Ռոտավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն նոյեմբերի 1-ից

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե ռոտավիրուսի դեմ հայ երեխաները կպատվաստվեն նոյեմբերի 1-ից: Նրա խոսքով` տարածված տեղեկությունը, թե պատվաստումներն իրականացվելու էին հոկտեմբերի 1-ից, պաշտոնական չէին, այսինքն, ըստ նրա` կառավարության հրահանգով չէր որոշվել  պատվաստումները սկսել հոկտեմբերի 1-ից. «Դա ուղղակի ենթադրյալ ժամանակ էր, սակայն  որոշեցինք ավելի լավ նախապատրաստվել, բոլոր փաստաթղթերը վերջացնել և դրանից հետո նոր միայն հրապարակել»:

ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը նշեց, որ ծրագիրը դեռևս նախապատրաստական փուլում է: «Կառավարությունը միայն հոկտեմբերի 10-ին հաստատեց փոփոխված պատվաստումների օրացույցը: Այս պահին Առողջապահության նախարարությունը վերջնական հրահանգներով հրամանն է պատրաստում, և արդեն հստակ նոյեմբերի 1-ից առաջին երեխաները կսկսեն իրենց պատվաստումները: Արդեն ավարտվել են բոլոր դասընթացները, խորհրդակցությունները, այս պահին բժշկական կրթական հաստատություններում անցկացվում են խորհրդակցություններ՝ ծանոթացնելու, իրազեկելու: Բնակչության իրազեկումը կշարունակվի անընդհատ, սառնարանային շղթայի վերազինումը և վերանորոգումը կշարունակվի»,- նշեց Գայանե Սահակյանը:

ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարի հաղորդմամբ՝ պատվաստանյութն արդեն բերվել է Հայաստան: Այն ներկրվել է Բելգիայից. «Այն տրվելու է երկու դեղաչափ սկզբունքով: Առաջին դեղաչափը տրվելու է վեց շաբաթական երեխաներին, վերջնական դեղաչափը՝ տասներկու շաբաթական երեխաներին: Ամբողջ խնդիրը նրանում է, որ երեխան մինչև վեց ամսականը պետք է պաշտպանված լինի ռոտավիրուսային վարակից, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վեց ամսականից հետո արդեն երեխայի օրգանիզմում պաշտպանիչ հակամարմինների քանակությունը բավականին ընկնում է, և նրանք խոցելի են դառնում հենց այդ ինֆեկցիայի նկատմամբ: Պատվաստանյութը ներմուծվում է բերանային ճանապարհով. ունի կա՛մ բանանի, կա՛մ տարբեր մրգերի համ»:

Գայանե Սահակյանի հաղորդմամբ՝ ռոտավիուսային վարակի դեմ պատվաստանյութը և առհասարակ բոլոր պատվաստանյութերը Հայաստան ներկրվելիս անցնում են որոշակի ստուգումներ. «Պատվաստանյութը պահվում է հենց օդանավակայանում գտնվող ԿԱՐԳՈ-ում՝ մեծ սառնարանային տնտեսությունում, որտեղ էլեկտրոնային հսկողություն է իրականացվում: Պատվաստանյութը պահպանվում է այնտեղ, մինչև դեղերի փորձագիտական և հիվանդությունների վերահսկման, կանխարգելման կենտրոններից մասնագետները գնում են այնտեղ, նայում բոլոր նմուշները, թե ինչ պայմաններում է եկել, արդյո՞ք պահպանվել է ջերմային ամբողջ շղթան: Դրանից հետո միայն պատվաստանյութը ներկրվում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն և տեղավորվում ազգային պահեստում»:

Կարդացեք նաև

Ըստ Գ. Սահակյանի՝ այս ամենը վկայում է այն մասին, որ պատվաստանյութը բացարձակ անվտանգ է:

Նրա տեղեկացմամբ՝ ռոտավիրուսը գերակա խնդիր է Հայաստանում, քանի որ փորլուծային հիվանդություններով մինչև հինգ տարեկան երեխաների հոսպիտալացումների  միջին ցուցանիշը 40% է:

Սա նշանակում է, որ հոսպիտալացումների մոտ 40%-ը վերագրվում է ռոտավիրուսային ինֆեկցիային. «Սեզոնային բարձրացումների ժամանակ՝  սկսած դեկտեմբերից (վիրուսն ավելի բարենպաստ կենսագործունեություն է վարում հիմնականում ցուրտ եղանակներին), վիրուսը սկսում է աշխուժանալ, իսկ գագաթնակետին է հասնում գարնան՝ մարտ, ապրիլ ամիսներին: Այս ժամանակաշրջանում հոսպիտալացումների 60%-70%-ը պայմանավորված է լինում ռոտավիրուսային վարակով: Ունենք բավական մեծ ամբուլատոր դիմելիություն»:

Գայանե Սահակյանի խոսքով՝ սովորաբար ռոտաավիրուսային վարակից առաջացած մահվան դեպքերը վերագրվում են նրա բարդություններին: Դա է պատճառը, որ շատերը ժխտում են այն փաստը, որ ռոտավիրուսային վարակից կարող են մահվան դեպքեր արձանագրվել: «Իրականում դրանցից լինում են մահվան դեպքեր հիմնականում հիվանդության տասներորդ օրվանից սկսած, երբ արդեն զարգանում են բարդությունները»,- ասաց Գայանե Սահակյանը:

Վերջինս վստահ է, որ ռոտավիրուսի դեմ պատվաստումները կնպաստեն ռոտավիրուսով հիվանդությունների թվի նվազմանը. «Բոլոր այն երկրներում, որտեղ ներդրվել է պատվաստումը, արդյունքը նկատելի է դառնում հենց առաջին տարվանից: Մի քանի տարի անց շատ մեծ արդյունքի են հասել այն երկրները, որտեղ կատարվում է այս պատվաստումը: Ե՛վ հոսպիտալացումներն են նվազում, և՛ կանխվում են բոլոր մահերը ռոտավիրուսային վարակից, և՛ ամբուլատոր այցելություններն են բավական նվազում: Ամերիկյան մայրցամաքի գրեթե բոլոր երկրներում, եվրոպական մի շարք երկրներում կատարվում է այս պատվաստումը»:

Գ. Սահակյանը հավելեց, որ սա չի նշանակում, որ փորլուծային հիվանդություն ընդհանրապես չի արձանագրվի, քանի որ վերջիններիս առաջացման պատճառը միայն ռոտավիրուսը չէ: Բայց ռոտավիրուսային վարակով պայմանավորված տեսակարար կշիռը կնվազի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս