաների միջոցով մշակութային ժառանգության պաշտպանությանը և վերականգնմանը: Այս համագործակցության հիման վրա այս տարվա նոյեմբերին մենք կկազմակերպենք «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ․ կոնվենցիայի 20-ամյակին նվիրված միջազգային համաժողով:
Մշակույթից զատ, Հայաստանը նաև ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զարգացման օրակարգում: Փոքր կղզի զարգացող պետությունների կարիքների հասցեագրումը շարունակում է մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի առաջնահերթություններից մեկը: Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքր կղզի զարգացող պետությունների բարեկամների խմբի համահիմնադիր և համանախագահ, Հայաստանի նախաձեռնությամբ Գործադիր խորհուրդն ընդունել է որոշում՝ հռչակելու ապրիլի 25-ը Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր:
Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնայնություն հանդիսացող Աֆրիկային: Հայաստանի դիվանագիտական դպրոցը կազմակերպում է մասնագիտացված դասընթացներ աֆրիկյան պետությունների դիվանագետների համար: Հայաստանը նաև նախատեսում է 30 կրթաթոշակ հատկացնել աֆրիկյան երկրների ուսանողների համար: Այս նախաձեռնություններն արտացոլում են Հայաստանի հավատը գլոբալ համերաշխության և կարողությունների զարգացման նկատմամբ՝ որպես ավելի արդար և ավելի ներառական բազմակողմանի համակարգի հասնելու ուղիներ:
Հաջորդ տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը կենսաբազմազանության պահպանման գործում՝ իր կրթական և հետազոտական ծրագրերի, բնական Համաշխարհային ժառանգության վայրերի ցանցերի, կենսոլորտային պահպանավայրերի և գլոբալ գեոպարկերի միջոցով, մենք ուրախ կլինենք COP17-ին նախապատրաստական գործընթացում համագործակցել Կազմակերպության հետ:
Այս տարին նշանակալից էր մեր տարածաշրջանի համար: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Այս համաձայնությունները նշանավորեցին մեր երկրների միջև խաղաղության հաստատումը։ Այս երկար սպասված զարգացումը նոր էջ է բացել Հարավային Կովկասի համար՝ ստեղծելով ավելի կայուն և համագործակցային տարածաշրջանային միջավայր։ Վստահ ենք, որ խաղաղության այս նոր միջավայրը հնարավորություններ կստեղծի ավելի լայն տարածաշրջանային ներգրավվածության համար, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության հարցում։ Անհրաժեշտ է երաշխավորել, որպեսզի մշակութային և կրոնական հուշարձանները պահպանվեն իրենց պատմական իսկությամբ և պաշտպանված լինեն աղավաղումից և ոչ նպատակային օգտագործումից։
Առաջ նայելով՝ Հայաստանը վերահաստատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բոլոր անդամ պետությունների հետ սերտ համագործակցելու իր հանձնառությունը: Համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք պահպանել այս Կազմակերպության հիմնադիր սկզբունքները և երաշխավորել, որ ապագա սերունդները ժառանգեն ավելի արդար, ներառական և խաղաղ աշխարհ»:

