Հայաստանն ու Հնդկաստանը կարևորում են փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության ակտիվացումը
Հայաստանի արտաքին գործերի նախարարի գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է «Հնդկաստան հիմնադրամ»-ի նախագահ Ռամ Մադհավին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա երկկողմ օրակարգին, մտքեր փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:
Երկուստեք կարևորվել է երկու երկրների փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության առավել ակտիվացումը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման միջոցով: Ռամ Մադհավը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և համընդհանուր մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով տարածաշրջանային և միջտարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու համակողմանի համագործակցության զարգացման շուրջ Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը:

